Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մաքսային միությունը չի խանգարի, որպեսզի EFSE հիմնադրամը հետագայում ֆինանսավորի Հայաստանի ՓՄՁ-ներին

Հունիս 18,2014 17:22

Այսօր Երեւանում մեկնարկած միկրոֆինանսավորման Հարավարեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (EFSE) տարեկան ժողովից հետո, որի ընթացքում 16 անդամ երկրների ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներ քննարկեցին փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորման պայմանները, EFSE հիմնադրամի խորհրդի նախագահ Վիկտորիա Բեքը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ Հայաստանը անդամ երկրների մեջ երկրորդ երկիրն է, որը ներդրում է կատարել՝ ամրապնդելու համար ՀՀ արժույթի կիրառելիության հնարավորությունը: Ներդրումը կատարվել է ՀՀ Կենտրոնական Բանկի դուստր ձեռնարկության ՝ Փոքր եւ Միջին Բիզնեսի Վարկավորման աջակցության ՓԲԸ-ի կողմից:

Վիկտորիա Բեքը հայտնեց, որ հիմնադրամը ստացել է 300 մլն դրամի հավելյալ կապիտալ. «Այս ներդրման շնորհիվ EFSE-ի կողմից փոքր եւ միջին բիզնեսի վարկային աջակցության ընդհանուր ծավալը կհասնի 1,5 մլրդ դրամի»:

Նշենք նաեւ, որ այսօր ժողովի ընթացքում EFSE հիմնադրամը համաձայնագրեր է ստորագրել «Արարատբանկի» եւ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի հետ՝ փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորման նպատակով: «Արարատբանկը» հիմնադրամից ստացել է 12 մլն ԱՄՆ դոլարի փոխառություն, իսկ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը»՝ 15 մլն դոլարին համարժեք դրամ:

Լրագրողները EFSE հիմնադրամի խորհրդատու Սիլվիա Վիսնինսկիից հետաքրքրվեցին, թե ի՞նչ տոկոսադրույքներով են տրվել գումարները այս երկու բանկերին, սակայն հստակ պատասխան չստացան. «Ես չեմ կարող խախտել բանկային գաղտնիությունը: Սա գաղտնիք է, որը հրապարակման ենթակա չէ»: Իսկ այն հարցին, թե ի՞նչ տոկոսադրույքով են բանկերը գումար տրամադրելու փոքր եւ միջին ձեռնարկատերերին, ՀՀ Կենտրոնական Բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը ասաց, որ դա բանկային քաղաքականություն է, որը հետագայում կմշակվի բանկերի կողմից:

Այն հարցին, թե արդյոք Մաքսային միության անդամակցությունը չի խանգարի EFSE հիմնադրամին հետագայում Հայաստանում ՓՄՁ-ների զարգացման համար ներդրումներ կատարելուն, Սիլվիա Վիսնինսկին հստակ պատասխանեց, որ դա ընդհանրապես խոչընդոտ չի հանդիսանում. «Մենք ունենք հստակ դիրքորոշում: Մենք հաշվի չենք առնում այն հանգամանքը, որ Հայաստանը դառնում է Մաքսային միության անդամ»: Նրա խոսքով, Հայաստանը այն թիրախային խումբն է, որն ունի ֆինանսավորման եւ վարկավորման կարիք, եւ Մաքսային միությունը չի կարող խանգարել այդ ֆինանսավորման գործընթացին:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30