«Բանդայի գործով» ավարտվեց ապացույցների հետազոտումը: Նախագահող Մեսրոպ Մակյանը հայտնեց, որ հաջորդ դատական նիստին՝ հունիսի 25-ին, կուսումնասիրվի ոչ միայն «Բանդայի գործով» որպես պարագլխի՝ Արտուշ Հակոբյանի այսօր դատարան ներկայացրած լազերային սկավառակը, այլեւ կսկսվեն ամբաստանյալների ցուցմունքները:
Ուսումնասիրված ապացույցների մեջ էին այսօր ԱԺ նախկին պատգամավոր, այս գործով տուժող Նապոլեոն Ազիզյանի տնից իբրեւ թե գողացված ֆոտոապարատի զննության արձանագրությունը: Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը կասկածի տակ դրեց զննության արձանագրությունը, քանի որ ներկայացված է եղել ընդամենը 1 ֆոտոապարատ, ինչը «ճանաչել» է տուժողի կինը: Այսինքն, այլ տեսակի ֆոտոապարատներ ներկայացված չեն եղել ճանաչման:
Ներկայացվեց Արտուշ Հակոբյանի բնակարաններում, արտադրամասերում, օժանդակ տարածքներում խուզարկություն կատարելու թույլտվության արձանագրությունները: Ըստ պաշտպան Հ. Արսենյանի՝ Ա. Հակոբյանը նշված սեփականությունների սեփականատեր չէ: Նա ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ մինչ օրս արգելանքներ են դրված ոչ միայն «Սուրիկի լավաշի», այլեւ այլ հասցեների վրա, որոնց հետ իր պաշտպանյալը կապ չունի: Նա պահանջեց, որպեսզի արգելանքը հանվի «Սուրիկի լավաշի» եւ մյուսների վրայից:
Ի դեպ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը խուզարկություն կատարելու թույլտվությունը տվել է 2011թ. սեպտեմբերի 24-ին, այն ժամանակ, երբ դեռ Արտուշ Հակոբյանը դրսում էր:
Դատարանում հետազոտվեց նաեւ Արտուշ Հակոբյանի անձնական օգտագործման ավտոմեքենայի՝ «Համմերի» խուզարկություն կատարելու մասին որոշումը, նաեւ խուզարկության արձանագրությունը: Մեքենան խուզարկվել էր ոչ թե այն ժամանակ, երբ հայտնաբերվել է, այսինքն՝ «Ագուլիս» ռեստորանի մոտ, այլ խուզարկվել է ոստիկանության քննչական վարչության շենքի տարածքում, ուր տարվել է մեքենան եւ այդտեղից էլ հայտնաբերվել է թմրանյութ:
Փաստաբան Հովիկ Արսենյանն ասաց, որ միջնորդելու են, որ դատարան հրավիրվի ոմն Արամ Հայրապետյան, որը բերման է ենթարկվել 2011թ. սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը, երբ գիշերել է Ամառանոցային 20 հասցեում, որն այս գործով բանդայի որջն է համարվում:
Կարդացեք նաև
Ամբաստանյալ Դավիթ Գալստյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը հրապարակեց կնոջ՝ Թամարա Դավթյանի դիմումը՝ ուղղված Մարդու իրավունքների պաշտպանին: Նա պաշտպանին խնդրել էր, որպեսզի հանվի արգելանքները, թույլ տրվի տեսակցել իր ամուսնու հետ, ինչպես նաեւ թույլատրվի հեռախոսով շփվել ամուսնու հետ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ