«Պետք է անցում կատարենք մի իրավիճակի, երբ որոշում կայացնողները լինեն շարքային սպաները: Սա նշանակում է ընդլայնել ոստիկանության իրավունքները և նրանց հնարավորություն տալ ինքնուրույն որոշումներ կայացնել»,-«Ոստիկանության նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը» թեմայով միջազգային սեմինարին այպիսի կարծիք հայտնեց Լոնդոնի մետրոպոլիտեն համալսարանի համայնքային անվտանգության և ոստիկանության «Ջոն գրիվ» կենտրոնի ոստիկանության և կրիմինոլոգիայի ավագ դասախոս Թիմաթի Փարսոնսը:
Պարոն Փարսոնսը քննադատեց այն մոտեցումը, համաձայն որի՝ փողոցում ծառայություն իրականացնող ոստիկանները իրենց՝ որոշում կայացնելու հարցում ենթարկվում են վերադասի ցուցումներին: Նա վստահեցրեց, որ պետք է անցնել այն իրավիճակին, երբ որոշումների կայացումը պատվիրակված է ոստիկաններին: Պարոն Փարսոնսը շեշտեց. «Սա չի նշանակում ոստիկանությանը ամբողջությամբ հանել քաղաքական վերահսկողությունից: Մենք չենք ասում, որ խորհրդարանը, նախագահը այլևս ոստիկանության աշխատանքում պատասխանատվություն չեն կրում»:
ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշեց, թե խորհրդարանական արդյունավետ վերահսկողության և ոստիկանության հաշվետվության արդյունքում հնարավոր կլինի համատեղ արդյունավետ աշխատել. «Սա հնարավորություն է օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև համատեղ համագործակցության. վերջին տարիներին նշված կառույցների միջև համագործակցությունն ավելի ակտիվացել է»:
Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի «Նորանկախ երկրների ծրագրի» ղեկավար Իդեն Քոլն այս առիթով նշեց. «Բնականաբար, խորհրդարանը կարող է ձևավորել և կառուցել համապատասխան կառույցը և վերահսկողությունը և համատեղ շահավետ աշխատել»: Վկայակոչելով Միացյալ թագավորության օրինակը՝ պարոն Իդեն Քոլն ասաց, թե խորհրդարանականներն ակտիվորեն ներգրավված են այդ աշխատանքներում ու շեշտեց. «Ոստիկանության գործողությունները մանրազնին ուսումնասիրության ենթարկվեն: Եթե խորհրդարանը լավ է աշխատում վերահսկողության իմաստով, հնարավոր է ոստիկանությունում առկա ճգնաժամերը վերացվեն: Երկրները մեծ մասամբ կենտրոնանում են պաշտպանության համակարգի բարեփոխման վրա, նրանք կարծում են, բայց ոստիկանություն համակարգում բարեփոխումները նույնպես կարևոր են»:
Aravot.am-ի դիտարկմանը ՝ ՀՀ-ում ոստիկանության աշխատանքից շատերն են դժգոհում, այդ մասին վկայում են բազմաթիվ քաղաքացիական ակտիվիստների գործերը դատարաններում, ի՞նչն է պատճառը, որ ՀՀ ոստիկանությանը հիմնականում ոչ թե քաղաքացիների կողքին է, այլ իր իրավունքները պաշտպանող քաղաքացուն բերման ենթարկողի, նրա դեմ բիրտ ուժ կիրառողի դերում, այնինչ միջազգային փորձագետները նշում են, թե պետք է հակառակը լինի: Պարոն Նահապետյանը արձագանքեց. «Այն, որ դժգոհություններ կան հասարակությունում կապված նաև ոստիկանության աշխատանքի հետ, գաղտնիք չէ: Բայց առանձին դժգոհություններով ընդհանուր գնահատական եկեք չտանք, որ ոստիկանությունն այսօր հասարակությանը ծառայություն մատուցելու՝ իր առաքելությունը չի իրականացնում: Վերջին տարիներին մեծածավալ բարեփոխումներ են իրականացվել ոստիկանության համակարգում, և մենք պարբերաբար հետևում ենք, թե ինչպես են իրականացվում դրանք, հանձնաժողովը մշտադիտարկում է իրականացնում, որ ոստիկանության աշխատանքն առավել հաշվետվողական դառնա և ավելի արդյունավետ իրականացնի իր գործառույթները»:
Կարդացեք նաև
Մեր մյուս հարցին՝ արդյոք ՀՀ-ում կիրառելի՞ մոդել է այն, որ շարքային ոստիկանը ինքնուրույն որոշում կայացնի, այն դեպքում, երբ ոստիկանություն անկախության բացակայության մասին բազմիցս է խոսվել, պարոն Նահապետյանը պատասխանեց. «Ոստիկանության ծառայողների իրավունքները և պարտականությունները նույնպես սահմանված են օրենքով: Ոստիկանը պարտավոր է կատարել իր վերադասի ցուցումները. չէի ուզենա, որ ընկնեինք թյուրիմացության մեջ և պատկերացնեինք, որ ոստիկանության ծառայողը չունենա վերադաս և չստանա ցուցումներ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ