Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ հրաժարական տվեց Սամվել Բալասանյանի սանիկը` Գյումրու փոխքաղաքապետը (Տեսանյութ )

Հունիս 18,2014 17:02

Դեռևս երկու ամիս առաջ Aravot.am-ը անդրադարձել էր Գյումրիում պտտվող այն խոսակցություններին, որ քաղաքապետ Սամվել Բալասանյանը պատրաստվում է պաշտոնազրկել մասնագիտությամբ իրավաբան, թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ, փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանին` նրա փոխարեն աշխատանքի հրավիրելով իր մոտ ընկերոջը` Շիրակի մարզի դատախազի նախկին օգնական Վաղարշակ Մխիթարյանին: Այդ ժամանակ փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանը Aravot.am-ի հետ զրույցում հերքել էր լուրերը, ավելին, նա հայտարարել էր, որ արձակուրդից վերադառնալուն պես կսկսի աշխատել, ինքը Սամվել Բալասանյանի թիմակիցն է, իրենց միջև ոչ մի սև կատու չի անցել, սա ինտրիգներ սիրող մարդկանց հորինածն է:

Նշենք, սակայն, որ Սամվել Բալասանյանը մեզ հետ զրույցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր փոխքաղաքապետի ազատման մասին այս լուրերը` հասկացնելով, որ եթե նա ցանկություն ունի, թող գա շարունակի աշխատել:

Այսօր Գուրգեն Մալխասյանը մամուլի ասուլիս էր հրավիրել` պաշտոնապես հայտարարելու, որ ինքը այլևս չի աշխատելու Գյումրու քաղաքապետարանում: Նա իր հեռանալը պատճառաբանեց մայրաքաղաքում փաստաբանական կենտրոն հիմնելու փաստով` նշելով, որ իրեն ոչ հեռացրել են, ոչ էլ նեղացած է Սամվել Բալասանյանից: Նրա բնութագրմամբ, ինքն ու քաղաքապետն աշխատել են փոխըմբռնումով ու բավական արդյունավետ: Ավելին, այնքան լավ է եղել իրենց հարաբերությունները, որ Գուրգեն Մալխասյանը բավական երկար է համոզել Սամվել Բալասանյանին, որպեսզի իր ազատման դիմումը ստորագրի:

Նշենք, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը Գուրգեն Մալխասյանի ավագ որդու հարսանիքի քավորն է, և այս մասին թերևս առաջին անգամ բարձրաձայն խոստովանեց նախկին փոխքաղաքապետը:

Aravot.am-ի այն դիտարկմանը, թե փոխքաղաքապետի պաշտոնը ստանձնելիս ինչո՞ւ էիք հայտարարում, թե թողել եք մայրաքաղաքային կենցաղը, տունը, հրաժարվել եք բազմաթիվ պաշտոններից հանուն Գյումրու զարգացման, եթե հիմա նորից պիտի վերադառնաք մայրաքաղաք, Գուրգեն Մալխասյանն ասաց. « Փոխքաղաքապետի պարտականությունը ստանձնելուց անցել էր մոտ երկու տարի, բնականաբար իմ բնակարանը էնտեղ թողել էի, ապրում էի Գյումրիում, և բոլորդ գիտեք, որ ինքնանպատակ չէր: Որպես փոխքաղաքապետ և իրավական բլոկի պատասխանատու, մենք բավական լուրջ աշխատանք ենք կատարել, միայն խոսքերով չէ, էսօր Գյումրու քաղաքապետարանը` որպես վարչական մարմին, կարելի է ասել լավագույն մարմիններից մեկն է, որը կարելի է ասել տեղայնացված վարչարարություն ունի: Ես անտեղի չեմ եկել Գյումրի, կատարել եմ լուրջ աշխատանք: Հիմա վերադառնալով նորից իրավաստեղծ աշխատանքի` ես չեմ հեռանում ոչ իմ քաղաքից, ոչ ժողովրդից, ընդհակառակը, փաստաբանական գրասենյակի մասնաճյուղը, որ Գյումրիում է գործելու, աշխատելու է առօրյա»:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին էլ, թե կարելի՞ է ասել պետական պաշտոնը այլևս հրապուրիչ չէ, Գուրգեն Մալխասյանն այսպես արձագանքեց. «Կարելի է ասել, եթե հարց լիներ Երևան տեղափոխվելու, ես ունեմ տարբեր առաջարկներ: Երբ որ շրջանառվեցին լուրեր, իբր ես ազատվել եմ, բնականաբար էդպես չէր, բայց առաջարկներ հնչեցին, որովհետև ես վերջին մասնագետներից չեմ, վատ մասնագետ չեմ և իմ անցած ճանապարհը թույլ էր տալիս նման առաջարկների: Եթե պետք է ես պետական ստրուկտուրայում ինքնուրույն աշխատանք չծավալեի, ինչը որ ես ասում եմ ավելի արդյունավետ է, բնականաբար կնախընտրեի մնալ փոխքաղաքապետի պաշտոնում»:
Լրագրողները հետաքրքրվեցին` միգուցե հեռանալու պատճառը փոխքաղաքապետի աշխատավա՞րձն է. բավարարո՞ւմ է այն ընտանիք պահելու համար, թե՞ կողքից պարտադիր ինչ- որ գործ պիտի ձեռնարկես, փոխքաղաքապետն ասաց, որ փաստաբանի աշխատանքը շատ ավելի բարձր վարձատրվող է, քան փոխքաղաքապետի աշխատանքը:
«Իսկ թե որ աշխատանքով ինչ կարգի կարելի է ընտանիք պահել, և ապրել, բոլորն էլ իրենց տեղում աշխատավարձ են ստանում և գիտեն, որ բոլոր դեպքերում անհրաժեշտ է մեր, ոչ միայն քաղաքապետարանում, այլ բոլոր հատվածներում աշխատավարձերի բարձրացում, իսկ դա մեր երկրի բարօրությունից է կախված»:

Փոխքաղաքապետը նաև ասաց, որ իր աշխատավարձը 250 հազար դրամ է, և եթե իր տանը այլ աշխատողներ չլինեին, դժվար թե լիարժեք բավարար լիներ իր աշխատավարձը: Չնայած, ըստ նրա, ինքը ոչ թե ցածր աշխատավարձից էր փախչում, այլ գործոններն են թելադրել նրան հրաժարական տալ:

Փոխքաղաքապետի պաշտոնը նա բնութագրեց այսպես. «Որպես պաշտոն` հրապուրիչ է, որպես աշխատանք, ծանր աշխատանք է, որպես արդյունավետ աշխատանք` ժողովրդի համար, շատ կարևոր և լուրջ աշխատանք է»:

Նշենք, որ մեր տպավորությամբ փոխքաղաքապետը բավական տխուր էր և շփոթված, նրա խոսելու տոնից ակնհայտ էր, որ Գյումրու քաղաքապետի ու իր ջրերը մի առվով չեն հոսել, և իր հրաժարականի իրական պատճառը հենց դա է:

Մանրամասները տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30