Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղացիները վաշխառուներին տոկոսները վճարում են ոսպով եւ ցորենով

Հունիս 18,2014 17:53

«Երբ որ հիմնում էինք այս կազմակերպությունը չէինք կարող պատկերացնել, որ այսքան շատ տուժած մարդիկ կարող են լինել մեր հասարակության մեջ»,- այսօր՝ հունիսի 18-ին, «Բլից ինֆո» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Վելես իրավապաշտպան» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը:

Նա նշեց, որ հասարակական կազմակերպությունը հիմնելիս նպատակ ունեին սատարել ոստիկանությանը եւ համագործակցել նրանց հետ, որպեսզի կարողանան արմատախիլ անել վաշխառություն երեւույթը: Նրա խոսքերով՝ կարծում էին, որ ոստիկանները, հասկանալով, որ վաշխառությունը քրիստոնեությանը հարիր չէ, կսատարի իրենց, բայց առաջին մի քանի դեպքերից հետո ի դեմս իրավապահ մարմինների մեծ պատնեշի են հանդիպել:

Տիկին Պողոսյանը հայտարարեց, որ մի քանի ամիսների ընթացքում իրենք բացահայտել են վաշխառուների մի քանի խումբ Երեւանում, Վանաձորում եւ Շիրակի մարզում, եւ կենտրոնացել են հենց այդ տարածքների վրա, քանի որ բողոքները հիմնականում այնտեղից են.
«Մենք ունենք վաշխառուների խումբ, որ մոտավորապես 10-15 տարի, երեւի թե, գործում է: Մեզ մոտ փաստերը 2008 թվականից են արձանագրված, բայց դրանից առաջ էլ մարդիկ զբաղվել են այդ գործունեությամբ՝ ուղղակի բողոքներ չեն եղել: Մասնավոր խոսակցությունների արդյունքում, քանի որ մեր քաղաքը շատ փոքր է, մենք կարողանում ենք պարզել: Հանցախմբի ղեկավարն է նախկինում Քաղավիացիայի պետ Հովհաննես Երիցյանը, որի գործընկերն է Արտավազդ Այվազյանը: Վերջինս իրավաբանների ընտանիքից է եւ Փաստաբանների պալատի փաստաբան է»:

Մարինա Պողոսյանը նշեց, որ այդ հանցախմբում գործում են նաեւ 2 բրոքերներ՝ Արտակ Մարտիրոսյանը եւ Վահե Վարդանյանը, որոնք գտնում են հետագա «զոհերին»՝ այն մարդկանց, ովքեր լավ բնակարաններ ունեն: Ըստ նրա՝ հանցախումբն ունի նաեւ իր նոտարը՝ «Ավան» տարածքի նոտարական գրասենյակի ղեկավար, նոտար Նոնա Գասպարյանը, ունի նաեւ կապեր Հարկադիր կատարման ծառայությունում.
«Ի սկզբանե նրանց նպատակը միակն է՝ ծանր կացության մեջ գտնվող մարդկանց էլ ավելի ավելի ծանր կացության մեջ գցել: Մեր բոլոր դեպքերում որեւէ դեպք չկա, որ քաղաքացին գրավ դրած լինի իր գույքը. Ի սկզբանե նրանք քաղաքացուն ստիպում են առք ու վաճառք ձեւակերպել իրենց վրա»:

Մարինա Պողոսյանը նշեց, որ տվյալ խմբերը քաղաքացիներից ամեն ամիս վերցնում են գումարի տաս տոկոսը, իսկ առաջին ամսում բրոքերները վերցնում են նաեւ 10 տոկոսի չափով միջնորդավճար, իսկ մարզերի բնակիչները տոկոսները վճարում են նաեւ ոսպով եւ ցորենով: Նա հայտարարեց, որ այդ մարդիկ գտնվում են ոստիկանության հովանավորության ներքո.
«Եթե մարդիկ տարիներով զբաղվում են նույն գործունեությամբ, տարիներով այդ մարդկանց վրա գալիս են տարբեր տեսակի բողոքներ, այսինքն՝ այսօր չէ, որ մեր հասարակական կազմակերպությունը ստեղծվել է, եւ բողոքները կան, մենք ուղղակի կուտակում ենք այդ բողոքները: Այսինքն՝ տարիներով նույն մարդու նկատմամբ տարբեր մարդիկ բողոքներ ունեն, դրանք կարճվում են, նյութերը մերժվում են, այսինքն՝ դա նշանակում է հովանավորություն»:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե հասարակական կազմակերպությունը իր աշխատանքը կատարելիս ոստիկանության կողմից հանդիպե՞լ է խոչընդոտների, տիկին Պողոսյանը պատասխանեց, որ ամեն մի ասուլիսից հետո իրենք ոստիկանության կողմից արձագանք են ստանում.
«Դրանից էլ մենք համոզվում ենք, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, տեսնում ենք արձագանք, բայց ոչ ի օգուտ մեզ, այլ ի օգուտ վաշխառուների: Դրանից հետո իմ մեքենայի մեջ հայտնաբերել եմ թմրանյութ, այդ դեպքն անցավ հասկացանք, որ սա ուղղակի մեզ զգուշացում էր, դրանից հետո ավելի տհաճ բան եղավ՝ հասարակական կազմակերպության վրա քրեական գործ են հարուցել՝ շորթման հատկանիշներով: Ես չեմ պատկերացնում մեր շորթումը ո՞րն է, եթե մենք ամեն ինչի մասին զանգվածային ենք խոսում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30