ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամներ Մհեր Շահգելդյանն ու Հովհաննես Մարգարյանն այսօր Ազգային ժողովում հրավիրված ասուլիսում տեղեկացրին, որ իրենց նախաձեռնած հանդիպումները խորհրդարանական ուժերի հետ հաջողությամբ ավարտվեցին, սակայն նախատեսվում են քննարկումներ նաեւ արտախորհրդարանական ուժերի հետ:
«Քանի որ բոլոր քաղաքական ուժերն իրենց ծրագրերում, իրենց նախաձեռնություններում կարեւորում են 100% համամասնականի անցնելու հարցը, ապա կար համաձայնություն քաղաքական ուժերի հետ, մանավանդ, որ քառյակի 12 կետերում կար այդ կետը: Մեր մոտեցումն այն էր, որ մենք քննարկումներ անցկացրինք բոլոր քաղաքական ուժերի հետ՝ քաղաքական համաձայնության մթնոլորտում այդ կարեւոր օրենքն անցկացնելու համար: Աշխատանքային խումբ կձեւավորվի սեպտեմբերին՝ կարեւոր մոտեցումները մշակելու համար, որպեսզի ունենանք այդ կարեւոր բարեփոխումն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթուղթը»,-ասաց Մհեր Շահգելդյանը:
Հովհաննես Մարգարյանն անդրադարձավ էլէներգիայի սակագների հարցին, ասելով, որ իրենց չի բավարարել Ռոբերտ Նազարյանի բացատրությունը, թե բաշխիչ ցանցերը ճեղքվածք ունեն, դրա համար պետք է բարձրացնեն սակագինը: «Ներկայումս բաշխիչ ցանցերը 16 դրամով գնում են էլէներգիան, վաճառում են 38-ով, դա կրկնակիից ավելի է, եւ ունեն 14% շահույթ, թող շահույթը պակասեցնեն, դարձնեն 4%, եւ իրենց վարկային ճեղքվածքը իրենց շահույթի հաշվին փակեն»,-ասաց նա:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Կարդացեք նաև