Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երիտասարդ ֆիլմարտադրողներն իրենց ֆիլմերում անդրադարձել են հասարակական, տնտեսական և քաղաքական հարցերի

Հունիս 18,2014 22:06

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ու Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված Երիտասարդ վավերագրողների կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի արդյունքները կամփոփվեն հունիսի 20-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում: Հաղթողների անունները կհայտարարի ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

«Ֆիլմ նկարահանելն այնքան էլ հեշտ գործ չէ,- ասում է դեսպանը,- ես ինքս էլ դեռ չգիտեմ՝ ովքեր են հաղթել, որովհետև ժյուրիի կազմում ընդգրկված չեմ, բայց շատ ուրախ եմ, որ հենց ես եմ հայտարարելու նրանց անունները: Ուրբաթ երեկոյան արդեն առիթ կլինի շփվել ֆիլմերի հեղինակների հետ: Ինձ համար կրկնակի պատիվ է նույն հարթակում գտնվել երիտասարդ հայ ֆիլմարտադրողների հետ»:

Նշենք, որ Ամերիկյան վավերագրական ֆիլմերի ցուցաշարի շրջանակներում 17-26 տարեկան երիտասարդ ֆիլմարտադրողներ վավերագրական ֆիլմեր են պատրաստել, որոնցում անդրադարձել են Հայաստանում առկա հասարակական, տնտեսական կամ քաղաքական որևէ հարցի՝ իրենց հայեցողությամբ:
«Ես ծանոթ եմ այս ֆիլմերում արծարծված խնդիրներին և շնորհավորում եմ երիտասարդներին մեծ նրբանկատություն պահանջող շատ ու շատ հարցերի արծարծմանը ձեռնամուխ լինելու համար,- ասում է Ջ. Հեֆերնը:- Ընդհանրապես, վավերագրական ֆիլմերը նպաստում են գիտակցության զարգացմանը, իսկ այս շնորհալի երիտասարդների ֆիլմերի թեմատիկան շատ լայն է և զանազան հարցեր է շոշափում»:

Ծրագրի շրջանակներում հունվար-մարտ ամիսներին հայ և արտասահմանցի փորձառու մասնագետները մի շարք դասընթացներ են անցկացրել, ապա երիտասարդ հայ վավերագրողներին առաջարկվել է ներկայացնել իրենց ֆիլմերը` մասնակցելու մրցութային փուլին: Իսկ ներկայացված 28 ֆիլմերից ժյուրին ընտրել է երեք լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմերը` «Լավագույն ֆիլմ», «Լավագույն պատմություն» և «Լավագույն կինեմատոգրաֆիա» անվանակարգերում: Կազմակերպիչների խոսքով՝ հաղթող ֆիլմերի հեղինակները որպես մրցանակ կստանան HD տեսախցիկներ, իսկ «Լավագույն ֆիլմ» անվանակարգի հաղթողին կշնորհվի նաև միջազգային փառատոնի մասնակցության վկայագիր:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանն էլ ասաց, որ հպարտանում է այս ընթացքում ստեղծված ֆիլմերով: Իսկ ինչ վերաբերում է նախաձեռնությանը, այն մեծ հնարավորություն էր հայ երիտասարդների համար՝ ներկայացնելու իրենց գաղափարները և աշխատելու առաջատար մասնագետների հետ: Նա նաև տեղեկացրեց, որ այս օրերին Թումոյում կցուցադրվեն ֆիլմերը:
«Վաղուց էի մտածում ֆիլմ նկարահանելու մասին,- ասում է ծրագրի մասնակից Ավետիս Ավետիսյանը,- շարունակ սահմանամերձ գյուղերում լինելով՝ ցանկանում էի այնտեղի մարդկանց կյանքը ցույց տալ»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30