«Գրող-բնակիչ» Դիանա Համբարձումյանի արձակը
Արձակագիր, թարգմանիչ Դիանա Համբարձումյանը (լուսանկարում) քաջածանոթ է ընթերցասերներին. նա գրական ստեղծագործական 20 տարիների ընթացքում հեղինակել է 18 գիրք, որոնցից 8-ը գեղարվեստական գործեր են (վեպ, վիպակ, պատմվածք եւ այլն), 12 լեզուներով էլ հրատարակվել են նրա պատմվածքները, ու տեղ գտել տարբեր անթոլոգիաներում: Իր կոլեգաների գործերը, այդ թվում՝ Հրանտ Մաթեւոսյանի, Լեւոն Խեչոյանի, Վահագն Գրիգորյանի, Ռաֆայել Նահապետյանի եւ մյուսների, թարգմանել է անգլերեն, իսկ անգլերենից հայերեն է թարգմանել Վիլյամ Սարոյան, Ֆոլքներ, Կուրտ Վոնեգութ, Դոնալդ Բարթելմ եւ այլն:
«Առավոտի» հետ զրույցում գրչակիցներից ոմանք ներկայացնելով Դիանա Համբարձումյանին, նախ հիշեցին 1990-ականները, երբ օտար լեզուների տիրապետող գրողներ, գրականագետներ քիչ կային Հայաստանում (Դիանա Համբարձումյանը բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է) եւ այդ բացը, մասնավորապես՝ անգլերենի «մասով», լրացնում էր Դիանան: Նաեւ փաստեցին, որ լավ ծանոթ լինելով անգլալեզու գրականությանը, նա չտարվեց գրական նորաձեւություններով՝ պահպանելով ազգային մտածելակերպը: Արձակագրի պատմվածքներն, օրինակ, գրված են անբռնազբոս ոճով, կերպարներն իրական են, երբեմն՝ վավերական, բայց դրանց գեղարվեստականությունն այնքան նուրբ է, որ հենց այդ կերպարների նախատիպերը իրենք են հաճախ մոլորվում, մտածելով՝ իրե՞նք են, թե՞ ոչ… Դիանան բառի ճիշտ զգացողություն ունի: Եթե գրվածքներում կան հայհոյախոսություն ու գռեհկաբանություն, ապա դրանք ճիշտ տեղում են ու ճիշտ կերպարների մեջ: Մեր զրուցակիցները կեսկատակ-կեսլուրջ նշեցին նաեւ գրական ասպարեզում Դիանայի հաջողակ լինելու մասին: Տեղեկացրին, որ նա առաջին հայ գրողն էր, որ 2011թ. «Գրող-բնակիչ» համաշխարհային ծրագրով հրավիրվել է Վիեննա եւ այնտեղ սկսել իր «Դուռը թակում են» վեպը: Այդ ընթացքում շրջագայել է Շվեյցարիայում, Ֆրանսիայում, որոնք «ներկա» են վեպում եվրոպական խաչուղիների տեսքով, սակայն հայկական իրականությունը դոմինանտում է: Օրերս էլ կկայանա «Դուռը թակում են» վեպի շնորհանդեսը: Սա առիթ էր Դիանա Համբարձումյանի հետ մեր հանդիպման:
Հայտնելով իր հաջողակ լինելու մասին գործընկերների կարծիքը, Դիանա Համբարձումյանն էլ հավելեց վերջերս իր գրական կյանքում տեղի ունեցած երկու իրադարձության մասին: «Ֆրանկֆուրտում գերմաներեն հրատարակվեց «Հեռագիր Ֆաթիմային» պատմվածքներիս ժողովածուն (թարգմանիչներ՝ Գ. Գինոյան եւ Էնգլեր), նույն ժողովածուն լույս տեսավ նաեւ Ռուսաստանում (ռուսերեն թարգմանությունն իրականացրել են Գ. Մարկոսյանը, Հ. Գալարյանը, Ս. Բաբաջանյանը, Ա. Ասլանյանը)»,- ասաց Դիանա Համբարձումյանը: Հավելեց նաեւ, որ մի քանի օրից, դարձյալ «Գրող-բնակիչ» ծրագրով կմեկնի Կանադա: Այս անգամ այդ երկրում կստեղծագործի շուրջ մեկ ամիս, իսկ սկսած երկն էլ, հավանաբար դա կլինի վեպ, կարող է ավարտել Հայաստանում: Ծրագրի անհրաժեշտ պայմաններից մեկն էլ այն է, որ արդյունքում ստեղծված գրքում պետք է նշվի այդ ամենի մասին:
Ինչքան էլ ժամանակակից կյանքը մշակույթի եւ արվեստի տարբեր ոլորտներում կարճ ձեւաչափեր է պահանջում, բայցեւայնպես կան թեմաներ, որոնք ավելի փոքր ժանրի մեջ չեն տեղավորվում, ասենք՝ վեպը: Այս դիտարկմանն ի պատասխան՝ Դիանա Համբարձումյանն ասաց. «Վեպը միշտ կարդացվող է, օրինակ՝ Փարիզի ու Ժնեւի մետրոներում տեսել եմ, որ մարդիկ նույնիսկ կանգնած կարդում են: Հաճախ հետաքրքրվել եմ՝ ի՞նչ են կարդում, պարզվել է՝ վեպ: Կարող եմ առանց վարանելու ասել, որ վեպը մշտապես ընթերցող ունի»: Նա հիշեց 2009 թվականը, երբ «Տարվա լավագույն անտիպ վեպ» ճանաչված իր ծավալուն «Աստծո բնակեցրած երկրում» գործը ուշադրության արժանացավ ուկրաինացի հրատարակչի կողմից առաջիկայում տպագրելու համար:
Անդրադառնալով «Դուռը թակում են» վեպի շնորհանդեսին, խնդրեցինք երկու խոսքով ծանոթացնել գործին: «Սա վեպ-դրամա է, պատմողներն էլ երեք կերպար են՝ Եկվոր, Կին եւ Ձի: Եկվորը Հայաստանից հեռացած է, նա ճամփորդում է դրսում, եւ իր ներքին խնդիրները լուծելու համար համեմատություն է անցկացնում: Դրանց արդյունքում փորձում է վերադառնալ, բայց, ավա՜ղ, մեռնում է: Կինը երեւանյան հետնաբակերից մեկում ապրող կնոջ հավաքական կերպար է, որը ներկայացնում է հետնաբակերում տիրող մարդկային ողբերգությունը: Կինն էլ է տրվում ճամփորդելուն… Վերջում վերադառնում է, եւ այդ վերադարձը խորհրդանշում է երկիրը պահելու, կյանքը շարունակելու գաղափարը: Ձին էլ մեր երկիրն է խորհրդանշում, նրա դարավոր անցյալն ու ներկան, միեւնույն ժամանակ այժմեական կերպար է…»,- ասաց նա: Ինչ վերաբերում է «Դուռը թակում են» վերնագրին, Դիանա Համբարձումյանը նշեց, որ խոսքը աստվածաշնչյան դռան մասին է, ու երբ դուռը թակում են՝ պիտի բացող լինի, եթե բացվում է՝ ուրեմն կան ակնկալիքներ, որոնք պետք է արդարացվեն…:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.06.2014