«Առավոտի» մայիսի 20-ի «Մայթերի սալիկները ճոճվում են, փշուր-փշուր լինում» հրապարակմամբ անդրադարձել էինք Երեւանի որոշ փողոցներում մայթերի անհարմարություններին: Նշել էինք, որ Մելիք-Ադամյան-Տիգրան Մեծ եւ Խորենացի փողոցների մայթերի սալիկները ջարդուփշուր վիճակում են կամ ճոճվում են քայլող մարդկանց ոտքերի տակ:
Մեզ հետ զրույցում մի շարք քաղաքացիներ դժգոհություն էին արտահայտել, որ ճոճվող ու քանդրտված սալիկներն անհարմարություն են ստեղծում քայլելիս, անձրեւոտ եղանակին էլ այդ ճոճվող սալիկի վրա ոտքդ դնելուն պես՝ սալիկի տակ կուտակված ցեխաջուրը շատրվանի պես ցայտում է մարդկանց վրա: Հուրախություն մեզ դժգոհություն ներկայացրած քաղաքացիների՝ տեղեկացնենք, որ այս օրերին մայրաքաղաքի մի շարք փողոցների մայթերը, այդ թվում նաեւ մեր հոդվածում նշվածները, բարեկարգվում են, եւ նոր սալիկներ են տեղադրում:
Մայիսի 20-ի «Առավոտի» վերը նշված նյութում մեզ հետ զրույցում քաղաքացիներից մեկն էլ, մատնանշելով Խորենացի փողոցը, ասել էր. «Իմ ամեն օրվա ճամփեն է, ու սարքելուց մի տարի էլ չանցած՝ այս քարերը (նկատի ունի սալիկները) «օդ են թռնում»՝ հենց ոտքդ դնում ես վրան: Անունն էլ դնում են՝ բարեկարգում, բարեքանդում է ավելի շուտ»: Սալիկների՝ կարճ ժամանակից շուտ շարքից դուրս գալու առնչությամբ քաղաքացիները կասկած էին հայտնել, որ կառուցապատողը անորակ, էժանագին շինանյութեր է օգտագործել:
Կարդացեք նաև
Տեսնենք՝ այս տարվա բարեկարգումն ու սալիկները որքան «կձգեն»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.06.2014