Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ «Բանանցի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը երկու տարվա պայմանագիր է կնքել Մակեդոնիայի 7-ակի չեմպիոն «Վարդարի» հետ:
«Բանանցը» շուտով առաջին անգամ մասնակցելու է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգային, սակայն ֆուտբոլիստը չի սպասել Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի մեկնարկին եւ անմիջապես նոր թիմ տեղափոխվելու համաձայնություն է տվել:
«Յուրաքանչյուր ֆուտբոլիստ մի ակումբում որոշ ժամանակ անցկացնելուց հետո ցանկանում է ուժերը ստուգել ավելի ամուր թիմում: «Վարդարը» տվյալ դեպքում միջազգային ասպարեզում իմ կարողությունները ցուցադրելու հնարավորություն է: Ակումբը Մակեդոնիայում հեղինակություն է վայելում եւ ես հասկանում եմ, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել`բարձր արդյունքների հասնելու համար: Ես Մակեդոնիա եկել եմ նոր հաղթանակների համար եւ խաղադաշտում ներդնելու եմ բոլոր ուժերս, որպեսզի ակումբի հետ միասին նոր բարձունքների հասնեմ», – ասել է Հովհաննես Համբարձումյանը UEFA.com-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ