Երևանի Յուրի Բախշյանի անվան մանկական այգու վերանորոգման ծրագրային աշխատանքներին զուգահեռ, ականավոր քաղաքական գործիչ Յուրի Բախշյանի այրու՝ Անահիտ Բախշյանի նախաձեռնությամբ այգու միջավայրի գեղարվեստական ձևավորումը՝ այգու տարածքում պատերի նկարազարդումը, երեխաներն են կատարում։
«Տասնամյա այս այգու հիմնանորոգումը կատարվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 2014 թվականի ծրագրերով, ներառված է քաղաքապետարանի բյուջեում։ Առաջարկեցի առաջացած պատերը նկարազարդելու համար դիմել երեխաներին, և նկարազարդման աշխատանքները դարձան այգու հարևանությամբ գործող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Բանգլադեշյան» կոչվող պլեների կենտրոնական նախագիծը, որին մասնակցում են կրթահամալիրի սաներն ու հյուրերը՝ Շուշիի գեղարվեստի քոլեջի սաները, Թբիլիսիի համար 24 դպրոցի աշակերտները։ Այստեղ համերաշխ թիմ է ձևավորվել, որտեղ ես շատ մեծ խորհուրդ եմ տեսնում՝ բարեկամության, խաղաղության»,- նշել է Յուրի Բախշյանի այրին՝ Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը։
Այգու պատերի նկարազարդումը կրթահամալիրի նախաձեռնությամբ վերածվել էր տոնական միջոցառման, որի ամենակրտսեր մասնակիցների համար այն անցկացվում էր կավճանկարչությամբ։
Յուրի Բախշյանի անվան մանկական այգին նաև կահավորվել է մանկական խաղային-մարզական գույքով, նստարաններով, աղբամաններով, նորացվել է այգու գիշերային լուսավորության ցանցը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն