Լրահոս
Օրվա լրահոսը

Ագրոբիզնեսի եւ շինանյութի արտադրության ոլորտներում ՓՄՁ-ների զարգացման նոր ծրագիր

Հունիս 19,2014 12:46

ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն այսօր լրագրողներին ներկայացրեց Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության «Աջակցություն ՓՄՁ մրցունակությանը արեւելյան գործընկեր երկրներում» ծրագիրը, որի արդյունքում ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների մրցունակությունը բարձրացնելու նպատակով ուսումնասիրություններ են կատարվում:

Պրն Մելքոնյանը տեղեկացրեց, որ Հայաստանում ոլորտային բարեփոխումների համար ձեւավորվել է երկու աշխատանքային խումբ: «Երկար քննարկումների արդյունքում ՏՀԶԿ-ի հետ միասին ընտրվել է երկու ուղղվածություն, որոնց զարգացման վրա ենք շեշտը դրել: Առաջինը՝ շինանյութերի արտադրությունն է, եւ երկրորդ ուղղությունը՝ագրոբիզնեսն է, որտեղ շեշտը դնելու ենք վերամշակված սննդի արտահանման կարողությունների ուժեղացման վրա:

Ագրոբիզնեսի ոլորտում հիմնական թիրախը փոքր եւ միջին բիզնեսն է: Մենք ընդհանուր ոլորտի մեջ վերցնում ենք այն ուղղությունները, որտեղ առանձնապես մեծ կշիռ ունի փոքր եւ միջին բիզնեսը՝ չրերի վերամշակում, գինեգործություն, այստեղ սահմանափակում չկա:

Այս ոլորտի բիզնեսներին օգնում ենք, որպեսզի կարողանան ինքնուրույն արտահանում իրականացնել, օտարերկրյա գործընկերներ գտնել: Երկու ուղղություններում էլ կարեւորել ենք խոշոր ընկերությունների ներգրավումը եւ նրանց կողմից ներդրումների իրականացումը»: Պրն Մելքոնյանի խոսքերով՝ ուսումնասիրվել են նշված ոլորտներում Հայաստանի առկա խնդիրները եւ ՏՀԶԿ-ին ներկայացվելու է առաջարկությունների փաթեթ, որն ուղղված է այդ խնդիրների լուծմանը:

Հանդիպման ընթացքում ՏՀԶԿ Եվրասիա մրցունակության ծրագրի ղեկավար Անտոնիո Սոման լրագրողներին ներկայացրեց, որ երկու ոլորտներում էլ շեշտը պետք է դնել օտարերկրյա ուղղակի ներդրումների ապահովման եւ ՓՄՁ-ների միջեւ կապի ստեղծման վրա, որի դեպքում ավելի կընդլայնվի արտասահմանյան ընկերությունների հետաքրքրությունը Հայկական ընկերություններում ներդրումների կատարելու մեջ:

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա Բին Աջեմյան էլ նշեց, որ Եվրամիությունը Հայաստանի տնտեսական զարգացման համար շատ կարեւոր է համարում ՓՄՁ-ների առկայությունը: «ՓՄՁ-ները նպաստում են, որպեսզի չլինի գործազրկություն, կանանց եւ հիմնականում երիտասարդներին ապահովում են մշտական աշխատանքով: Այդ իսկ պատճառով պետք է ավելի շատ կենտրոնանալ Հայաստանում ՓՄՁ-ների ստեղծման վրա»:

Նախարարի առաջին տեղակալը նշեց, որ շինանյութերի ուղղվածության ոլորտում բարեփոխումները իրականացվելու են «Անդրազգային ընկերությունների ներգրավում եւ Հայաստանի ՓՄՁ-ների վրա դրանց առավելագույն ազդեցության ապահովում» խորագրի ներքո,
իսկ «Աջակցություն փոքր եւ միջին բիզնեսի միջազգայնացմանը»-ի դեպքում կենտրոնացումը ագրոբիզնեսի զարգացման վրա:

Պրն Մելքոնյանը տեղեկացրեց, որ այս տարվա նոյեմբերին Փարիզում տեղի կունենա ՏՀԶԿ Եվրասիա մրցունակության ծրագրի կլոր սեղանը, որի ընթացքում կներկայացվի առաջարկությունների փաթեթը եւ նաեւ Հայաստանում կատարված հետազոտությունների վերաբերյալ զեկույցը:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության եւ գերմանական GIZ կազմակերպության կողմից:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30