Լրահոս
Օրվա լրահոսը

Մանուկ Զաքարյան. «Մենք փոխզիջման չենք գնում, մենք ուզում ենք, որ կատարվեն մեր երեք պահանջները». (Տեսանյութ)

Հունիս 18,2014 22:12

Երբ անակնկալ կերպով կառավարությունն այսօր փորձեց հատուկ կարգով խորհրդարանում առանց քննարկումների, առանց գլխադասային հանձնաժողովներում լսվելու, պարզապես «դակել» կուտակային կենսաթոշակների մասին նորացված օրինագիծը, «Դեմ եմ» շարժումը հրատապ ակցիա արեց Ազգային ժողովի մոտ:

Ակցիայի մասնակիցներից, «Դեմ եմ» շարժման անդամ Մանուկ Զաքարյանը, «Առավոտի» հարցին՝ այսօր ստացվեց տապալել օրինագծի քվեարկությունը, բայց այս փորձերը հետո էլ կլինեն, ի՞նչ եք անելու, պատասխանեց. «Շատ անկանխատեսելի է ամեն ինչ: Ոչ ոք չէր սպասում, որ օրենքի այսքան խախտումներով օրինագիծը պետք է մտցնեն Ազգային ժողով, նույնիսկ պատգամավորները օրենքի նախագծի օրինակը չեն ունեցել եւ ստացել են այսօր: Ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչպես են մտածում, բոլոր օրենքները ոտնատակ տալով, փորձում են իրենց ուզածն անել: Միարժեքորեն պետք է համախմբել եւ պայքարել»:

Նա նկատեց, որ, ըստ էության, որեւէ տարբերություն նախորդ օրինագծի եւ ներկայի միջեւ չկա՝ «բառախաղի միջոցով ուզում են ցույց տալ, թե նոր օրենք է»: Մեր հարցին՝ բայց դուք տեսե՞լ եք նոր օրինագիծը, քանի որ պատգամավորներն էլ չէին հասցրել ծանոթանալ, Մ. Զաքարյանը պատասխանեց. «Պատգամավորները հենց այսօր են տեսել: Մենք ծանոթ ենք այնքանով, որքան մամուլում շրջանառվել է կամ քառյակի կողմից ներկայացվել են էդ հիմնական կետերը՝  դրանք են:  Դե, փորձել են ինչ-որ շեմ սահմանել վերեւից, նվազագույն աշխատավարձից չպահել, եւ ասում են, որ պետական սեկտորի վրա կտարածվի հիմա, իսկ մասնավորի վրա՝ հետագայում, երեք տարուց: Բայց ես համոզված եմ, որ եթե այսպես թողնենք, մյուս տարի կասեն, որ հիմա փոխում ենք նաեւ մասնավորի վրա: Այնպես որ, միարժեքորեն պետք է պայքարել բոլոր հնարավոր միջոցներով, օրենքի սահմաններում, որպեսզի թույլ չտանք նման զարգացումներ»:

Նկատեցինք, որ իշխանությունը հետեւողականորեն գնում է նրան, որ այս օրինագիծն ամեն գնով անցկացնի, ի՞նչ փոխզիջման են պատրաստ իրենք: «Մենք փոխզիջումների չենք գնում, մենք ունենք երեք պահանջ, որոնք հրապարակվել են, եւ միայն այդ պահանջների կատարումն ենք ուզում, այն է՝ չպիտի սոցիալական բեռը որեւէ ձեւով ավելանա, այլապես ստացվում է, որ 5 տոկոսով հարկերն ավելացնում են՝ եթե առաջ 25 տոկոս էր, հիմա փորձում են սարքել 30% , լինի կամավոր եւ համակարգից դուրս գալն էլ լինի կամավոր: Միակ խելացի բանը, որ կարող էր անել կառավարությունը՝ նախկինում սոցիալական վճար կոչվածը ուղղեին ֆոնդեր, այսպես թե այնպես այդ գումարները վճարում ենք ու չգիտենք՝ ինչի համար»:
Հարցազրույցի մանրամասները՝  տեսանյութում:   

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30