Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վիտալի Բալասանյանն իր դեմ մահափորձի դրդի՞չ. «Ժողովուրդ»

Հունիս 19,2014 11:24

Արա Ավետյանը եղբորը՝ Սամվել Ավետյանին, մեկ այլ քրեական գործով պատասխանատվությունից ազատելու համար օգնության խնդրանքով դիմել էր Վիտալի Բալասանյանին։ Վիտալի Բալասանյանն էլ Արա Ավետյանին ծանոթացրել էր իր մտերիմ ընկերոջ՝ Երեւանում փաստաբանական գործունեությամբ զբաղվող Գեորգի Գյուլխանյանի հետ, որպեսզի վերջինս օգնի Ավետյանի եղբորը։

Գեորգի Գյուլխանյանը եւ Արա Ավետյանը հանդիպել են գործի հանգամանքները քննարկելու համար, եւ ըստ վերջինիս՝ Գեորգին ասել է. «Շալվարս կհանեմ յուբկա կհագնեմ, եթե ես քո եղբորը դատարանի դահլիճից դուրս չհանեմ»։ Արդյունքում, ըստ ամբաստանյալ Արա Ավետյանի՝ Գյուլխանյանն իր եղբորը ազատազրկումից ազատելու դիմաց պահանջել է 1.200000 դրամ։ Սակայն Գյուլխանյանն այդպես էլ չի կարողացել խոստումը կատարել եւ Արա Ավետյանը իրեն խաբված զգալով՝ փաստաբանից պահանջել է իր գումարը։

Արա Ավետյանը դատարանում հայտարարեց, որ երբ գումարի հետ վերադարձնելու պահանջով դիմում է Գեորգի Գյուլխանյանին, նա պատասխանում է, թե ինքն ամեն ինչ արել է անվճար եւ գումարային բոլոր հարցերով թող նա դիմի Վիտալի Բալասանյանին։
Դատարանում դատավոր Անատոլի Թադեւոսյանը հարցրեց Վիտալի Բալասանյանին, թե այս ընթացքում ինքը կատարվածից ինչ եզրակացության է եկել, իսկ Վիտալի Բալասանյանն ասաց, որ այն, ինչ պատմում են մեղադրյալ տղաները, բոլորը հեքիաթներ են եւ տղաները պատվեր են կատարել. «Ինձ ցույց տվեք աշխարհում մի պրակտիկ օրինակ, երբ գումարի համար կարող են մարդ սպանել, այն էլ 700.000 դրամի համար։ Մանավանդ, երբ ես այս տղաներին միշտ լավություն եմ արել»,- նշեց Բալասանյանը։ Դատավորի հարցին՝ Վիտալի Բալասանյանն ունի՞ ապացույցներ, թե ովքեր կարող են կանգնած լինել իր նշած պատվերի հետեւում, Վիտալի Բալասանյանը պատասխանեց՝ առայժմ չունի։

Դատավորը Արա Ավետյանից հետաքրքրվեց, թե կա՞ն պատվիրատուներ, ինչին ի պատասխան, ամբաստանյալն ասաց. «Այսօր ես դատարանում կխոստովանեմ, որ այդպիսի մարդ գոյություն ունի, ով ինձ դրդել է, որ ես ցանկանամ կատարել այս արարքը, դա Վիտալի Բալասանյանն է։ Որեւէ այլ կազմակերպություն երկնքում, թե երկրում գոյություն չունի։ Վիտալի Բալասանյանն իմ եղբոր ազատման գործում միջնորդ է եղել ու նրա մտերիմ ընկերն ինձանից 1.200000 դրամ գումար է ուզել, բազմաթիվ անգամ խնդրել եմ, որ գնանք Երեւան եւ իր ընկերոջն ասենք, որ գումարը տան, որովհետեւ նա ասում է, թե գումարային հարցերով դիմի Վիտոյին։ Եկել խոսել եմ Վիտոյի հետ, ասել եմ՝ Վիտո ջան, բարոյական իրավունքներից զուրկ մոր տղա լինեմ, թե ես չեմ ուզում հասկանալ, թե ինչու է քո ընկերը սլաքներն ուղղում քո դեմ։ Բայց նրանց հանդիպացնելու իմ բազմաթիվ փորձերը չեն ստացվել»:

Դատարանում տուժող Վիտալի Բալասանյանն էլ ասաց, որ ինքն այդ ամենից հետո խոսել է Գյուլխանյանի հետ. «Ասացի, որ սա տհաճ խոսակցություն է, տղաները իրենց գումարն են ուզում, նա էլ ասաց՝ թող գան, կոնկրետ քննարկենք։ Ես Գյուլխանյանին ասացի, որ ես այդ ամենի հետ ինչ-որ կապ ունե՞մ, նա էլ ասաց, թե ոչ»։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30