Լրահոս
Օրվա լրահոսը

Ի պաշտպանություն պետական ծառայողի

Հունիս 19,2014 10:34

Նկատած կլինեք՝ ամերիկյան մարտաֆիլմերում կինոնկարի մոտավորապես կեսին հերոսներից մեկը, որին մենք՝ միամիտներս, բացասական կերպար էինք համարում, «բացահայտվում է»՝ ասելով. «Ես աշխատում եմ ԱՄՆ կառավարության համար»: Հատուկ գործակալ է կամ դրա նման մի բան: Կառավարության համար աշխատելու հանգամանքը շեշտվում է առանձին հպարտությամբ, եւ այստեղ, անշուշտ, կա նաեւ քարոզչության տարր՝ հերոսն այսպիսով շեշտում է, որ իզուր չի ստանում հարկատուների փողերը:

Հայաստանում պետության համար աշխատելը բացարձակապես հարգի չէ (բարեբախտաբար, բացառություն է բանակում ծառայելը): Պետական հիմնարկում աշխատողն ընկալվում է կամ որպես գող, կաշառակեր եւ ավազակ, կամ որպես խեղճուկրակ մարդ, որը ոչ միայն ստիպված է ապրել իր, մեղմ ասած, ոչ շքեղ աշխատավարձով, այլեւ ենթարկվել զանազան ճնշումների: Մասնավորապես, դպրոցների մանկավարժներից շատերը ստիպված են մասնակցել ընտրակեղծիքներին:
Ակնհայտ է, որ, օրինակ, նախարարություններում աշխատող մարդկանցից ոչ բոլորն են հանցագործ: Նրանք, ովքեր ունեն համապատասխան լծակներ, կաշառքներ եւ «ատկատներ» են վերցնում, բիզնեսների մեջ են խցկվում եւ այլն, բայց մնացածը՝ հարյուրավոր մարդիկ, դրա հնարավորությունը չունեն կամ գուցե չեն գողանում՝ սկզբունքային նկատառումներից ելնելով: Այդ ամենը հաշվի առնելով՝ ի դեպ, նրանց աշխատավարձը բարձրացնելը ճիշտ էր: Ուրիշ հարց, որ երեք միլիոնանոց երկրի համար մեր պետական ապարատը չափից դուրս մեծ է, եւ իմաստ կա կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ կատարելու:

Իսկ ահա պետական հիմնարկների երիտասարդ աշխատակիցներին կուտակային կենսաթոշակ պարտադրելը, ինձ թվում է, լավ գաղափար չէ: Նախ՝ դա խտրականության դրսեւորում է՝ նման օրենքները, որքան ես հասկանում եմ, չպիտի գործեն՝ կախված նրանից, թե սեփականության որ ձեւին է պատկանում այն հիմնարկը, որտեղ աշխատում է քաղաքացին: Երկրորդ՝ դա հասարակական լարվածություն է ստեղծում. ինչո՞ւ նախարարության 35-ամյա աշխատակիցը կամ 35-ամյա բժիշկը, ուսուցիչը պետք է «ոչ բարի աչքով» նայի, ասենք, «Առավոտ» թերթի 35-ամյա լրագրողին, իրեն ճնշված եւ նեղացած զգա:

Վերջապես, մեր հասարակության մեջ պետք է ոչ թե նսեմացնել, այլ հակառակը՝ բարձրացնել «կառավարության համար» աշխատողի վարկը: Այդ քաղաքացին չպիտի դիտվի որպես «կուտակային» փորձերի օբյեկտ, որն, իր կարգավիճակից ելնելով, չի կարող դիմադրել «վերեւների» ճնշմանը:

Այդ մարդիկ հո կրակը չե՞ն ընկել, որ պետական հիմնարկում են աշխատում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Բլուջեի հաշվին բարձրացնելու են 5 տոկոս ու էդ 5 տոկոսը պահեն պետական աշխատողներից,այսինքն մի գրպանից, պետությունը դնում է մյուս գրպանը:Հարցն այն է,որ մենք չգիտենք թե այդ երկրորդ գրպանը ում համար է նախատեսված և ոչ ոք այն չի կարող այն վարահսկել:

  2. Արսեն says:

    Պետական ծառայողի կարգավիճակը որոշելուց առաջ պետության կարգավիճակը պետք է որոշվի։
    Թե չէ, էսէսականներն էլ էին պետական ծառայողներ։ Նրանց մեջ էլ՝ ազնիվ, միայն աշխատավարձով ապրող մարդիկ շատ կային։ Բոլոը չէ, որ գողեր ու մարդասպաններ էին…
    Հետո ինչ? Այդ նույն «բոլորի» համատեղ ջանքերով գազախցիկները բեռնավորված աշխատում էին։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30