«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնությունը այսօր երեկոյան կոչ էր արել միավորվել՝ անդառնալի ավերումից փրկելու Երևանի ամենագեղեցիկ հուշարձաններից մեկը՝ 130- ամյա Աֆրիկյանների ակումբի շենքը: Հունիսի 17-ի առավոտյան սկսվել էին շենքի քանդման աշխատանքները, որոնք կասեցվել էին ակտիվիստների ու մշակույթի նախարարության միջամտությունից հետո: «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնությունն այսօր կայացած երթի ժամանակ բարձրախոսով հայտարարեց, որ քանդումը հակասում է Եվրոպական ճարտարապետական ժառանգության պաշտպանության կոնվենցիային, որի 5-րդ հոդվածը հստակ ասում է, թե հուշարձանները տեղափոխելն արգելվում է, եւ թույլատրելի է միայն այն պարագայում, երբ հուշարձանի գոյությանը վտանգ է սպառնում: Աֆրիկյանների ակումբի շենքի տարածքը քաղաքապետարանի կողմից հռչակվել է որպես «գերակա շահ»:
Աֆրիկյանների ակումբի շենքի մոտից մեկնարկած երթի մասնակիցները վանկարկում էին «Աֆրիկյանները՝ հանրությանը», «Հանցագործներ», «Չի քանդվելու»: Կառավարության շենքի մոտով անցնելիս երթի մասնակիցները «Ա՛-մո՛թ» վանկարկեցին: Ողջ երթուղու ընթացքում (Աֆրիկյանների շենք (Տերյան 11) – Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ – Սայաթ-Նովա պողոտա – Աբովյան փողոց – Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց – Մաշտոցի պողոտա- Պուշկին փողոց – Աֆրիկյանների շենք) անցորդներին բաժանվում էին թռուցիկներ այն բովանդակությամբ, որ երեւանցիների միահամուռ ջանքերով կարող են փրկվել Հին Երեւանի պատմության վերջին բեկորները: Ոմանք զարմացած նայում էին ցուցարարներին, ոմանք ասում էին՝ կեցցեք:
Ողջ երթի ընթացքում մասնակիցներին ուղեկցում էին ոստիկանները: Նրանցից մեկը եռանդով նկարում էր բոլորին:
Կարդացեք նաև
Երթի մասնակիցների հետ էր Տերյան 11-ի վերջին բնակիչը: «Անունս Վահե է, ինձ կյաժ են ասում, ես նոր եմ դուրս եկել կալանավայրից ու տեսել, որ տունս քանդված է, հիմա ապրում եմ խոնավ խցում: Վրայովս բուլդոզեր էլ անցնի, չեմ հեռանա, կմնան ակտիվիստների հետ, կպաշտպանեմ Աֆրիկյանները»,-Aravot.am-ին ասաց Վահեն (լուսանկարում՝ կանաչ վերնաշապիկով):
Մանրամասները` տեսանյութում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ