Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուս գործարարները խրախճանք են սարքել Զվարթնոցում

Հունիս 19,2014 14:10

Ըստ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանի, այդպիսով հանրահռչակել են միջնադարյան հուշարձանը:

Այս օրերին սոցիալական ցանցերը «ծփում» են Զվարթնոցի տաճարի տարածքում կորպորատիվ միջոցառում անցկացնելու եւ այդ պատճառով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գտնվող հուշարձանը զբոսաշրջիկների համար «փակ» լինելու մասին լուրերով: Մասնավորապես Gor Ayzak Hovhannisyan անունով օգտատերը իր ֆեյսբուքյան էջում  կատարվածը որակել է սուպեր խայտառակություն, ու գրել, թե միջոցառման օրը տաճարի մոտ հանդիպել է բազմաթիվ հարբած տղամարդկանց ու կիսամերկ կանանց: Մեկ այլ օգտատեր՝ Նարեկ Հովհաննիսյանն էլ քեֆչիների կիսամերկ նկարներն է հրապարակել իր էջում :

Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանն «Առավոտի» հետ զրույցում հաստատեց, որ իսկապես Զվարթնոցի տաճարի տարածքում հունիսի 14-ին ռուսական մի ընկերության կորպորատիվ միջոցառում է կայացել, տարածքը «փակ» է եղել, բայց դրա փոխարեն աշխատել են հունիսի 16-ին: Նրա ասելով, այդ մասին իրազեկել են կայքերով, նաեւ իրենց Armenian Monuments ֆեյսբուքյան էջով:

«Զվարթնոցի արգելոցի տարածքից ընդամենը մի հատված է տրված եղել, այն էլ մեկ օրով, մենք ունենք Ստեղծագործողի տուն, դրա դիմացի հատվածից էինք տրամադրել: Դա հայ եւ ռուս գործարարների միջոցառում էր, նաեւ պարգեւների հանձնում է եղել»,- փորձեց արդարանալ Պողոսյանը: Նա նշեց, որ հուշարձանի տարածքում կարելի է կազմակերպել ծիսական արարողություն, օրինակ՝ ամուսնություն, կնունք, դրա համար շատ բան պետք չէ: ՊՈԱԿ-ի տնօրենի խոսքով. «Դուք դիմում եք, սահմանված կարգով ձեզ հետ պայմանագիր է կնքվում՝ վճարումների համաձայն պետության կողմից սահմանված գներով: Մեկ օր զբաղեցնելն արժի 700000 դրամ: Օրենքը թույլ է տալիս մշակութային միջոցառումներ իրականացնել՝ հուշարձանի հանրահռչակման նպատակով: Այս անգամ 700000 դրամի դիմաց տարածքում միջոցառում իրականացնելու հնարավորություն է ընձեռվել «Քեմփ վենչուրս» ընկերությանը»:

Քանի որ համացանցում բազմաթիվ լուսանկարներ կային` կորպորատիվ միջոցառումից հետո՝ տարածքի աղտոտելը եւ միջոցառման մասնակիցների «անկեղծ» հագուկապը փաստող, բնականաբար հարցրինք, ինչպե՞ս է այս միջոցառման շնորհիվ հանրահռչակվել հանրահայտ տաճարը: «Այդ միջոցառմանը մասնակցել են գործարարներ Ռուսաստանի գուբերնիաներից, մարզերից, դա քի՞չ է»,- հարցին հարցով պատասխանեց Պողոսյանը:
Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս, լեզվաբան, հայագետ Դավիթ Գյուրջինյանն «Առավոտի» հետ զրույցում գնահատելով կատարվածը, նշեց. «Ես կարծում եմ, որ պատմական հուշարձանների, տվյալ դեպքում Զվարթնոցի տաճարի տարածքում (այն մեր ճարտարապետության թանկարժեք գոհարներից մեկն է), կարելի է միջոցառումներ անցկացնել, օրինակ` հոգեւոր ընթերցումներ, հոգեւոր եւ դասական երաժշտության համերգներ, կարելի է նաեւ պատմական թեմատիկայով դրամատիկական ստեղծագործությունների փոքրիկ բեմադրություններ իրականացնել: Մանուկների եւ պատանիների համար, իմ կարծիքով, տպավորիչ կլինի ընթերցանության կամ ասմունքի տարատեսակ մրցույթների եզրափակիչ փուլի անցկացումը Զվարթնոցի պատմական միջավայրում: Դուդուկի կամ ազգային լարային նվագարանների համերգների եւ մրցույթների հրաշալի վայր կարող է լինել: Այսպես կարելի է երկար շարունակել… Զվարթնոցը թեպետ կարիք չունի հատուկ հանրահռչակման (քանի որ համաշխարհային մշակույթի մարգարիտ է), բայց այսպիսի քայլերով կարող է ավելի մոտենալ հասարակությանը եւ նոր ժամանակներում այսպե՛ս կատարել իր դերը: Զվարթնոցի տաճարը լուրջ բնույթի հանդիսությունների, միջոցառումների վայր պիտի լինի: Չմոռանանք, որ այն քրիստոնեական տաճար է եղել: Ինձ թվում է` պետք է կանոնակարգել, թե ինչպիսի՛ միջոցառումներ չպետք է անցկացվեն այդտեղ, եւ ովքե՛ր չեն կարող անցկացնել: Այլ կարգի միջոցառումներ, որոնք չեն մտնում նշածս շրջանակի մեջ (կամ չեն մոտենում դրան), ես չեմ պատկերացնում: Տաճարը խրախճանքի վայր չէ»:
«Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» երեւանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանը մեզ հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել երեւույթը, պատճառաբանելով, թե տեղյակ չէ՝ ինչի մասին է խոսքը:
Ինչ վերաբերում է հուշարձանի տարածքում «փարթիի» նախաձեռնողին, որը Վլադիմիր Պողոսյանի հավաստմամբ, «Քեմփ վենչուրսն» է, նշենք, որ սա այն ընկերությունն է, որին Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման համար հատկացվել է տարածք՝ ՀՀ կառավարության որոշմամբ գերակա հանրային շահ ճանաչելու համատեքստում:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարում` 700000-անոց «փարթիից» հետո:

«Առավոտ» օրաթերթ
18.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Պատմամշակութային հուշարձանները կարելի է հանրահռչակել դասական և հոգևոր երաժշտության համերգներ կազմակերպելով, ինչպես դա անում էր անվանի դիրիժոր Արամ Ղարաբեկյանը , որոնք հայ մարդու մեջ մեծ ու հզոր մշակութային ժառանգության տերը լինելու հպարտության զգացում էին արթնացնում: Զվարթնոցը նախևառաջ քրիստոնեական տաճար է եղել և հանդիսանում է համաշխարհային ճարտարապետության եզակի գլուխգործոցներից: Լավագույն դեպքում կարող էր կազմակերպվել, օրինակ, օտարազգի հայագետների և թարգմանիչների մասնակցությամբ մշակութային միջոցառում: Սրբապղծություն է պատմական հուշարձանների տարածքը վերածել այսօրինակ ժամանցի վայրի: Երևի մենք ՝ երիտասարդներս ,պետք է մի քաղաքացիական շարժում էլ այս ասպարեզում ստեղծենք , որպեսզի նման դեպքերի կրկնությունը բացառվի:Հակառակ դեպքում , վտանգ կա, որ հետագայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ոչ միայն ուրիշ մեծարժեք հուշարձաններ չենք կարող ընդգրկել, այլև եղածներն էլ չեղյալ կհամարվեն:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30