Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչու է լեզվի խնդիրը Ռուսաստանի կողմից այդքան սկզբունքային դրված

Հունիս 19,2014 14:48

Ըստ քաղաքագետ Արմեն Գրիգորյանի` ռուսերենը պաշտոնական երկրորդ լեզու դարձնելով եւ դրա դերն ավելացնելով՝ գաղութացման գործընթացն ավարտին հասցնելը կհեշտանա:

– Պուտինի պրոպագանդիստ, «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը օրերս ՀՀ խորհրդարանում հայտարարեց, որ ռուսաց լեզվի դերը Հայաստանում օրեցօր փոքրանում է, հավելեց նաեւ՝ հնարավոր չէ մշակութային առումով ինտեգրվել մի կողմի, իսկ անվտանգության առումով` մյուս կողմին: Չափազանցվա՞ծ են Հայաստանում բորբոքված կրքերը Կիսելյովի գնահատականների շուրջ, թե՞ նրա մեսիջը պետք է ընդունել որպես Կրեմլից եկող կոնկրետ հրահանգ:

– Կիսելյովի լպիրշությանը չափազանց մեղմ արձագանք է տրվել, քանի որ միայն ընդդիմադիր ակտիվ հատվածն է իր բողոքը հայտնել, իսկ պետական մակարդակով պատշաճ կոշտ արձագանք ակնկալելն անհնար է` իշխող վարչախմբի որակի պատճառով: Առհասարակ, Կիսելյովի այցը կրկին բացահայտել է վարչախմբի ստորաքարշությունն ու գավառական նեղմտությունը` թեկուզ այն առումով, որ Կիսելյովի զբաղեցրած դիրքն այնպիսին չէ, որ նա խորհրդարանական մակարդակով ընդունելության արժանանար:
Կոշտ արձագանքի անհրաժեշտությունն առավել ակնհայտ է, քանի որ Կրեմլի սանձազերծած հոգեբանական պատերազմն ընդլայնվում է` նորանոր զիջումների պահանջով: Դեռեւս ավելի քան մեկ տարի առաջ պահանջում էին հրաժարվել ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրից` մի կողմից «անվտանգության» փաստարկը շահարկելով, մյուս կողմից` գազի կտրուկ թանկացման սպառնալիքով, ու նաեւ համասեռականության թեման շահարկելով (ի դեպ, կարող է թվալ, որ «անվտանգության» հզոր փաստարկի առկայության դեպքում վերջին թեմայի կարիքը չկա. բանն այն է, սակայն, որ նպատակաուղղված կերպով փորձում են հասարակության որոշակի հատվածի մոտ ամենապրիմիտիվ, ստոր բնազդներն արմատավորել): Սեպտեմբերի 3-ից հետո նոր թափ առավ ռազմական ներկայության ընդլայնումը, այնուհետեւ գազի բաշխիչ ցանցերին ամբողջությամբ տիրացան` միաժամանակ «Գազպրոմի» համար բացառիկ պայմաններ ապահովելով: Ներկայումս արդեն բացահայտ կերպով պահանջում են բուն ինքնությունից հրաժարում` դարձյալ «անվտանգության» դիմաց: Հայաստանում իշխող վարչախմբի օժանդակությամբ դե ֆակտո բռնակցման գործընթաց է տեղի ունենում, որը հաջողությամբ ավարտին հասցնելու համար ուզում են նաեւ լեզվի խնդիրը լուծել:

– Նույն հավաքում ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն էլ նշեց, թե Հայաստանը պետք է քաղաքական ընտրություն կատարի, թե ում հետ է ցանկանում լինել. եթե պետք է ինտեգրվի ՌԴ-ին, ապա քաղաքակրթության հիմքը ռուսաց լեզուն է, ուստի պետք է տարածել ռուսերենը, ինչը, սակայն, հայ հասարակության շրջանում դժգոհության ալիք է բարձրացնում: Ի՞նչն է պատճառը, որ ՌԴ-ից գործուղված գործիչները Հայաստանի քաղաքական ընտրության հարց են առաջ քաշում:

– Նախեւառաջ` համեմատության կարգով կարելի է նշել, որ տնտեսական ինտեգրման որեւէ այլ ձեւաչափում` ԵՄ եւ այլն, «քաղաքակրթության հիմք» հանդիսացող լեզու գոյություն չունի: Նման պահանջ ներկայացնելով՝ ռուս մեծապետական շովինիստները կրկին բացահայտում են, որ իրենց ինտեգրացիոն նախագծերը քաղաքական են, ոչ թե տնտեսական, եւ որ իրենց երկրի հետ ինտեգրումը հավասար գործընկերության սկզբունքով անհնար է` որքան էլ որոշ հայ գործիչներ պնդեն, որ Մաքսային կամ Եվրասիական միություններին Հայաստանը կարող էր «արժանապատվորեն» անդամակցել` հիմնադիր անդամի կարգավիճակ ձեռք բերելով եւ այլն:

Լեզվի խնդիրը կայսերապաշտների համար այդքան սկզբունքային է դրված, որովհետեւ ռուսերենը պաշտոնական երկրորդ լեզու դարձնելով եւ կրթական համակարգում դրա դերն ավելացնելով՝ գաղութացման գործընթացն ավարտին հասցնելը կհեշտանա: Պաշտոնական գործընթացներում եւ կրթության ոլորտում առկա սահմանափակումները վերացնելու դեպքում հայոց լեզուն լուսանցքում կհայտնվի. դա անխուսափելի կլինի` հատկապես հաշվի առնելով նաեւ ռուսաց լեզվով գրականության, հեռուստահաղորդումների, ֆիլմերի տարածվածությունը: Ի դեպ, նմանատիպ խնդիր գոյություն ունի ոչ միայն Հայաստանում. սա լրջագույն խնդիր է նույնիսկ մոտ 15 անգամ ավելի բնակչություն ունեցող Ուկրաինայի համար:

Քաղաքական ընտրության խնդրին անդրադառնալով՝ անհնար է նաեւ շրջանցել այն հանգամանքը, որ հօգուտ Ռուսաստանի ընտրություն կատարելու հիմնական փաստարկը ոչ թե տնտեսական օգուտների ակնկալիքն է, այլ սպառնալիքները` ահաբեկիչների կողմից պատանդների նկատմամբ կիրառվող ոճով: Այդ կերպ են արտահայտվում ոչ միայն Վոլինկինը, Կիսելյովը, Լեոնտյեւը, Մարկովը կամ Դուգինը (ով հայտարարել էր, որ Մաքսային միությանն անդամակցելու այլընտրանքը քարտեզից անհետացումն է), որոնց մակարդակն, ինչպես ասում են, «շրիշակից ցածր է», այլեւ միջազգային որոշակի համբավ դեռեւս պահպանող փորձագետները, ինչպես, օրինակ, Ֆ. Լուկյանովը, որը եւս հայտարարել է, որ «որոշ երկրներ չեն կարող ընտրություն կատարել», իսկ եթե, այնուամենայնիվ, փորձում են դա անել, «տեղի է ունենում այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայի հետ»:

– Հունիսի 13-ին ուկրաինական բանակը հատուկ գործողությունների արդյունքում գրավեց Մարիուպոլ նավահանգստային քաղաքը, որը փորձում էին վերածել ռուս անջատողականների կենտրոններից մեկի։ Ապա Ուկրաինայի օդուժի ռազմատրանսպորտային Իլ-76 օդանավը Լուգանսկի օդակայանում վայրէջքի պատրաստվելիս խփվեց անջատողականների կողմից: Տեղեկություն ստացվեց նաեւ, որ Ուկրաինայի նախագահի նստավայրի մուտքերից մեկի մոտ ինքնաշեն պայթուցիկ սարք է հայտնաբերվել: Ի՞նչ է կատարվում Ուկրաինայում, նոր նախագահին կհաջողվի՞ ՌԴ-ի հետ առճակատումը մեղմել:

– Առճակատումը մեղմելու եւ առհասարակ դադարեցնելու համար ուղղակի անհրաժեշտ է, որ Ռուսաստանը դադարեցնի ահաբեկչական մարտավարության կիրառումը, գրոհայիններ չուղարկի եւ նրանց դրամական միջոցներ եւ զենք չտրամադրի: Ուկրաինայի սահմանի մերձակայքում շաբաթներ շարունակ տեւած լայնածավալ զորավարժությունների դադարեցումը եւ ներխուժման անմիջական սպառնալիքից ձեւականորեն հրաժարվելն օգտագործվեցին Կրեմլի կողմից` իրավիճակի «դեէսկալացիայի» տպավորություն ստեղծելու եւ առավել խիստ պատժամիջոցներից խուսափելու համար (նման պարզունակ խաղի հաջող ելքը մեծապես պայմանավորված է մեծաքանակ «օգտակար ապուշների» առկայությամբ): Փոխարենն ավելացել է ահաբեկիչների ներհոսքը եւ նրանց մատակարարվող սպառազինության տեսականին` մասնավորապես, հնարավոր դարձնելով օդանավի կործանումը: Ակնհայտ է, որ առանց Ռուսաստանից շարունակաբար ժամանող կազակների, կադիրովյան եւ այլ հանցախմբերի մասնակցության խռովությունն ընդամենը հաշված օրեր կարող էր տեւել: Կրեմլին նաեւ չհաջողվեց նախատեսվածի պես Ուկրաինայում քաղաքացիական պատերազմ հրահրել` չնայած ահաբեկչական հնարքների կիրառմանը, այդ թվում՝ «կենդանի վահան» օգտագործելուն, որի նպատակներից մեկը քաղաքացիական անձանց շրջանում զոհերի քանակն ավելացնելն է` բնակչությանը պետական իշխանության եւ բանակի դեմ տրամադրելու համար:

– Հայաստանը մինչեւ հուլիսի 1-ը ստորագրելու է Եվրասիական միությանը միանալու պայմանագիրը: ՀՀ իշխանության ներկայացուցիչները վստահեցնում են, թե ԼՂ-ի ու Հայաստանի միջեւ անցակետ չի կարող տեղակայվել: Եվրասիական միությունում ընդդեմ Հայաստանի եւ ԼՂ-ի շահերի սպառնալիքներ տեսնո՞ւմ եք:

– Եվրասիական միությանն անդամակցելը, որպես այդպիսին, հակասում է Հայաստանի շահերին: Արդեն բազմիցս նշվել է, որ դրանով սահմանափակվելու է Հայաստանի ինքնիշխանությունը, արտաքին հարաբերությունների ոլորտում, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում Ռուսաստանին որոշիչ դեր է վերապահվելու, որ այլ երկրների, այդ թվում՝ հարեւան Վրաստանի եւ Իրանի հետ առեւտրի եւ տրանսպորտի ոլորտներում են խնդիրներ առաջանալու, սննդի, դեղորայքի եւ բազմաթիվ այլ ապրանքատեսակների թանկացում է տեղի ունենալու, Ռուսաստանում արմատավորված առավել հոռի բարքերն են տարածվելու եւ այլն:
Աստանայում կատարվածը նաեւ այլ սպառնալիք է բացահայտել. գործող վարչախումբը պատրաստվում է մտնել միության մեջ այնպիսի «գործընկերների» հետ (որոնք նաեւ ֆորմալ առումով մեր դաշնակիցներն են ՀԱՊԿ-ի շրջանակում), որոնք արդեն բացահայտել են Հայաստանի հետ հարաբերությունները Ադրբեջանի պահանջներով պայմանավորելու պատրաստակամությունը: Թույլ տվեք հիշեցնել, որ մինչ այժմ, ըստ էության, Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններն Ադրբեջանի շահով բացահայտորեն պայմանավորող միակ երկիրն էր (ճիշտ է, Սաուդյան Արաբիան եւ Պակիստանը նույնպես Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել, սակայն նրանք շրջափակմանը մասնակցելու կամ ԼՂ կարգավորման գործընթացին բացահայտ կերպով միջամտելու լծակներ չունեն` ի տարբերություն Թուրքիայի եւ Եվրասիական միության անդամների, որոնք Հարավային Կովկասում անմիջական ներգրավվածություն ունեն):

– Լարված իրավիճակ է վերջին շրջանում ղարաբաղյան շփման գծում, Հայաստան-Նախիջեւան սահմանի լարվածությունն է վերջին օրերին քննարկման առիթ դարձել: Ո՞ւմ է ձեռնտու այս լարվածությունը եւ ինչի՞ կարող է հանգեցնել:

– Լարվածությունը ձեռնտու է նախեւառաջ` Ռուսաստանին. դա մի կողմից՝ Հայաստանի նկատմամբ սպառնալիքների եւ շանտաժի մարտավարության շարունակությունն է` «անվտանգության» փաստարկը կրկին շահարկելու իմաստով, որպեսզի հանկարծ վերջին պահին չհրաժարվենք Եվրասիական միությանն անդամակցելուց: Միաժամանակ այդ լարվածությունը ռուս-թուրքական եւ ռուս-ադրբեջանական ընթացող քաղաքական առեւտրում կարող է որոշակի դեր խաղալ` ԼՂՀ սահմանին մաքսակետի տեղադրումը Հայաստանին պարտադրելու նպատակով` դարձյալ «անվտանգության» նկատառումներից ելնելով: Մյուս կողմից՝ Ռուսաստանին առհասարակ ձեռնտու է տարածաշրջանն ապակայունացման միջոցով վերահսկելու լծակների ավելացումը` հաշվի առնելով մոտ ապագայում նավթի թանկացում ապահովելու անհրաժեշտությունը, մանավանդ՝ իրանական նավթի արտահանման հնարավոր աճի դեպքում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30