Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը՝ Գալուստ Սահակյանին. «Ձեզնից պատասխան եմ ակնկալում՝ այդ կոպիտ խախտումը ո՞նց եք շտկելու»

Հունիս 18,2014 16:58

Այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, օգտվելով փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին հարց տալու իր իրավունքից, դիմեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին. «Քանի որ դուք թույլ եք տվել ԱԺ կանոնակարգ օրենքի կոպիտ խախտում, ես ուզում եմ անդրադառնալ հենց դրան: Պարոն Սահակյան, ես, այնուամենայնիվ, ձեզնից պատասխան եմ ակնկալում, որ ի վերջո ասեք՝ այդ կոպիտ խախտումը ո՞նց եք շտկելու»:

Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես դա ընդունում եմ որպես մեղադրանք: Ես գործում եմ իմ լիազորությունների շրջանակում եւ պահպանում եմ ԱԺ-ի բնականոն աշխատանքը, իսկ դուք փորձում եք ձախողել աշխատանքը: Առավել եւս, այն օրենքը, որը հավանության է արժանացել եւ հարցադրումներից, ե՛ւ ելույթներից, որը հարկային բեռի թեթեւացում էր, փաստորեն, գնաց ձախողման: Այնպես որ, խնդրում եմ, յուրաքանչյուրս աշխատենք մեր լիազորությունների շրջանակում»:

Հիշեցնենք, որ այսօր պատգամավորները ընդդիմացան, երբ Գալուստ Սահակյանը ներկայացրեց կառավարության առաջարկը՝ արտահերթ նիստը հատուկ ընթացակարգով անցկացնելու վերաբերյալ:

ԱԺ-ում այս պահին դեռ շարունակվում է ՃԵԿ խախտումների տուգանքների վերանայման հարցի քննարկումը:

Լեւոն Զուրաբյանը Արթուր Օսիկյանից հետաքրքրվեց՝ «Ես վստահ եմ, որ եթե դուք լավ մենեջմենթ եք կազմակերպել, ուրեմն իրավախախտումների բազա պիտի ունենաք, որ գնահատեք: Վիճակագրությունը շատ կարեւոր է: Օրինակ, 1 տարվա կտրվածքով բոլոր տուգանքները եթե հաշվարկվեին նոր չափանիշներով, ապա կարո՞ղ էիք գնահատել՝ այդ 1 տարվա ընթացքում հավաքական գումարը ի՞նչ տարբերություն կտար ձեր նոր սահմանված պատժաչափերով: Մարդիկ իրենց աշխատածի համեմատ շատ մեծ ծախսեր են ունենում: Անգամ կարգապահ վարորդները բողոքում են, որ 50-60 հազար դրամ ծախսում են՝ տարբեր տեսակի տուգանքների վրա: Այս ձեր միջոցները ինչքանո՞վ կկրճատեն այդ գումարները»:

Արթուր Օսիկյանը պատասխանեց. «Ֆինանսական գնահատական չեմ տա: Ամեն ինչ շատ հարաբերական է: Պրակտիկան ցույց տվեց, որ օրինակ՝ Բագրատունյաց խաչմերուկում արագաչափի միջոցով ֆիքսված 11 հազար խախտում կար առաջին տարում, հաջորդ տարի՝ 3500: Մարդիկ կարգուկանոնի իմաստով, իմանալով, որ նկարում է, ավելի զգուշավոր են լինում: Սա լավ է, որովհետեւ ունենք արդյունք: Կառավարության նպատակը ոչ թե անպայման քաղաքացիներին տուգանելն է, այլ խախտումները կանխարգելելը: Իսկ ծախսերի իմաստով չեմ կարծում, որ սա բեռ է, գոնե այն քաղաքացիների համար, ովքեր նորմալ են վարում: Նվազ վտանգավոր խախտումների համար տուգանքի գումարները իջնում են: Եթե մարդը տրանսպորտային միջոց է վարում, պետք է փորձի իրավախախտում չանել ուղղակի»:

Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ «Դուք չունեք կոմպյուտերային բազա: Եթե ունենայիք, շատ հեշտ էր այդ հաշվարկը անել, որ մենք հասկանանք՝ ի վերջո բեռն իջնո՞ւմ է, թե՞ ավելանում, որ գնահատական տայինք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30