Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անժխտելի է, որ չպատժված հանցագործությունը ծնում է նոր հանցագործություն

Հունիս 19,2014 14:15
femida

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ գլխավոր դատախազ
Գեւորգ Կոստանյանին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին

«Առավոտի» 10.01.2014թ. հրապարակման մեջ մենք հանգամանորեն տեղեկացրել ենք Աղբյուր Սերոբի 52/3 տան սեփականատեր Վարդան Հովնիկյանի կողմից սեփականության իրավունքով մեզ պատկանող Աղբյուր Սերոբի 52/1 տան նկատմամբ ոտնձգությունների, հանցագործությունների, հողազավթման փաստի մասին: Այդ հրապարակումից հետո ինձ հրավիրեցին Երեւան քաղաքի դատախազ Արթուր Դավթյանի մոտ: Ինձ թվաց, թե գործում դրական տեղաշարժեր կլինեն, սակայն, ցավոք, արդարության վերականգնման համար որեւէ առաջընթաց տեղի չունեցավ: Գործին օգուտ չտվեց նաեւ ընդունելությունը գլխավոր դատախազի խորհրդական Գ. Թովմասյանի մոտ: Ընդհակառակն, այսօր էլ շարունակվում է ոստիկանության, դատախազության եւ դատարանների կազմակերպված, համերաշխ, հետեւողական հովանավորչությունը հանցագործ Վարդան Հովնիկյանի նկատմամբ: Այդ հովանավորչությունից թեւեր առած Վարդանը կատարել է նոր հանցագործություն: Նա հողափորման աշխատանքներ է կատարել մեր հողատարածքում, անմիջապես մեր տան հիմքի մոտ, ամբողջ փորված-հանված հողը լցրել է տան հետնամասում գտնվող մեր հողատարածքի վրա` առաջացնելով հողամասի մակերեսների մեծ տարբերություն, ինչը զրկում է մեզ մեր գույքի օգտագործման եւ տիրապետման հնարավորությունից:

Դիմեցինք ոստիկանություն, թեեւ սեփական դառը փորձից գիտենք, որ այդ կառույցին վստահել եւ նրանից արդարություն ակնկալել չենք կարող: Հարուցվեց թիվ 09108114 քրեական գործը: Սակայն ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի քննիչ Գ. Գրիգորյանը ցուցաբերեց ակնհայտ կողմնակալ, ոչ օբյեկտիվ վերաբերմունք: Նա կատարեց թերի հետաքննություն, չանդրադարձավ դիմումում նշված փաստերին, նույնիսկ հարկ չհամարեց պատասխանել իրեն ուղղված 05.04.2014թ. եւ 21.04.2014թ. իմ դիմումներին եւ 07.05.2014թ. որոշեց մեզանից գաղտնի քրեական գործը կարճել: Դիմեցինք դատախազություն` խնդրելով վերացնել քրեական գործի կարճման մասին որոշումը: 10.06.2014թ. ինձ զանգահարեց դատախազ Արսեն Կոստանդյանը եւ հրավիրեց քաղաքի դատախազի մոտ: Պարոն Արթուր Դավթյանն ինձ հանգամանորեն բացատրեց, որ հողամասերի բաժանարար ցանկապատը տեղաշարժելով ուրիշի հողին տիրանալը, ուրիշի ծառը կտրելը, ուրիշի հողը փորել-ավերելը, տան հիմքը վնասելը հանցավոր գործողություններ չեն, իրենց մեջ հանցակազմ չեն պարունակում, այլ կրում են քաղաքացիաիրավական եւ վարչաիրավական բնույթ: Հիմա ստիպված ենք դիմել դատարան եւ, անկասկած, կրկին հիասթափվել մեր անկատար դատական համակարգից:
Պարոն Դավթյանը հանցագործություն համարեց միայն 01.07.2012թ. մեր տան վրա Վարդանի կատարած խուլիգանական հարձակումը, որի ժամանակ հանցագործը կոտրել-տեղահան էր արել մուտքի դուռը եւ այն շպրտել փողոց, կոտրել պատուհանների ապակիները եւ այլն, եւ այլն… Այդ քրեական գործը նույնպես կարճվեց, եւ հանցագործ Հովնիկյանը որեւէ պատասխանատվության չենթարկվեց:

Երբ առաջարկեցի ջանքեր գործադրել, որպեսզի Վարդանը վերադարձնի մեզանից «հափշտակած» հողակտորը, դատախազի տեղակալ Առաքելյանը զարմացավ. «Վարդանը զիջի՞ ձեզ»: Մինչ այժմ ես չգիտեի, որ գողոնը վերադարձնելը զիջում է համարվում:
Իրոք, որ Վարդան Հովնիկյանը մեր երկրում անպատժելի անձնավորություն է:
Ի՞նչ անգնահատելի ծառայություններ է մատուցել Վարդանը մեր հայրենիքին, որ նրան ներվում են կատարած բոլոր հանցագործությունները: Մի՞թե բարձրաստիճան պաշտոնյայի հովանավորչությունը վայելելը բավարար է անպատիժ մնալու համար: Կգտնվի,՞ արդյոք, Հայաստանում մի «տղամարդ» պաշտոնյա, որը սատար կկանգնի արդարությանը, վերջ կդնի զոռբայությանը եւ մեզ կազատի անօրենի ոտնձգություններից:
2012թ. օգոստոսին դիմել ենք վարչական դատարան` խնդրելով անվավեր ճանաչել Հովնիկյանի գույքի պետական գրանցումը` մեզ պատկանող 12 քմ հողատարածքի մասով: 1 տարի առաջ գործի վարույթը կասեցվել է եւ նշանակվել փորձաքննություն: Հունվարին կատարված փորձաքննության արդյունքն առ այսօր չկա, եւ մենք արդեն հույս չունենք, որ փորձագետ Հրանտ Ավետիսյանը կտա արդար, օբյեկտիվ եւ անաչառ պատասխան: Այսքանից հետո սպասելի է, որ մենք հանիրավի կզրկվենք ի սկզբանե մեր ընտանիքին պատկանող, օրենքի շրջանակում սեփականացված մեր հողի 12 քմ հատվածից, որը խիստ անհրաժեշտ է տան սպասարկման համար:

Ասում են` «Արդարությունը հիվանդանում է, բայց չի մեռնում»:

Հարգելի պարոն ՀՀ նախագահ, Դուք մեր երկրում արդարադատության երաշխավորն եք, ուստի խնդրում ենք Ձեզ ապահովել արդարադատություն:
Հարգելի պարոն ՀՀ ոստիկանապետ, խնդրում ենք Ձեզ ծառայողական քննություն անցկացնել քննիչ Գ. Գրիգորյանի նկատմամբ եւ որոշել նրա` զբաղեցրած պաշտոնին համապատասխանության հարցը: Խնդրում ենք նաեւ անձնական ընդունելություն հատկացնել:

Հարգելի պարոնայք, մեր երկրի արժանապատիվ պետական այրեր, խնդրում ենք Ձեզ արդարամիտ լինել, ջանքեր գործադրել արդարության հաղթանակի եւ մեր ոտնահարված իրավունքները վերականգնելու համար:

ԱՐՇԱԼՈՒՅՍ ԵՎ ԱՆԱՀԻՏ
ԽԱՉԱՏՐՅԱՆՆԵՐ
«Առավոտ» օրաթերթ
18.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30