Մայիսի 29-ի Աստանայի գագաթնաժողովում Հայաստանին տրված մեկամսյա ժամկետն արդեն կիսվել է, մինչդեռ հայտնի չէ, թե ինչ ընթացքում են այն խնդիրները, որոնց համար էլ ժամկետը տրվել է: Հիշեցնենք, որ ժամկետը տրվել էր Հայաստանի սահմանների, ավելի ստույգ` Հայաստանի և Արցախի սահմանների խնդիրը լուծելու համար: Նազարբաևը՝ Ղազախստանի նախագահը, Աստանայում հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը դիմել է իրենց, որպեսզի Հայաստանին Եվրասիական միություն ընդունելիս անպայմանորեն նկատի ունենան ՄԱԿ-ի ճանաչած սահմանները:
Եվ ահա, այդ պայմանի ներկայացումից հետո Հայաստանին տրվեց խնդիրները լուծելու մեկամսյա ժամանակ: Անցել է արդեն կեսը, սակայն դատելով իրադարձությունների զարգացումից` ոչինչ տեղի չի ունենում: Այսինքն` առայժմ միայն հայտարարվում է, որ Հայաստանի ու Ղարաբաղի միջև սահման չի կարող լինել, սահմանային կետ չի կարող լինել: Սա Երևանն է հայտարարում: Մյուսները լռում են: Այսինքն պարզ չէ՝ Հայաստանին պատրա՞ստ են ընդունել նման պնդումով, թե` ոչ: Տրամաբանությունը հուշում է, որ ընդունել չեն կարող, եթե Նազարբաևը հայտարարում է, որ Ալիևին չպետք է նեղացնեն: Հայաստանը ցույց է տվել, որ եթե չընդունեն, ինքն այդքան էլ չի նեղանա:
Հայաստանի համար խնդիրն այն է, որ այստեղ պատասխանատվությունն ընկնում է Ռուսաստանի վրա: Այսինքն` ոչ թե Հայաստանն է հրաժարվում անդամակցելուց, այլ Ռուսաստանը չի կարողանում Հայաստանի համար «անցավ» անդամակցում ապահովել: Եվ ուրեմն` Պուտինին դժվար կլինի մեղադրել Սերժ Սարգսյանին, որ Հայաստանը չի անդամակցում: Ավելին` Սերժ Սարգսյանն անցնող ամիսներին նույնիսկ այնքան արագ էր թռչում դեպի Եվրասիական կամ Մաքսային, որ Պուտինն էր նույնիսկ զարմանում: Այնպես որ, Սերժ Սարգսյանին ներկայացնելու դիտողություններ կարծեք թե Պուտինի մոտ չկան այս կապակցությամբ: Ուրեմն` պետք է Ադրբեջանին համոզել, որ իր պահանջը հանի: Երևի Բաքվում Սերգեյ Լավրովը կփորձի այդ մասին խոսել Ալիևի հետ, տեսնել, թե Ադրբեջանն ինչ պայմանով կհանի այդ պահանջը:
Արամ Ամատունի
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև