Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավունք և Աջակցություն» հիմնադրամի հայտարարություն Հայկ Կյուրեղյանի վերաբերյալ

Հունիս 18,2014 17:07

2014թ. հունիսի 12-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր Շանթ Հարությունյանի և ընկերների դատաքննության առաջին նիստը: Նիստի ողջ ընթացքում անօրինական արգելք էր ստեղծվել մեղադրյալների հարազատների և մյուս քաղաքացիների համար, և նրանց առջև փակվել էին դատարանի գրեթե դատարկ դահլիճի դռները: Այն պահին, երբ հավաքված ժողովուրդը իր վրդովմունքն էր արտահայտում ռեժիմին սպասարկող և «արդարարության երաշխավոր» հանդիսացող դատարանի կողմից քաղբանտարկյալների և քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեմ, մի երիտասարդ քաղաքացիական անհանդուրժողականության ակցիա իրականացրեց, ելնելով ավտոմեքենաներից մեկի վրա և հայտարարելով, որ իբր այնտեղ ռումբ է տեղադրված: Հետագայում պարզվեց, որ ակցիան իրականացնող երիտասարդը շատերիս հայտնի Հայկ Կյուրեղյանն էր, որը ազնիվ, սուտ ու կեղծիք չհանդուրժող և արդարության համար պայքարող երիտասարդ է:

Հայկը նման քայլի դիմելով արտահայտեց իր բողոքն ու անհանդուրժողականությունը այսօրվա ՀՀ իշխանությունների վարած հակամարդկային քաղաքականության դեմ: Վստահ ենք, որ քաղաքացիների կողմից ընդվզում արտահայտող նմանօրինակ գործողություններ հետագայում ավելի հաճախ կիրականացվեն, քանի որ նրանք իրենց իրավունքները պաշտպանելու այլ ելք չգտնելով ստիպված են դիմել նմանօրինակ քայլերի և դրանով արտահայտել իրենց բողոքը:
«Իրավունք և Աջակցություն» հիմնադրամը համարում է, որ երկրում ստեղծված այս բարոյահոգեբանական իրավիճակի պատասխանատուները ՀՀ իշխանություններն են, և Հայկ Կյուրեղյանի գործողությունը գնահատում է որպես այդ իրավիճակով պայմանավորված, իշխանությունների վարած անօրինական և անմարդկային քաղաքականության դեմ ՀՀ քաղաքացու կողմից դրսևորված արդարացի ընդվզում:
«Իրավունք և Աջակցություն» հիմնադրամը իր պատրաստակամությունն է հայտնում ճանաչել Հայկ Կյուրեղյանին որպես իր շահառու, և պարտավորվում է հիմնադրամի հնարավորությունների շրջանակում իրավական, հոգեբանական, ֆինանսական և այլ աջակցություն տրամադրել Հայկ Կյուրեղյանին և նրա ընտանիքի անդամներին՝ նրանց կողմից հիմնադրամին դիմելու դեպքում:

Երևան
17.06.2014թ.
«Իրավունք և Աջակցություն» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30