Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը դարձել է չարի՞ք». արևելագետ

Հունիս 18,2014 18:52

Հանրակրթական դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դասավանդել-չդասավանդելու շուրջ ծավալված քննարկումները բոլորովին անիմաստ է համարում արևելագետ Խաժակ Թոմոյանը. «Հայ մարդու մտքով անգամ չպետք է անցնի այդ հարցը դնել քննարկման»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց նա և հավելեց. «Որոշ մարդիկ, առանց ամաչելու, հեռուստատեսությամբ ելույթ են ունենում, թե «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը կրոնական պարտադրանք է, իսկ մենք Եվրամիություն ենք մտնում, և կրոնական ազատություն պետք է լինի: Դե եթե այդպես է, բերեք տղաների ամուսնություն էլ գրանցենք, փառաբանենք Եվրոպան»:

Խ. Թոմոյանը կտրականապես դեմ է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան պարտադրանք որակող տեսակետին. «Կամ եթե անգամ պարտադրանք է, ո՞ւմ ենք պարտադրում,- հարցնում է նա,- բոլորս էլ հայ ենք, իսկ հայերս քանի՞ պետական կրոն ունենք: Միայն քրիստոնեությունը չէ՞: Այդ դեպքում էլ ուրիշ ի՞նչ քարոզենք: Դա քարոզ էլ չէ, քրիստոնեության պատմությունն է, որը երեխաներին սովորեցնում է՝ ինչ է իրենից ներկայացնում հայոց եկեղեցին, ինչ դեր է ունեցել հայ ժողովրդի կյանքում ու նրա պատմության մեջ, ինչ ծիսական կարգեր ու տաղավար տոներ կան, ինչպես պիտի դիմեն հոգևորականներին և այլն: Մարդիկ կնքվում են ու չգիտեն՝ քահանային ասեն՝ բարև, ընկեր ջան, պարոն քահանա, թե՞ օրհնեցեք, տեր հայր: Սրանք բաներ են, որ դասագրքից պետք է սովորեն»:

Ի պատասխան դիտարկմանը, թե առարկան միայն մեկ կրոն է ուսումնասիրում, բանախոսը բարկացավ. «Չհասկացանք, Հայաստանում ի՞նչ եք ուզում, որ ուսումնասիրվի՝ բուդդի՞զմ, իսլա՞մ: Էհ, ուսումնասիրեք, ո՞վ է ձեր ձեռքը բռնել, ակումբ բացեք, թող գան այդ ակումբում ուսումնասիրեն՝ ինչ են իսլամն ու բուդդիզմը: Մեր պետությունը դա չի արգելում, իսկ դպրոցում դու՝ որպես հայ մարդ, պարտավոր ես իմանալ քո եկեղեցու պատմությունը: Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ սփյուռքը մինչև օրս գոյատևում է հայոց եկեղեցու շնորհիվ, և այն սփյուռքահայը, որը մոտ է կանգնած եկեղեցուն, պահպանում է իր հայությունը, իսկ եկեղեցուց հեռացողը ձուլվում է: Այսինքն՝ ի՞նչ, մենք այսօր կորցնենք մեր եկեղեցու պատմությունը, մեր ազգային ինքնությունը, հետո ճոռոմ-ճոռոմ խոսենք, թե, իբր, մենք մեր ազգային գաղափարախոսության հետևից ընկած ման ենք գալիս ու չե՞նք գտնում: Բայց չէ՞ որ մեր հոգևոր արժեքը կորցնելով ենք մեր ազգային գաղափարախոսությունը կորցնում: Մի մոռացեք, որ քրիստոնեության ընդունումից ի վեր մենք հավատքի պատերազմներ ենք մղել, և այսօր գաղափարական պատերազմ է գնում այդ հավատքի դե՞մ, այսինքն՝ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը մեզ համար դարձել է չարի՞ք»:

Ինչ վերաբերում է դասագրքի բովանդակության վերանայմանը, Խ. Թոմոյանն այստեղ որևէ խնդիր չի տեսնում. «Եթե ցանկություն կա ավելի լավը դարձնելու, խտացնելու, լայնացնելու թեմաները՝ ներառելով նաև աստվածաշնչյան դասեր, դա ուրիշ խնդիր է, բայց դասավանդման հարցը դնել հարցականի տակ՝ դասավանդել թե չդասավանդել, աբսուրդ է, թյուրիմացություն,- համոզված է Խ. Թոմոյանը:- Այսօր մենք միայն այդ մի դասագիրքն ունենք: Եթե դա էլ վերացնենք, դուք պատկերացնո՞ւմ եք աղանդավորական կազմակերպություններն ինչ կանեն, նրանք միանգամից կհափշտակեն, կլափեն ողջ ազգաբնակչությանը»:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հայի ՈՂՋ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆԸ իր պետականությունը երկրորդելն է(ր) հայ առաքելական եկեղեցուն: Այսինքն՝ ո՛չ թե ՀԱՅ ԼԻՆԵԼՆ է որոշի՛չը՝ ՀԱՅ ԼԻՆԵԼՈՒ համար, այլ ուղղափառ-առաքելական քրիստոնյա լինելը: Հայ առաքելական եկեղեցին «պետական եկեղեցի/կրոն» դարձնելը և այսպես կոչված «Հայ եկեղեցու պատմության» պարտադիր դասավանդումը դպրոցներում այս ՍԽԱԼ ու մեր ՓՈՔՐ ԱԶԳԸ ՊԱՌԱԿՏՈՂ քաղաքականության տխուր շարունակությունն է:

    Իսկ Ի՞ՆՉՈՒ անչափահա՛ս հայ երեխան պիտի ՔՈ՛ եկեղեցու պատմությու՛նը իմանա/անգիր անի: Իսկ ես՞ ՝ ԱՆԿՐՈՆ հայս: Իսկ իմ նմանների երեխանե՞րը: Իսկ բռնի իսլամացած հայերն ու իրե՛նց երեխաները:

    Եվ ՈՐՏԵ՞Ղ էր ձե՛ր «փրկիչ» Քրիստոսը 1915-ին:

    ՀԳ. Նույնասեռականների հարցը տեղի-անտեղի, աջ ու ձախ շահարկելը Հայաստանում դարձել է յուղոտ քաղաքական բիզնես: Բայց ՈՉ ՈՔ այդպես էլ չի՛ պատասխանում հետևյալ ԿԱՐԵՎՈՐ հարցին. Հայաստանոմ բոլո՞ր քաղաքացիները պիտի ունենան նույն (կամ համարժեք) իրավունքներ:

    • Լուսինե says:

      1915 թ. եղեռնի կազմակերպիչների և բոլոր աղանդների արմատները նույն են, մասոնները, որոնք սնվում են չարից, և ովքեր նույն ցեղասպանությունը շարունակում են մինչև այսօր, պարզապես ավելի քաղաքակիրթ ձևով, որի զոհերն ենք ես ու ամբողջ ընտանիքս, ու հազարավոր մեր պես մարդիկ, մնում է հասկանանք այսքանը. իսկ Քրիստոս փրկիչը հոգիների Փրկիչն է, երևում է, որ անծանոթ եք քրիստոնեությանը, ոչինչ, բայց չարի ջրաղացին չարժե ջուր լցնել…

  2. Նոյեմի Անդրեասյան says:

    Հարևանները պատմություն են հորնում ու ներարկում չեղած տեղից, մենք մեր ունեցածը մերժում ենք:
    Հայ Եկեղեցու պատմությունը մեր հավատքի չափի հետ կապ չունի: Անկախ նրանից` հավատացյալ ես, թե անհավատ, Հայ Եկեղեցու պատմությունն մեր ազգի, մեր տեսակի պատմությունն է: Եվ ոչ ոք չի երկրորդում: Սուտ ժողովրդավարություն մի՛ խաղացեք: Իդեալական, իրական ու մաքուր ժողովրդավարությունը հենց մեր ազգի պատմության հիմքերից պիտի սովորել:
    Էլ ուրիշ բան չունեն, հիմա էլ ուզում են վերջին արմատը կտրել: Հայրենասիրություն, ազգ, պետականություն, ավանդույթներ, մեծերի ու ավագների նկատմամբ հարգանք, կնոջ նկատմամբ պատկառանք ու խոնարհում.. ու էլի շատ բաներ դարձրին սին, դատարկ բաներ, հիմա էլ վերջին արմատներն են կտրում՝ պատմությունը, անցյալը, պատկանելությունը:
    Հայ Եկեղեցու պատմությունը հայոց պատմությունից անջատ չէ: Դա արհեստական բաժանում է: Մեր անցյալի հետ կապը կտրելով կհայտնվենք ոչ թե քաոսի, այլ չգոյության մեջ:
    Ավելի ազնիվ կլինի, որ բացահայտ ասեք, թե ում բոստանն եք ջրում՝ արևելյա՞ն, թե՞ արևմտյան հարևանների:

  3. Adminmailer says:

    “Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ սփյուռքը մինչև օրս գոյատևում է հայոց եկեղեցու շնորհիվ, և այն սփյուռքահայը, որը մոտ է կանգնած եկեղեցուն, պահպանում է իր հայությունը, իսկ եկեղեցուց հեռացողը ձուլվում է:”, – ասում է զայացած արևալագետը:

    Իսկ եթե մի փոքր սթափ նայենք՝ կպարզվի, որ հայոց եկեղեցին է մինչև օրս սփյուռքի հաշվին գոյատևում….

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30