Այս տարվա գարնանը եւ ամռանը տեղացած կարկուտը բավական վնասներ է պատճառել Տավուշի մարզի այգիներին եւ ցանքատարածություններին: Հունիսի 12-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի Լճկաձոր համայնքում կարկուտից վնասվել են գյուղի այգիները եւ ցանքատարածությունները: Լճկաձորի գյուղապետ Սուրիկ Մարտիրոսյանը հայտնեց, որ շուրջ 10 րոպե տեւած, բավական ուժգին կարկտահարությունից հետո գյուղի դեղձի այգիների բերքը վնասվել է 95 , խաղողի այգիների բերքը՝ 90 տոկոսով: Դրա նախօրեին կարկտահարությունից տուժել են Նոյեմբերյան քաղաքի այգիները եւ ցանքատարածությունները: Հունիսի 8-ի կարկտահարությունից վնասվել են Լճկաձորի, Հաղթանակի եւ Պտղավանի ցանքերն ու այգիները:
Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը Տավուշի մարզխորհրդի հունիսի 3-ի նիստում հայտնեց, որ մայիսի 13-14-ին Բերդի տարածաշրջանի 5 համայնքներում եղել է կարկտահարություն,որից տուժել է պտղատու եւ խաղողի այգիների բերքը, Նավուրի հացահատիկային սերմնաբուծական տնտեսությունը: Տավուշի մարզում հակակարկտային կայաններ չկան, մարզի Բագրատաշեն համայնքում գործում է «Զենիթ» տեսակի հակակարկտային կայան, Տավուշ եւ Այգեհովիտ համայնքներում տեղադրվել են հակակարկտային ցանցեր՝ յուրաքանչյուրը 3000 քառակուսի մետր մակերեսով:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նիստում հայտնեց, որ ողջ աշխարհում գյուղատնտեսությունը համարվում է ապահովագրության համար ռիսկային ոլորտ, պետությունը մեղք չունի կարկտահարության համար, տուժած գյուղացիներին աջակցելու համար պետության հնարավորությունները սուղ են: Նախարարն ասաց, որ գյուղատնտեսական ցանքերը ապահովագրելու համար ֆերմերները պետք է տարեկան մուծեն 190 հազար դրամ, ինչը գյուղացիների համար մեծ ծախս է: Նա հայտնեց, որ Ֆրանսիայի աջակցությամբ Հայաստանում կներդրվի գյուղատնտեսության բնագավառի ապահովագրության համակարգ, սակայն դա երկարատեւ գործընթաց է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ