Ս.թ. հունիսի 16-ին «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին (պատճենը՝ ՀՀ ոստիկանության պետին), հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան հանդիսացող Աֆրիկյանների տան քանդման փաստով:
Աֆրիկյանների տունը ներառված է ՀՀ կառավարության 07.10.2004թ. թիվ 1616-ն որոշման հավելված 2-ի տեղափոխման ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում և տեղափոխման պատրվակով տեղի է ունենում պատմամշակութային հուշարձանի քանդում, ինչի մասին է վկայում այն փաստը, որ բացի հուշարձանի ճակատային մասից (իսկ հուշարձանը ամբողջական շենքն է և ոչ թե միայն ճակատը), մնացածն արդեն իսկ քանդվել է:
Անկախ բերվող փաստարկներից (Տերյան փողոցի լայնացում, հուշարձանի տեղափոխում և այլն)` կատարվածը հակասում է ՀՀ օրենքներին և Հայաստանի կողմից վավերացրած միջազգային փաստաթղթերին, մասնավորապես, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը ուղղակիորեն արգելում է հուշարձանի քանդումը: Իսկ ՀՀ Քրեական Օրենսգրքի 264-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում պատմամշակութային հուշարձանի քանդման համար` ընդհուպ մինչև 5 տարի ազատազրկմամբ :
Դիմելով իրավապահ մարմիններին՝ ԹԻՀԿ-ն ակնկալում է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում հաղորդման ընթացքի ապահովում և դրանում բարձրացված փաստերի օբյեկտիվ քննություն:
Կարդացեք նաև
«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»
հասարակական կազմակերպություն
18-ը հունիսի, 2014թ.