Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սկսած գործընթացի շուրջ զրուցում ենք «Հասարակական պաշտպանների միության» գործադիր տնօրեն, նոր ձեւավորվող «Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնության անդամ ԱՐԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ
-Հիմնավորվա՞ծ է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը:
-Մեկ տարի էլ չի անցել, որ գազի եւ էլեկտրաէներգիայի գները շեշտակի եւ անսպասելի բարձրացան: Մոտ 27 տոկոս թանկացում եղավ: Այնինչ սակագնային քաղաքականության մեջ նման շեշտակի բարձրացումներն անթույլատրելի են, քանի որ դրանք հիմնականում սոցիալական խնդիրներ են առաջացնում:
Բայց մեր հասարակությունը կարծես թե փորձեց հարմարվել այդ թանկացմանը: Եվ գուցե նաեւ այդ հարմարվողականությունը թույլ տվեց, որ հերթական անգամ, առանց հանրության ընդվզումից վախենալու, այդ հանրության հետ հաշվի նստելու, նոր բարձրացում նախատեսվի` այս անգամ 10-11 տոկոս: Փաստորեն շատ կարճ ժամանակահատվածում 37-38 տոկոսով ծանրաբեռնեցին հասարակության սոցիալական բեռը:
Կարդացեք նաև
Անցած տարի նույնպես թանկացումը նախաձեռնեց եւ իրագործեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Եվ նույն ձեռագրով` ոչինչ չբացատրեց քաղաքացուն թանկացման վերաբերյալ, եղավ միայն անհեթեթ հիմնավորում, թե թանկանում է գազը: Հետո պարզվեց, որ գազն էլ չէր թանկանում, իսկ գազի այդ կարծեցյալ թանկացումն էլ հոսանքի գնի մեջ շատ քիչ ազդեցություն կարող էր ունենալ: Նույնը հիմա է:
Ստացվում է, որ հանձնաժողովը, պետական կառույց լինելով, շահագրգռված է մասնավոր ընկերությունների շահերը պաշտպանելու, քան թե հանրության:
-Իսկ ի՞նչ երաշխիք կարող է լինել, որ ամիսներ կամ առավելագույնը մեկ տարի հետո հերթական թանկացում չի լինի: Մի՞թե այս գործընթացը կարգավորող մեխանիզմ գոյություն չունի:
-Բանն էլ հենց այդ է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չունի սակագների ձեւավորման քաղաքականություն: Սա ես ասում եմ որպես այս բնագավառում երկար տարիներ աշխատած մասնագետ եւ որպես փորձագետ: Եթե այսօր հոսանքի գինը 4 դրամով թանկանում է` մենք չգիտենք, թե որոշ ժամանակ հետո ի՞նչ է լինելու:
Համաշխարհային փորձը հետեւյալն է` նման հանձնաժողովները պետք է անպայման կանխատեսելի սակագնային քաղաքականություն վարեն: Այսօր հայ սպառողը պետք է իմանա` մեկ-մեկուկես տարի հետո սակագնի փոփոխություններ լինելո՞ւ են, թե՞ ոչ:
Ինձ զարմացրել է հանձնաժողովի մեկնաբանությունը, թե իրենք անցած տարի չգիտեին, որ «Երեւան ջէկը» պետք է այս տարվանից վարկեր մարի: Այնինչ դա իրենց աշխատանք է, իրենք պարտավոր են իմանալ ոլորտում ներգրավված ընկերությունների առաջիկա ծրագրերի ու նախաձեռնությունների մասին, որպեսզի ըստ այդմ կանխատեսեն, թե համապատասխան ծառայությունները ինչ որակ ու գնային ինչ քաղաքականություն կառաջարկեն սպառողին եւ կարողանան կարգավորել այդ գործընթացը: Այլապես հանձնաժողովի դերը ո՞րն է:
Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում