Լրահոս
Օրվա լրահոսը

«Քառյակն իր երեսը փրկելու համար է այդ կետերն առաջարկել»

Հունիս 19,2014 14:58

ՀԱԿ դաշինքի նախկին անդամ Պետրոս Մակեյանը կարծում է, որ իշխանությունները փորձում են խորհրդարանական քառյակի միջոցով վերահսկել ընդդիմադիր դաշտը:

«Էդ գաբարիտի քառյակի` հրաշալի քառյակի հզորությունն ու իրենց ներկայացրած կետերը նայելիս կարելի է ասել, որ շատ փոքր պահանջներ են դրել»,- «Առավոտի» հետ զրույցում խորհրդարանական քառյակի` ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն», որին Լեւոն Տեր-Պետրոսյանն անվանեց «հրաշալի քառյակ», իշխանություններին ներկայացրած 12 կետից բաղկացած պահանջների մասին ասաց ՀԱԿ դաշինքի նախկին անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Հիշեցնենք. քառյակի պահանջները հիմնականում սոցիալ-տնտեսական բնույթի են` վերացնել պարտադիր կուտակային համակարգը, վերագործարկել «Նաիրիտ» գործարանը, վերանայել «Որոտան» ՀԷԿ-երի համալիրի վաճառքը, չթանկացնել հասարակական տրանսպորտը, ընդդիմությանը վերահսկողական ֆունկցիաներ տալ եւ այլն: Մեր զրուցակիցը մանրամասն չի ուսումնասիրել քառյակի ներկայացրած 12 կետերը, դրա անհրաժեշտությունը չի տեսել: 12 կետերի թռուցիկ ընթերցումից, սակայն, եկել է այն համոզման, որ «էդ պահանջներն էլ չեն կատարվելու»:

Դիտարկմանը, որ ՀՀԿ-ականները թերեւս դրական ու կառուցողական են գնահատել 12 կետերը, բայց հայտարարել են, որ տոգորված չեն դրանք կատարելու ցանկությամբ, Պետրոս Մակեյանը պատասխանեց. «ՀՀԿ-ականների ասելիքը մի քիչ օբյեկտիվ չէ, որովհետեւ իրենք իրականությունից կտրված են: Կոպիտ ասած, իրենք այնքան են հաբռգել, որ հողից կտրված են, դրա համար իրենց հայտարարություններն ինձ համար էական չեն: Բայց մի բան հստակ է՝ քանի որ մեր իշխանություններն իրականությունից կտրված են, որեւէ բանի լուրջ չեն վերաբերվելու եւ զուտ իմիտացիա են անելու, թե փորձում են քայլեր անել, ինչ-որ բան փոխել եւ այլն»:

Ինչ մնում է քառյակին եւ 12 պահանջներին, նախկին ՀԱԿ-ականը նկատեց. «Կարծում եմ՝ քառյակն իր երեսը փրկելու համար է այդ կետերն առաջարկել: Քառյակը կարծես այլեւս ոչ ասելիք ուներ, ոչ էլ անելիք, հետեւաբար խնդիրներ է դրել, իր համար թայմ-աուտ է վերցրել: Մնացածը կյանքը ցույց կտա: Եթե դրսից ինչ-որ մեսիջներ զգան, կսկսեն քայլեր անել, եթե ոչ` կշարունակեն խաղալ ու թեկուզ իրենց դեմքը փրկելու համար էլի մի երկու փրկության ծրագիր կներկայացնեն մեր ազգի համար»: Նման հոռետեսական գնահատականների առիթ մեր զրուցակցին տվել է թեկուզ այն հանգամանքը, որ 12 պահանջներում երկրի առաջին դեմքի պաշտոնանկության եւ հրաժարականների կոչեր չկան: «Դրսից» սպասվելիք «մեսիջների» առիթով հետաքրքրվեցինք` Մաքսային միությանը մեր երկրի անդամակցության խայտառակ գործընթացը կարո՞ղ է բերել այնպիսի քայլերի, որոնք հասարակական ընդվզման առիթ դառնան: Պետրոս Մակեյանը դժվարացավ պատկերացնել մի իրավիճակ, երբ ՄՄ-ին անդամակցությունը կարող է վերաճել հասարակական ընդվզման, բայց, նկատի ունենալով ընթացող աշխարհաքաղաքական գործընթացները, իսպառ չբացառեց այդ հնարավորությունը: «Աշխարհում այս պահին, մասնավորաբար՝ Ուկրաինայում ընթացող գործընթացները մեծ հաշվով գերտերությունների պայքարի հարթության մեջ են, ու չի բացառվում, որ ինչ-որ բան Հայաստանում էլ սկսվի: Բայց դա, ցավոք, մեզ համար որեւէ լավ բան չի նախանշի՝ բացի քաոսային իրավիճակ ստեղծելուց: Այդ առումով ես չէի ցանկանա, որ դրսում ընթացող գործընթացների հետեւանքով Հայաստանում գործընթացներ զարգանան, որովհետեւ դա մեզ համար բացասական հետեւանքներ է ունենալու: Մենք այդ ռեսուրսը չունենք: Նույնիսկ Ուկրաինան չի դիմանում այդ զարգացումներին, ուր մնաց՝ մենք, ինչպես ժողովուրդն է ասում` չփլախ ջաններիս կատու շալակենք»:

«Առավոտի» դիտարկման հետ` դատելով Ձեր իսկ գնահատականներից՝ Հայաստանում ընդդիմություն գոյություն չունի, Պետրոս Մակեյանը չհամաձայնեց: «Հայաստանում ողջ հասարակությունն է ընդդիմություն, մասնավորաբար՝ կայացած քաղաքացիական հասարակության զանգվածը: Քաղաքական ընդդիմություն եւս գոյություն ունի, համախմբման գործընթաց էլ անպայման գնալու է: Բայց իշխանությունները փորձում են խորհրդարանական քառյակի միջոցով վերահսկել ու պահել այդ դաշտը, որպեսզի իրենցից դուրս որեւէ բան չկայանա: Դա, միեւնույն է, իրենց չի հաջողվելու: Քաղաքական ընդդիմությունը վաղ թե ուշ համախմբվելու է»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30