Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Գրիգորյան. «Ոչ միայն Արցախն է պետք պաշտպանել պարոն Սերժ Սարգսյանից, այլ ողջ Հայաստանը»

Հունիս 18,2014 17:58

«Ոչ միայն Արցախն է պետք պաշտպանել պարոն Սերժ Սարգսյանից, և դա բոլորովին անհեթեթ չէ, այլև ողջ Հայաստանը, և դա առավել ևս անհեթեթություն չէ»,-Aavot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին, այսպիսի կարծիք հայտնեց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Հայլուր «Հարցազրույց» հաղորդման ժամանակ, ի պատասխան հնչեցված հարցի, նշել էր. «Խնդրում եմ, մի պաշտպանեք Արցախը ինձնից: Սա ոչ միայն վիրավորական է, այլ նաև անհեթեթ է»:

Աշոտ Գրիգորյանը պնդում է, թե հայությունը զբաղված է նրանով, որ ՀՀ-ն ու Արցախը պաշտպանի Սերժ Սարգսյանից, այնուհետև մանրամասնում է. «Նրա համար ամենակարևորն իր աթոռն է. դրանից այն կողմ ոչինչ չի տեսում: Այդ աթոռն էլ նա մեծ հաճույքով մեկին կտար: Ուղղակի կատարված հանցագործությունների ծավալն այնքան է մեծ, որ պարոն Սերժ Սարգսյանը, եթե մինչև իր կյանքի ավարտը գոնե մեկ օր պաշտոն չունեցավ, արդարադատության սյունին կգամվի: Նրա, իր կլանի, նրա եղբայրների քաջագործությունների մասին ինֆորմացիան բորբոքում են ողջ արտերկրի հայությանը, և մենք բոլորս առաջին մեր գործը համարում ենք երկիրը ազատել այս կլանից»:

Աշոտ Գրիգորյանը կարծում է, որ Արցախը պետք է փրկել այն քաղաքականությունից, որ վարում են ՀՀ նախագահն ու ԱԳ նախարարը. «Պետք է փրկել Ցեղասպանության 100-ամյակի սպասվող արդյունքների տապալումից: ՀՀ-ի ապագան այլևս տապալված է Եվրամիության հետ գոնե թեկնածու անդամ դառնալու կտրվածքով: Տապալված են նաև հայ-ռուսական հարաբերությունները, քանի որ Ռուսաստանի համար Հայաստանը գործընկեր չէ, այլ վասալ, ստրուկ է: ՀՀ նախագահը ոչ թե ՌԴ վարչապետի, նախագահի մոտ, այլ ՌԴ գործընկերների` Նազարբաևի և Լուկաշենկոյի մոտ միավոր չէ, զրո է»:
Պարոն Գրիգորյանն առանձնապես գոհ չէ նաև ոչ իշխանական քառյակի գործունեությունից: Այդ մասին ասաց. «Հայտարարում եմ, ամո՛թ քառյակին, մեր սպասելիքը սա չէր:Եթե դուք քննադատելու եք ամեն ինչ, բայց ընդամենը մեկ կետը, որ ամենակարևորն է, բուրգի գլխին նստածին չեք կպնելու, դուք կեղծ եք:

Լևոն Զուրաբյանենք քիչ կարող են խոսել, քանի որ իրենք են այդ բուրգի հիմնադիրը, դրա համար նրանց, հենց Լևոն Զուրաբյանի ասածը զրո արժեք ունի: ՀՀՇ-ն դրեց այս խայտառակ բուրգի հիմքերը: Ո՞նց կարող ենք ՀՀՇ-ին լուրջ ընդունել: Լևոն Տեր-Պետրոսյանը տասն անգամ ծախվեց, դաշնակներն էլ հետևեցին ՀՀՇ օրինակին»:
Մեր դիտարկմանը, այդ դեպքում ի՞նչ ենք պահանջում Սերժ Սարգսյանից, պարոն Գրիգորյանն արձագանքեց. «Սերժ Սարգսյանից ոչինչ չենք ուզում, նա հասկացող էլ չէ: Նա չի կարողանում երկիր ղեկավարել, արտաքին քաղաքականություն վարել, տնտեսություն փրկել: Մեր ժողովուրդն էլ տարօրինակ քվեարկության ճանապարհ է ընտրել` արտագաղթի ցուպը: Ինքը դեմ է այս ամենին ու իրեն նետում է դժոխք»:
Պարոն Գրիգորյանն իրեն համարելով հայ-ռուսական հարաբերությունների ջատագով` միևնույն ժամանակ նշում է. «Ինչպե՞ս կարելի է Մաքսային միություն մտնելու հայտարարություն անել ոչ միայն անպատրաստ, այլ երեք տարի Եվրամիությունից փողեր ստանալով, որ Եվրամիություն ենք մտնելու: Հանկարծ քնից զարթնում ու ասում ես, թե մտնում եմ Մաքսային միություն»:

Պարոն Գրիգորյանը կարծում է, որ անդամակցելուց առաջ նախ պետք է ապահովել այն դաշտը, որ վաղը հանկարծ Մաքսային միության լիդերները չստիպեն այնպիսի մաքսատուրքեր երկրում դնել, որ մրցակից ապրանք չընդունես:

Մեր դիտարկմանը` կարծես ՀՀ-ի անդամակցությամբ առանձնապես խանդավառված չեն, քանի որ գործընթացները ձգձգվում են, պարոն Գրիգորյանը արձագանքեց. «Նրանք էլ են վախենում, որ եթե այսպես ընդունեն Հայաստանին, վաղը վեճերի առարկա կդառնա այս ամենը, որ առողջ մանուկը կխեղդվի: Պահանջում եմ, որ պրոցեսները հետաձգվեն և քննարկումների արդյունքում ընդունվի այն, ինչ ՀՀ համար կործանիչ չէ»:

Զրույցի ավարտին Աշոտ Գրիգորյանը կես կատակ-կես լուրջ ասաց. «Անդամակցությունից հետո, եթե ՌԴ-ն ասի, որ արտասահմանյան մեքենաների վրա մաքսատուրք դրեք, իմ «Վոլգաները» գնեք, Սերժ Սարգսյանն իրեն ո՞նց կզգա, կքշի՞ ռուսական «Վոլգա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Աշոտ Գրիգորյան…դե արի ու հեռացրու Սերժ Սարգսյանին…. թե չէ…Հեռացել ես Հայաստանից` քո կյանքն է, լավ ես արել… դե դեռ մնացածներին դասեր մի տուր ու հետո ՋԵՐՄՈՐԵՆ ընդունի Սերժ Սարգսյանին, երբ նա Հայաստանից դուրս է……….

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Եթե Հայաստանը առանց Արցախի մտնի այդ չարաբաստիկ ԵՏՄ,ապա ո՛չ մի ՀՀ զինվոր թող այլևս չգնա «ուրիշ պետություն» ԼՂՀ-ում ծառայելու: Եթե տանեն՝ ԴԱՏԻ ՏՎԵՔ ՀՀ-ին՝ ձեզ ՀՀ սահմաններից դուրս պարտադիր ծառայության ուղղարկելու համար:

    Հայաստանը Ռուսաստանի հետ պիտի ունենա երկկո՛ղմ նորմալ/լավ հարաբերություններ. բայց ո՛չ ավելին: ՄՄ/ԵՏՄ մտնելը խեղդելու է Հայաստանին (և Արցախին) ՝ և՛ տնտեսապես, և՛ քաղաքապես, ինչպես թղթային ՀԱՊԿ-ի դեպքում է: Հայաստանի և Ռուսաստանի ազգային շահերը ՏԱՐԲԵՐ են: Հայաստանի ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ անվտանգությունը ԱՄՆ-Իրան-Հայաստան (-Վրաստան) առանցքն է: Հայաստանում ռուսական բազան Հայաստանի երկարաժամկե՛տ անվտանգությանը ԹԻՎ ՄԵԿ խոչընդոտն է: Հայը պիտի՛ դադարի ամեն ինչ տեսնել ռուսի (ու թուրքի) պրիզմայով: Հայաստանցի տղամարդուն դարձրել են վախեցած աղոթող:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30