Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում հունիսի 16-ին տեղացած հորդառատ տեղումների հասցրած վնասների հետեւանքները շարունակում են վերացնել: Ինչպես տեղեկացրել ենք, մոտ 40 րոպե տեղացած հողմախառն անձրեւը հեղեղել էր Մեղրի քաղաքի փողոցները, քարով ու տիղմով ծածկել կայանած ավտոմեքենաները, կաթվածահար արել երթեւեկությունը, հենապատերը քանդել, միջհամայնքային ճանապարհները վնասել, բազմաբնակարան շենքերի առաջին հարկերը ջրով ողողել: Մեղրու քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանի խոսքով` ներկա պահի տվյալներով, 42 անհատական տուն տարբեր աստիճանի վնաս է ստացել, մեղրեցիները դեռ շարունակում են վնասների մասին դիմումներ ներկայացնել քաղաքապետարան:
«Տեղում ստեղծված հանձնաժողովն իր աշխատանքները շարունակում է, փորձում ենք քաղաքի վիճակը կարգավորել, բնակիչներին ինչ-որ ձեւով օգտակար լինել, ներկա պահին դիմումներ ենք ստանում բնակիչներից: Քաղաքին լուրջ վնաս է հասցվել, ասֆալտներն են քանդվել, ավազակույտեր են քաղաքի մեջ գոյացել, քարեր են սարերից գլորվել դեպքի քաղաք: Այս պահի դրությամբ ճանապարհներն անցանելի են, տեղումներից հետո անմիջապես ժողովուրդը ոտքի կանգնեց, սկսեցինք ճանապարհները մաքրել: Մարզպետի աջակցությամբ հուսով ենք վաղվանից Մեղրիում կսկսենք վերականգնման աշխատանքները, Ամեն ինչ անելու ենք, որ քաղաքը բերենք նախկին տեսքի », -ասաց Մեղրու քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյան:
Երեկ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նույնպես այցելել էր Մեղրի, տեղում ծանոթացել Մեղրիում ստեղծված իրավիճակին, հանձնարարել կարճ ժամանակահատվածում ավարտել վերականգնման աշխատանքները եւ ապահովել Մեղրու նախկին տեսքը:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ