Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում «Արի տուն» ծրագիրն են իրականացրել. ոչ իշխանականները վերադարձել են դահլիճ

Հունիս 19,2014 14:38

ԱԺ-ում քննարկվում է կառավարության ներկայացրած «Տրանսֆերային գնագոյացման մասին» օրենքի նախագիծը: Ինչպես մեկնաբանեց ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը՝ այս օրենքը հնարավորություն է տալիս հարկումից խուսափելը կանխել բոլոր այն դեպքերում, երբ խոսում ենք գնագոյացման մասին:

Հակոբ Հակոբյանը հետաքրքրվեց՝ սա նոր հարկատեսա՞կ է, ինչպե՞ս է այն գանձվում: Պարոն Միրումյանը պատասխանեց, որ նոր հարկատեսակ չէ, առկա հարկատեսակների հաշվառման եւ վճարման նոր ձեւ է: Օրինակ, երբ տնտեսվարող սուբյեկտները փոխհամաձայնեցման եղանակով ակնհայտորեն իջեցրել են իրենց ապրանքների գները կամ բարձրացրել են ծախսերը, այս օրենքը թույլ է տալիս բացահայտել գործարքը: Ըստ օրենքի, պիտի վերահսկվեն այն գործարքները, որոնք կիրականացվեն ինչպես օրինավոր հարկատուների, այնպես էլ օֆշորային գոտիներում գրանցված անձանց միջեւ:
Սա այն օրենքն է, որն ընդունելու համար կառավարությունը մերժել էր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» օրենքի նախագիծը: Կառավարությունը պատճառաբանել էր, որ այդ խնդիրները իրենք լուծելու են «Տրանսֆերային գնագոյացման մասին» օրենքով:

Մի նախագծով էլ կառավարությունն առաջակում է փոփոխություններ կատարել «Հարկերի մասին» օրենքում: Եթե այսօր մարդը չի կատարում հարկային պարտավորությունը, արգելանք էր դրվում ողջ ունեցվածք վրա, այս փոփոխությամբ կառավարությունն առաջարկում է, որ արգելանքը տարածվի միայն հարկային պարտավորության չափով, ոչ թե ամբողջ ունեցվածքի վրա, բանկային հաշիվների, գույքի վրա:

ԱԺ-ում քննարկվեց նաեւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը նշեց՝ քաղծառայողների ատեստավորման կարգը փոխել, առաջարկվում է նաեւ ստաժի չափանիշները մեղմացնել:
ՀՀԿ պատգամավոր Վահրամ Մկրտչյանը ողջունեց, որ ստաժի հետ կապված մեղմացում են մտցնում: Նա ասաց, որ միջազգային պրակտիկայում կամավորական աշխատանքի փորձ կա, երբ շրջանավարտները կամավորության սկզբունքով այդ ոլորտում աշխատանք են իրականացնում, հետագայում դա հաշվի է առնվում մրցույթների ժամանակ:
Մանվել Բադալյանը նշեց, որ առաջիկայում Հայաստանն էլ է մոտենում միջազգային այդ մեթոդներին:

Խոսրով Հարությունյանն էլ առաջարկեց՝ քաղծառայողի գործունեության գնահատման սկզբունքները պետք է արձանագրվեն օրենքով, իսկ կարգը թող իրականացնի Քաղծառայության խորհուրդը. «Եթե օրենքով գնահատման սկզբունքը չամրագրենք, ունքի տեղը աչքն էլ կհանենք, որովհետեւ սուբյեկտիվ գնահատման տեղ կթողնենք»:
Նա դժգոհեց, որ քաղծառայության սեկտորը մրցունակ չէ մասնավորի հետ. «Մենք բոլորս էլ գիտենք, որ լավագույն կադրերը քաղաքացիական ծառայության սեկտորում չեն, մասնավորի մոտ են: Պետք է գրավիչ դարձնել»:

Նշենք, որ այս բոլոր օրենքների քննարկման ժամանակ ոչ իշխանական ուժերը չմասնակցեցին: Միայն Արծվիկ Մինասյանը Տրանսֆերային գնագոյացման մասին օրենքի հետ կապված իր տեսակետը հայտնեց:

Էդուարդ Շարմազանովը կատակեց, որ ոչ իշխանականների բոյկոտի  քայլից հետո «Արի տուն» ծրագիրն են իրականացրել ԱԺ-ում: Այս պահին ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները վերադարձել են նիստերի դահլիճ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30