Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ եմ»-ը օրենքի նախագիծը կրկին հակասահմանադրական է համարում

Հունիս 18,2014 16:53

«Հիմա առավել եւս  լռելու եւ պասիվանալու ժամանակը չէ, հիմա պետք է նոր ընթացք ստանա շարժումը»,- այսօր՝ հունիսի 18-ին,«Բլից ինֆո»մամլո ակումբումլրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց «Դեմ եմ»քաղաքացիական նախաձեռնության անդամ Գեւորգ Գեորգիսյանը:

Նրա խոսքերով՝ իրենց պահանջն օբյեկտիվ է, եւ ոչ մի դեպքում անձնավորված չի եղել, նույնիսկ, երբ գնացել են Բաղրամյան 26, իրենք Սերժ Սարգսյանին հարց չեն ուղղել, այլ ուղղել են կոնկրետ այդ կառույցին.

«Ցանկացած անձ, կապ չունի՝ ով է այնտեղ, պարտավոր է լսել ժողովրդի ձայնը եւ ծառայել ժողովրդին, այլապես նա անելիք չունի, եւ մենք, արդեն իսկ տեսնում ենք, որ ապարդյուն է նրանց՝ ինչ-որ բան անելու բոլոր ջանքերը»:

Գեւորգ Գեորգիսյանը չբացառեց, որ նախաձեռնությունը կդիմի միջազգային ատյաններին, քանի որ օրենքը փոխվել է մի պատճառով՝ Սահմանադրական դատարանի վճռի հիման վրա, իսկ օրենքի փոփոխության վրա այդ վճիռը հաշվի առնված չէ: Նա հայտարարեց, որ նախաձեռնությունը օրենքի նոր նախագիծը կրկին հակասահմանադրական է համարում.

«Շատ հնարավոր է, որ դիմենք ե՛ւ Սահմանադրական դատարան, ե՛ւ այս հարցով մինչեւ միջազգային կառույցներ հասնենք»:

Անդրադառնալով միջանկյալ նախագծին՝ նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Սեւակ Ծատուրյանը նշեց, որ այդտեղ եւս կան անընդունելի կետեր: Նա օրինակ բերեց նախագծի այն կետը, ըստ որի՝ մարդիկ հրաժարվելու համար ստիպված են դիմումներ գրել, իր կարծիքով՝ պետք է հակառակը լիներ՝ եթե մարդիկ ուզում են մասնակցել, այդ ժամանակ նոր թո՛ղ դիմում գրեն եւ մասնակցեն.

«Իրենք այդ կետը շատ լավ օգտագործեցին պետական աշխատողների վրա՝ ճնշեցին եւ հիմնական մասին չթողեցին, որ դիմումներ գրեն»:

Նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանը նկատեց, որ ոչ մեկը չի հարցրել քաղաքացիներին, թե ի՞նչ պայմաններով կցանկանան մասնակցել Պարտադիր կուտակային կենսաթոշակային ծրագրին: Նա նշեց, որ  «Դեմ եմ»-ը հարցում է անցկացրել, թե ի՞նչ պայմաններով նրանք կամավոր կմիանան ծրագրին.

«Մարդիկ այնպիսի պատասխաններ են տվել, որ դրանք ներառելը, իսկապես, կխթանի: Հիմնականում խնդիրն այն է, որ միանան, կարողանան դուրս գալ, վճարեն 10 տարի, վճարեն այնքան ժամանակ, ինչքան իրենք են ցանկանում: Այս ամեն ինչի մասով շատ հետաքրքիր մոտեցումներ կան»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30