ԱԺ-ում քննարկվում է «Սննդամթերքի անվտանգության մասին, «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին», «Բուսասանիտարիայի մասին» «Անասնաբուժության մասին» , ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Գյուղնախարար Սերգո Կարապետյանն ասաց, որ այդ փաթեթը մշակվել է՝ Հայաստանի՝ Եվրասիական միությանը անդամակցելիս ՀՀ օրենսդրության համապատասխանեցման նպատակով:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը պատգամավորների համար կարդաց առաջարկվող փոփոխություններից մեկը, որը ամրագրված է օրենքում. «Օրենքով արգելվում է կենդանիներին վախեցնել, արգելվում է կենդանիներին՝ միմյանց նկատմամբ սադրել, արգելվում է կենդանիներին առանց ցավազրկման եղունգները հեռացել, ամորձատել: Կենդանիներին 8 ժամից ավելի տեղափոխման ժամանակ պետք է ապահովել կենդանիների հանգիստը: Արգելվում է կենդանիների դյուրազգաց մասերը սեղմելը, պոչերը սեղմելը: Արգելվում է կենդանիների գլուխից, ականջներից, մորթուց բռնած քաշ տալը: Սա ԱրմՔոմեդիից չի, օրենք է: Հասկանում ենք, կենդանիների պաշտպանության միջազգային կառույցներ կան, բայց օրենք է եթե դառնում, պիտի հետեւի տույժ, պատասխանատվություն, հոդված»:
Արամ Մանուկյանը նախարարին հարցրեց՝ «Դուք քննարկե՞լ եք պատիժները, ինչպե՞ս եք կատարելու: Ունենք, ասենք 100 գյուղ, կենդանիների հանգիստը եւ բարօրությունը պետք է կատարվի՞»:
Կարդացեք նաև
Սերգո Կարապետյանը ամենայն լրջությամբ պատասխանեց. «Այո, կենդանիների նկատմամբ պիտի մարդասիրական վերաբերմունք ցույց տանք: Դա ԵՄ պահանջներն են, մենք Եվրասիական միությանն անդամագրվելով, պետք է մեր օրենսդրությունը համապատասխանեցնենք: Գտնում եմ, որ նորմալ է գրված եւ անպայման պետք է դա ներառենք օրենքի մեջ»:
Հարցին՝ ինչպե՞ս եք վերահսկելու, ասենք, Եղեգնուտ գյուղում ամորձատում են կենդանուն, կամ եղունգները քաշում են՝ առանց ցավազրկման. «Ասենք, ես քաշում եմ իմ նապաստակի ականջներից: Դուք դա վերահսկո՞ւմ եք, եւ ես պատի՞ժ եմ կրելու: Սա օրենք է: Ինչպե՞ս եք վերահսկելու օրենքի կատարումը եւ տույժ-տուգանքը, եթե դրանք չեն կատարվում»:
Գյուղատնտեսության նախարարը պատասխանեց. «Ճիշտ եք ասում, որ դժվարությամբ կներդրվեն, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է այսօր մտածենք դրա մասին»»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ