ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին:
Զրուցակիցները քննարկեցին նախատեսվող վարչատարածքային բարեփոխումներին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ (ՄԶԳ) մարզերում իրականացվող ծրագրերին, ինչպես նաեւ թրաֆիքինգի դեմ պայքարին առնչվող հարցեր:
Փոխվարչապետը տեղեկություններ ներկայացրեց վարչատարածքային բարեփոխումների նախապատրաստման ընթացքի մասին: Նշվեց, որ մշակվում է օրենսդրական փաթեթ, մասնավորապես՝ փոփոխություններ են առաջարկվում «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում՝ տեղերում հանրաքվեների անցկացման մեխանիզմների ճշգրտման նպատակով: Նախատեսվում է, որ փաստաթուղթը կառավարություն կներկայացվի օգոստոսին:
Կառավարության առաջնահերթություններից է շարունակում լինել տարածքների համաչափ զարգացումը, եւ այս համատեքստում փոխվարչապետը դրական գնահատեց ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ համայնքներում իրականացվող զարգացման ծրագրերը, որոնք նպաստում են փոքր տնտեսությունների ստեղծմանը: «Կառավարությունը խրախուսում է մարզերում փոքր տնտեսությունների, ինչպես նաեւ ընտանեկան ձեռնարկատիրությունների զարգացմանը, եւ իրականացվող ծրագրերը համահունչ են այդ առաջնահերթությանը»,-նկատեց նա:
Կողմերը քննարկեցին նաեւ թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ կատարվող աշխատանքների, ինչպես նաեւ փոխվարչապետի կողմից ղեկավարվող ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդի գործունեությանը վերաբերող հարցեր: Ա. Գեւորգյանն ընդգծեց, որ կառավարությունը խնդրին մեծ ուշադրություն է դարձնում: «Առաջին անգամ կառավարության ծրագրում անդրադարձ կա նաեւ թրաֆիքինգի խնդրին: Մենք շարունակելու են թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքները, եւ շնորհակալ ենք մեր միջազգային գործընկերներին՝ այդ աշխատանքներում մեզ աջակցելու համար»,-նշեց փոխվարչապետը:
Նա տեղեկացրեց, որ մշակվել եւ արդեն Ազգային ժողով է ներկայացվել համապատասխան օրենսդրական փաթեթ, որը վերաբերում է թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնացմանը, նրանց աջակցության, պաշտպանության եւ սոցիալական վերաինտեգրմանը: Բացի այդ, կառավարության եւ խորհրդի ուշադրության կենտրոնում են լինելու աշխատանքային թրաֆիքինգին վերաբերող հարցերը:
Զրուցակիցներ երկուստեք դրական եւ արդյունավետ համարեցին այս ոլորտում ՀԿ-ների հետ սերտ համագործակցությունը եւ ընդգծեցին երեւույթի դեմ պայքարի ուղղությամբ հետեւողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին