«Խմբակցություններն իրենցով չեն ծածկում ամբողջ քաղաքական կուսակցություններին: Այլապես կստացվի, թե ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» այդ 12 կետերից դուրս խնդիր չեն տեսնում»,-«Ժառանգություն» կուսակցության գլխավոչ քարտուղար Ստեփան Սաֆարյանն այսպիսի կարծիք հայտնեց խորհրդարանական ոչ իշխանական քառյակի գործունեության, մասնավորապես՝ ներկայացրած 12 կետերի մասին:
Այնուհետև վստահեցրեց, թե «Ժառանգության» բոլոր անդամներն էլ կհավաստեն, որ այդ 12 կետերը վարչության նիստով չեն անցել:
Պարոն Սաֆարյանը նաև հավելեց. «Ես երբեք չեմ քննադատելու, որ խորհրդարանական քաղաքական ուժերը համատեղ ինչ-որ օրակարգեր ձևակերպեն: Բայց, երբ նայում եմ պրոցեսին, ուզում եմ հասկանալ` ուզում են իշխանափոխությո՞ւն անել, թե՞ խնդիրները լուծել: Եթե ուզում են իշխանափոխություն անել, այդ դեպքում գյուղմթերքների խնդիրն ինչո՞ւ են մտցրել:
Մենք դեմ չենք, որ խմբակցությունն ինքը կարողանա այս կամ այն խնդիրներով մյուսների հետ ինչ-որ բան ձևակերպել, բայց դա բերեք չտարածենք, որ քառյակը, խորհրդարանում չորս մարդ թելադրում են բոլոր չորս քաղաքական ուժերին»:
Կարդացեք նաև
Aravot.am-ը հետաքրքրվեց` փաստորեն իրենք համամիտ չե՞ն քառյակի ներկայացրած 12 կետերի հետ: Պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Օրինակ` 12-րդ կետը հակասության մեջ է մեր վերջին հայտարարության հետ` Եվրասիական տնտեսական միության անդամակցության վերաբերյալ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ