«Առավոտի» ներկայացուցչի առարկությունները լսելուց հետո՝ քաղաքագետն առաջարկեց Սյունիքի նախկին մարզպետին կանչել դատարան
«Հայհիդրոէներգոնախագիծ» ընկերության պատասխանատու Սենիկ Ջուլհակյանը դատի էր տվել Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին՝ մեր լրատվամիջոցին տրված հարցազրույցի, քաղաքագետի կողմից արված վիրավորական արտահայտությունների համար:
«Առավոտը» մայիսի 13-ի դատական նիստից սկսած՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից ներգրավվեց որպես պատասխանող կողմ:
Թերթը երեկվանից այս գործով ունի իր ներկայացուցիչը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լուսինե Մարտիրոսյանը (լուսանկարում):
Կարդացեք նաև
Փաստաբանը ներկայացրեց 6 էլեկտրոնային էջից բաղկացած իր առարկությունները:
Լուսինե Մարտիրոսյանը խնդրեց մերժել հայցը:
Վիճարկվող՝ 2013 թ. հունիսի 10-ին www.aravot.am ինտերնետային կայքէջում հրապարակված Հռիփսիմե Ջեբեջյանի հեղինակային հոդվածում (Հմայակ Հովհաննիսյան. «Սուրեն Խաչատրյանը, չլինելով մարզպետ, շարունակում է դե ֆակտո մնալ Սյունիքի մարզպետ») բառացի մեջբերվել է Հմայակ Հովհաննիսյանի խոսքերը, որ. «Միանշանակ Սուրեն Խաչատրյանը Սենիկ Ջուլհակյանի հովանավորն է եւ ոչ միայն հովանավորը: Սենիկ Ջուլհակյանն իր սեփական միջոցները չունի: Դրա ապացույցն այն է, որ հիմա դատարանում մեկ այլ գործով լսվում է Սենիկ Ջուլհակյանի հարցը: Նա չի վճարել մի կանխավճար, որը պարտավոր էր վճարել՝ 10 հազար եվրո կանխավճար: Նա պատճառաբանել է, որ այդ գումարը չունի: Եվ այդ մարդը Երեւանի Կենտրոնում գնում է երկու հարկանի այդ տարածքը: Նա եթե փող չուներ, գրասենյակ չուներ, ոչինչ չուներ, բա այդ ինչ փողերով գնեց այդ տարածքը, ում փողերն է դա: Սուրեն Խաչատրյանի փողերն է: Նա Սուրեն Խաչատրյանի փողերը լվացողն է: Իրականում այդ տարածքը գնել է Սուրեն Խաչատրյանը: Իրականում նա ցանկանում էր այդ տարածքը զավթել ամեն գնով»:
Ըստ առարկությունների, լրագրողի հարցին քաղաքագետը պատասխանել է, որ. «Սուրեն Խաչատրյանը, չլինելով մարզպետ, զրկվելով այդ պաշտոնից, շարունակում է դե ֆակտո մնալ Սյունիքի ավազակապետ: Այսինքն՝ շարունակում է պահպանել իր ոչ ֆորմալ իշխանությունը Սյունիքում իր այն բանդայի միջոցով, որը ստեղծել է: Այդ մարդիկ զինված են: Ճիշտ է, զենքերի մի մասն առգրավվել է, բայց իր բազմաթիվ կողմնակիցների մոտ զենքերի մի մասը դեռ կլինի: Նա մեծ հաշվով չի կուլակաթափվել, այսինքն՝ չի ազգայնացվել այն, ինչ թալանվել է ժողովրդից: Ինքը պահպանում է դա, ուրեմն նա կկաշառի եւ դատավորներին, եւ դատախազներին, եւ քննիչներին, ինչի մասին է խոսքը»: Հրապարակմանը կից ներկայացվել է նաեւ Հմայակ Հովհաննիսյանի խոսքի ձայնագրությունը: Այն ներկայացվել է նաեւ դատարան:
«Գնահատելու համար, թե «Առավոտ» օրաթերթը ներկայացված հրապարակմամբ վիրավորել կամ զրպարտել է Սենիկ Ջուլհակյանին, ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ նշված հրապարակման հեղինակը բառացի վերարտադրել է Հմայակ Հովհաննիսյանի խոսքերը: Հետեւաբար, ոչ դրանց նախաձեռնողը եւ ոչ էլ հնչեցնողը լրագրողը չէ: Այսինքն՝ «Առավոտը» Սենիկ Ջուլհակյանին վիրավորանք կամ զրպարտություն հասցրած կողմ չէ:
Տվյալ դեպքում, լրագրողը հարցադրումներով, որը ձայնագրառվել է, փորձել է պարզել Հմ. Հովհաննիսյանի դիրքորոշումը՝ վերջինիս եւ սույն գործով հայցվոր Ս. Ջուլհակյանի միջեւ առկա դատական գործի ընթացքի վերաբերյալ, վերջինիս ուղղելով հետեւյալ հարցը` Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցները ինչքանո՞վ կնպաստի Ձեր դեմ հարուցված քրեական գործին, որ դատարանում հարցը լուծվի հօգուտ Ձեզ: Ահա այս է` հարցադրումը, այն ամենը, որի համար էլ միայն պատասխանատու է լրատվամիջոցը, իսկ արդեն հարցին ի պատասխան՝ զրուցակցի կողմից հնչեցված արտահայտությունների համար վերջինիս վրա պատասխանատվություն չի կարող դրվել եւ կարծում եմ, որ դա է ի սկզբանե նաեւ ի նկատի ունեցել հայցվոր կողմը, ով ընկերությանը սույն գործով ներգրավել էր որպես 3-րդ անձ»,- ասաց փաստաբանը:
Ըստ մեր ներկայացուցչի, «Առավոտը» Հմայակ Հովհաննիսյանի գործողությունների համար ենթակա չէ պատասխանատվության:
Լուսինե Մարտիրոսյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ դատարան կանչել որպես վկա, լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին:Դատարանը մերժեց այն:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 18-ին:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.06.2014