Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր դիվանագիտությունն այսօր այնքան է թուլացել, որ գալիս մեր երկրում մեզ սպառնում են». արևելագետ

Հունիս 18,2014 20:27

«Հայի իմ ինքնասիրությունը խիստ վիրավորված է այն օրվանից, երբ ինչ-որ մի ռուս լրագրող, ասպարեզ գալով, փորձեց հենց Հայաստանում վերջնագրով (ուլտիմատումով) խոսել հայերի հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր վրդովմունքն արտահայտեց արևելագետ Խաժակ Թոմոյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ-ում «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հայտարարություններին:

«Մեր պետական գործիչները, որոնք սխալմամբ իրենց քաղաքական գործիչ են անվանում (քաղաքական գործիչներն ավելի լուրջ մարդիկ են, նրանք հաստատ անպատասխան չէին թողնի սա), փոխանակ դրան արձագանքեն և ճիշտ մեխին հարվածեն, փորձում են արդարանալ, թե ռուսերենը կա մեր դպրոցներում, լավ էլ դասավանդվում է և այլն: Այ մարդ, ռուսերենի մասին չէ խոսքը,- ասում է արևելագետը,- Դ. Կիսելյովի կոնկրետ շեշտադրումը հետևյալում է. նա իր խոսքն սկսում է ազգային արժեքներից, արժեհամակարգերից, գալիս-հասնում է 90-ականներ, հիշեցնում, որ մարդիկ փողեր կորցրին, չքավորության մեջ հայտնվեցին և այլն: Նա ինչ-որ տեղ փորձում է թարմացնել մեր հիշողությունը, թե ինչ վիճակների մեջ ենք մենք եղել՝ ակնարկելով, որ կարող ենք նույն վիճակների մեջ նորից հայտնվել: Այդ միտքն այսպես է արտահայտվում նրա խոսքում. չեք ուզում, մի բացեք ռուսական դպրոցներ Հայաստանում, բայց դա իր հերթին կիջեցնի Հայաստանի անվտանգության մակարդակը, իսկ մինչև այդ նախադասությունը նա ասում է, որ Ռուսաստանն ստանձնել է Հայաստանի անվտանգության երաշխավորի դերը: Լավ, երաշխավորն ինքը իրավունք ունի՞ նման արտահայտության, այսինքն՝ ի՞նչ. երաշխավորել է պայմանով, որ եթե դպրոց չբացես, քո երկրի անվտանգության մակարդակը կիջնի՞»:

Ռուս լրագրողի հայտարարությունները Խ. Թոմոյանը դիվանագիտական քայլ է համարում. «Փորձում են ստուգել Հայաստանի տրամադրվածությունը. ենթադրենք՝ այս բանն ասենք, ինչպե՞ս կընդունվի, և ամենացավալին այն է,- ասում է Խ. Թոմոյանը,- որ Ռուսաստանի դեսպանությունը չի արձագանքում Հայաստանի կողմից այսքան քննարկումներին, չի ասում՝ դե լավ, հասկացանք, մարդ է, հիմարություն է դուրս տվել, չարժե դրա հետևից ընկնել, չէ՞ որ դա մեր պաշտոնական դիրքորոշումը չէ, մարդը պարզապես իր կարծիքն է հայտնել… Փոխարենը լռում է, իսկ լռելն ի՞նչ է նշանակում: Հավանաբար, նշանակում է, որ դա իրենց պաշտոնական դիրքորոշումն է, որ դա արդեն պետականորեն մտածված ծրագիր է, որ Հայաստանում անպայման պետք է բացվեն ռուսական դպրոցներ. ինչո՞ւ մինչև հիմա չկա, եթե դու գործընկեր ես»:

Բանախոսն այս հարցում հստակ տեսնում է հայկական դիվանագիտության թերացումը. «Մեր դիվանագիտությունն այսօր այնքան է թուլացել՝ ի դեմս մեր արտգործնախարարի, որ գալիս մեր երկրում մեզ սպառնում են, թե երկրի անվտանգության մակարդակը կարող է իջնել: Եկեք համեմատենք,- ասում է Խ. Թոմոյանը,- դուք երբևէ տեսե՞լ եք, որ Լավրովը ինքնասիրահարված դեմքով կանգնի ամբիոնի մոտ ու մելամաղձոտ տոնով ճառ ասի: Նրա ամեն մի բառի մեջ սպառնալիք կա, պարտադրանք կա՝ պետք է, պիտի, այսպես է որոշվել… Արտգործնախարարը, որը պետություն է ներկայացնում, որը պատասխանատու է արտաքին կապերի համար, առաջին հերթին պետք է հռետորական ձիրք ունենա»:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30