Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում

Հունիս 18,2014 17:26

Այսօր Վրաստանի Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Այնուհետև նախագահներ Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել են երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները:
Հայաստանի և Վրաստանի նախագահները բանակցությունների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև համատեղ հայտարարությամբ:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների ներկայացուցիչների առջև Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ բանակցությունների արդյունքներով

Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ լրագրողներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ես շնորհակալ եմ Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին հրավերի ու ջերմ ընդունելության համար, անչափ ուրախ եմ հյուրընկալվել եղբայրական Վրաստանում:
Մեծարգո՛ պարոն Նախագահ, թույլ տվեք մեկ անգամ ևս վերահաստատել բարեկամության և փոխըմբռնման ոգով Ձեզ հետ աշխատելու մեր ջերմ ցանկությունն ու պատրաստակամությունը: Մենք անչափ կարևորում ենք այս այցը Վրաստան, որի շրջանակներում Ձեզ հետ ունեցանք և վստահ ենք ունենալու ենք գործնական և արդյունավետ բանակցություններ և քննարկումներ հայ-վրացական հարաբերությունների հագեցած օրակարգի շուրջ, մենք ունենք հարցերի լայն շրջանակ և, անպայման, կարողանալու ենք ուրվագծել մեր փոխշահավետ համագործակցության նոր հեռանկարները:

Հայ-վրացական գործընկերության հետևողական ամրապնդումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակայություններից է: Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա փխրուն կայունությունն ու խաղաղությունը մեծապես պայմանավորված են Հայաստան-Վրաստան համագործակցության արդյունավետությամբ և ամրությամբ: Մենք մշտապես հարգել ենք միմյանց որոշումները` գիտակցելով, որ յուրաքանչյուրիս առաջնահերթ նպատակն է սեփական պետության ամրապնդումը և ուրախացել ենք դրանով, քանի որ Հայաստանն ու Վրաստանը ուժեղ են միմյանցով և միմյանց հետ:

Ակտիվ քաղաքական երկխոսությունը լավագույն խթանն է տնտեսական համագործակցության աշխուժացման համար: Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության բնագավառում արդեն ձևավորվել են հստակ ուղղություններ, որոնք ներառում են տրանսպորտի և էներգետիկայի ոլորտը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսական ապրանքների վերամշակումը և բազմաթիվ այլ ոլորտներ: Ե՛վ անցյալ տարի, և՛ ընթացիկ տարում մենք գրանցել ենք առևտրաշրջանառության աճ, և ես վստահ եմ, որ մենք ունենք դեռևս չօգտագործված շատ մեծ ռեզերվներ:

Մենք կարևորեցինք հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի և տարբեր խմբերի աշխատանքը, պայմանավորվեցինք, որ պետք է ակտիվացնել այդ շփումներն ու փոխանակումներն: Սա հնարավորություն կտա այդ խմբերին քննարկել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքները և, իհարկե, ձեռք բերել նոր պայմանավորվածություններ: Անդրադարձանք, անշուշտ, նաև Հայաստանի մասնակցությանը Եվրասիական տարածաշրջանում ծավալվող ինտեգրացիոն գործընթացներին: Մեր վրացի գործընկերներին ներկայացրեցինք այս ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքները և հետագա ծրագրերը, մասնավորապես՝ այս համատեքստում Վրաստանի հետ փոխշահավետ տնտեսական համագործակցության հեռանկարները: Ես խորապես վստահ եմ, որ Վրաստանը հունիսի 27-ին ստորագրելով Ասոցացման համաձայնագիր և մաս դառնալով Ազատ առևտրի պայմանագրին՝ հնարավորություն է ստեղծում հայ գործարարների համար, որոնք տեսնում են իրենց մասնակցությունը եվրոպական շուկայում, ներդրումներ կատարել Վրաստանում և հակառակն եմ տեսնում՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուց հետո հեռանկար է բացվում այն վրացի գործարարների համար՝ ներդրումներ կատարելու Հայաստանում, ովքեր ունեն կամ կարող են ունենալ շուկա Ռուսաստանի Դաշնությունում կամ Մաքսային միության այլ երկրներում:

Իհարկե, տարածաշրջանային անվտանգության համատեքստում երկուստեք կարևորեցինք միջազգային հարթակներում արդյունավետ համագործակցությունը, միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված և կառուցողական դիրքորոշման պահպանումը: Սա ևս չափազանց կարևոր հանգամանք է: Վրաստանի Նախագահի հետ մենք միակարծիք ենք, որ բոլոր հակամարտությունների համապարփակ կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան:

Անշուշտ, մենք անդրադարձանք նաև մեր հումանիտար համագործակցությանը, քանի որ միգուցե մի քիչ պատկերավոր եմ ասում, իմ կարծիքով, մեր համագործակցությունը հումանիտար ոլորտում կարևոր է նույնիսկ, քան համագործակցությունը տնտեսության ոլորտում, որովհետև մենք շատ-շատ երկար ենք ապրել այս տարածաշրջանում և բազմաթիվ են դեպքերը, երբ մենք ունեցել ենք մշակութային ներթափանցումներ, այսինքն՝ հարստացել է և՛ վրացական մշակույթը, և՛ հայկական: Եվ, իհարկե, շատ շնորհակալ եմ Վրաստանի Նախագահին, որ ընդունեց մեր առաջարկը՝ այսօր Թբիլիսիում անցկացնել համերգ՝ նվիրված մեծ արվեստագետ Սայաթ-Նովայի հոբելյանին, որի արվեստը, որի ստեղծագործությունն ամենավառ օրինակն է մշակութային փոխլրացման, մշակութային ներթափանցման:

Շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար և կրկնեմ՝ ուրախ եմ, որ գտնվում եմ եղբայրական Վրաստանում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30