Երեկ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում «Մեդիա կենտրոնը» քննարկում էր կազմակերպել այս քաղաքի անօթևաններին հուզող թեմայով` ինչո՞ւ կառավարությունը առնվազն մեկ տարով հետաձգեց բնակարանաշինությունը Գյումրիում:
«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը, պատասխանելով այն հարցին, թե դժվա՞ր է կառավարությանը գումար ճարել այս նպատակի համար, ասաց. «430 բնակարանը մոտավորապես 7-8 միլիոն գումարի ծախս է, գուցե մի քիչ ավել, մի քիչ պակաս, դահլիճում գտնվող յուրաքանչյուրը պետական բյուջեի մեջ մի 30 տող կգտնի, որտեղ մատը կդնի և հեշտությամբ կասի` էստեղից հեշտությամբ հնարավոր է կրճատել էդ 7-8 միլիոնը և ուղղել էդ խոստացված բնակարանաշինության համար: Իմ սուբյեկտիվ գնահատականն ունեմ իհարկե, թե ինչու չի արվում, մի քանի անգամ արտահայտվել եմ. Սերժ Սարգսյանը երևի հնդկական ֆիլմեր է նայել «Վրիժառու» վերնագրով, փորձում է վրեժ առնել գյումրեցիներից…Ուրիշ բացատրություն ես չունեմ էդ մարդու վարքի, անպատասխանատվության, գյումրեցիների հանդեպ անարգանքի դրսևորումների, իր սեփական խոսքի նկատմամբ անարգանքի դրսևորման, ուրիշ բացատրություն չունեմ, իր եսը ավելի վեր կանգնել իր արժանապատվությունից… որևէ մեկը թող չփորձի ասել ինքը չէ, քաղաքաշինության բյուջեն է, կառավարությունն է, ինքն է, ինքն է խոստացել, որ 2012 թիվը գոնե ցուցակ մտած անօթևանների խնդիրները կկարգավորվեն և չի կարգավորվել»:
Ըստ Լևոն Բարսեղյանի, Երևանի ասֆալտած փողոցների վրայից ասֆալտը քերելն ու նորից ասֆալտ անելը ավելի կարևոր է, պետական մի չնչին հիմնարկի համար 50 հազար դոլարանոց վարագույրներ, կիլոմետրերով զուգարանի թուղթ գնելը, ազգային անվտանգության ծառայության համար հարյուրավոր ավելներ ու ցախավելներ գնելը շատ ավելի կարևոր է, քան անօթևանները:
«Կարող են սպասել անօթևանները ըստ երևույթին, կարող են գաղթել, ջհանդամ գաղթեն, թող գաղթեն, իրենց վերաբերմունքը էդպիսին է, ես ուրիշ բացատրություն չունեմ, իշխանության մտքով չի անցնում հանրությանը բան բացատրել: Սահմանադրություն է խախտվում այն հանգամանքով, որ երկիրը կարծես թե ժողովրդավարական էր հայտարարված, սա նշանակում է, որ իշխանությունը իր բոլոր գործողությունների համար կանխավ հաշիվ պիտի տա մարդկանց, պիտի գա հետները նստի, քննարկի` ի՞նչ անել, անե՞լ-չանե՞լ, նստի հաշիվ տա: Մարդիկ հաշիվ տալու կարիք չունեն, պատասխանատվության զգացում չկա, հասկացանք, ախպեր, ասենք թե շատ զբաղված ես, պրեզիդենտի պաշտոնն ես զբաղեցնում, Պուտինի հետ ես նստում, ելնում, հե՞չ մարդ չունես, որ գա բան բացատրի էս մարդկանց, չկա՞ էդ մարդը, կառավարություն ինչի՞ ես պահում, էդ ահռելի աշխատավարձը ինչի՞ համար է», – ասում է Լևոն Բարսեղյանը:
Կարդացեք նաև
Նրա ասելով, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ անգամ շինարարություն է եղել` պատերազմից անմիջապես հետո: «Էս մարդիկ որոշել են, որ գյումրեցի ընտրողների էդ շերտը իրենց համար թնդանոթի միս է ընտրությունների նախօրեին, ես վստահ եմ ուղղակի, որ հաջորդ շինարարությունը կարող է լինել հաջորդ համապետական ընտրությունների շեմին, այսինքն` մարդիկ պահում են, աճեցնում են էդ զանգվածը, որովհետև էդ մարդիկ վերջը ընտանիք են, լավից-վատից մի քիչ աճում է: Մի մասին քարոզարշավի շրջանակներում տրամադրում են, էն մյուսը մնում է, մինչև հումք լինի, քարոզելու ականջ լինի, բայց դե գյումրեցիք անցած ընտրություններին և խորհրդարանականի, և նախագահականի ժամանակ բացատրեցին, որ բոլորովին սխալ տեղերում եք հարիֆներ որոնում: Սերժ Սարգսյանը, նրա ընտանիքի բոլոր անդամները, նրա թայֆի բոլոր մարդիկ այստեղ ավելի քվե չեն ստանալու, քան ստացել են, մոտավորապես էլի 20 տարի էդ ժողովուրդը ստեղ ավել քվե չի ստանալու, քան ստացել է վերջին նախագահականի ժամանակ` զոռով, շառով, գիտեք ինչպես»:
Ըստ Լևոն Բարսեղյանի, անօթևանները այլևս կորցնելու ոչինչ չունեն, պետք լինի փողոցներ էլ կփակեն, և խոսքը միայն 432 ընտանիքների մասին չէ, այլ 4000 ընտանիքների, քանի որ նրանց իրական թիվը 4000-ն է: «Սրանք (ի նկատի ունի իշխանություններին) ապացուցել են, որ եթե ժողովրդից չեն ընտրված, չեն կարող ժողովրդից դառնալ, երևի տարբեր պետությունների պատմության մեջ եղել է, որ ժողովրդից չեն ընտրված, բայց դարձել են ժողովրդից, մերոնք ապացուցել են, որ կապ չունեն էս հանրության, հասարակության հետ, իրենք կապ ունեն մեզնից հավաքած փողերի հետ, էդ փողերը իրենց հայեցողությամբ տնօրինելու հետ: Էդ 7-8 միլիոն դոլարը ի՞նչ էր, ձեռքերդ քարի տա՞կ էր, չէի՞ք կարող գտնել, բերել, գոնե ձեր խոսքի տակից ելնել, հա՞»:
Լևոն Բարսեղյանի ասելով, տնակներում բնակվող մարդիկ քնելուց առաջ առնետների համար առանձին հաց են դնում, որ առնետը ուրիշ բաներով չզբաղվի,ըստ նրա այս հարցերը ինչքա՞ն կարելի է բացատրել իշխանություններին…
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ