Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով Ավստրալիան Ռուսաստանի 50 քաղաքացիների և 11 կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այսօր ֆինանսական և ճամփորդության սահմանափակումների պատժամիջոցներ են սահմանվել 50 հոգու և 11 կազմակերպության դեմ, որոնք կապված են Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը հասցրած սպառնալիքների հետ», – ասված է Ավստրալիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Հունիսի 19-ին կիրառված պատժամիջոցները վերաբերում են ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևին, ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյին, Դումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինին, փոխվարչապետներ Դմիտրի Ռոգոզինին և Դմիտրի Կոզակին, գործարարներ Յուրի Կովալչուկին, Գենադի Տիմչենկոյին և այլոց:
Պատժամիջոցներ են կիրառվել նաև «Ռոսիա» բանկի, «ԻնվեստԿապիտալ» բանկի, «Ստրոյգազմոնտաժ»-ի, «Ավիա Գրուպ Նորդ»-ի, «Ստրոյտրանսգազ»-ի, «Վոլգագրուպ»-ի և այլ ընկերությունների նկատմամբ:
Կարդացեք նաև
Ավստրալիայի իշխանությունները Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ծրագրերի մասին հայտնել էին մարտին, երբ Ղրիմը միակցվեց Ռուսաստանին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ