Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբուխանյանն առաջարկում է «Ժիգուլիի» վարորդին քիչ տուգանել, թանկարժեք մեքենա վարողին՝ շատ

Հունիս 18,2014 16:49

ԱԺ-ում շարունակվում է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար նախատեսվող տուգանքների փոփոխության քննարկումը:

Քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հիմնական զեկուցող, փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին հարց ուղղեց. «Մի շարք երկրներում արագության գերազանցման տուգանքները սահմանելիս հաշվի են առնում, թե մեքենայի արժեքը ինչ է: 25 տարվա «ժիգուլիով» այդ խախտումն անելու դեպքում տուգանքը՝ այդ 25 հազարը, ցավոտ է, 100 հազար դոլարանոց մեքենայի դեպքում այդ տուգանքը ոչինչ է: Հեշտությամբ այդ տուգանքը կհաղթահարի, միայն թե՝ արագ ընթանա: Դուք պիտի կանխարգելեք դա»:

Արթուր Օսիկյանը չհամաձայնեց. «Եթե խախտում է անում, անկախ նրանից, թե ինչ արժեք ունի մեքենան, այն վտանգ ներկայացնող առարկա է: Դժվար է դա կիրառել Հայաստանում, որովհետեւ հայտարարագիր ոչ բոլորն են ներկայացնում»:

ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն էլ դժգոհեց մեքենաների վրա փակցվող կտրոնների պարտադրանքից. «Մեր ավտոմեքենաները դարձնում են տոնածառի պես մի բան՝ տեխզննման, ապահովագրության կտրոններ, վրան ինչ ասես՝ փակցնում ենք, մի քիչ այս հարցն էլ է պետք վերանայել»: Նա նաեւ այսպիսի բողոք ներկայացրեց. «Սեւանի մայրուղիով գալիս ես, մեկ էլ տեսնում ես՝ ինչ-որ տեղ անկապ իջեցված է արագությունը եւ հենց այդ իջեցված տեղում արագաչափ է դրված: Ինչո՞վ է պայմանավորված դա»:

Արթուր Օսիկյանը պատասխանեց, որ դա ինքնանպատակ չէ:

Ըստ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի, շատ մեծ արագություն ունեցող մեքենաներին 500 հազար դրամ տուգանելը անհարմար իրավիճակի մեջ է գցում ժամանակակից մեքենաներ ունեցողներին: Ինչ վերաբերում է վարորդական իրավունք չունեցողների համար տուգանքի փոփոխությանը, նրա խոսքերով՝ «Եթե տաքսի սերվիսն ունի վարորդ, որը մեքենա է վարում առանց վարորդական իրավունքի, այդ տաքսի ծառայությանը պետք չի տուգանք, պետք է զրկել լիցենզիայից, որովհետեւ գործ ունենք մարդու կյանքի անվտանգության հետ»: Ըստ նրա, տաքսիստների նկատմամբ պետք է շատ խիստ լինել, որովհետեւ այսօր ամենաանկարգապահ վարորդները տաքսիստներն են:
Արթուր Օսիկյանն ասաց, որ այս առաջարկը կարող են քննարկել:

Ռուբեն Հակոբյանի խոսքերով էլ՝ չպատճառաբանված շատ են տեսախցիկները. «Անհասկանալի վայրերում կան, որ բացարձակապես դրանց անհրաժեշտությունը չկա: Չի՞ նշանակում սա, որ մասնավորի շահերից դրդված է դա արվում»:

Արթուր Օսիկյանը պատասխանեց. «Մի մասը գտնում է, որ քիչ է, մի մասը գտնում է, որ շատ է: Երեւանում արագաչափերը 80 խաչմերուկում է տեղադրված»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30