Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՀԿ պատգամավորը բողոքում է պետավտոտեսուչների ձայնային սարսափեցնող ազդանշանից. «Վարորդները շփոթվում են»

Հունիս 18,2014 16:20

ԱԺ-ում քննարկվում է Վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը: Նախատեսվում է փոփոխել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար նախատեսված տուգանքները:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը օրենքի փոփոխությունները ներկայացնող փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանից հետաքրքրվեց՝ կարդինալ փոփոխություններ եք մտցնում, ե՞րբ հասկացաք, որ նման արմատական փոփոխություններ պետք է անեք, ինչո՞վ է պայմանավորված այս արմատական փոփոխությունները: Նա ասաց, որ տուգանքները պետք է համահունչ լինեն մարդկանց սոցիալական վիճակին: Արթուր Օսիկյանը պատասխանեց, որ արագության չափերի գերազանցման համար տուգանքների համակարգը գործում է շուրջ 2 տարի. «Գտանք, որ որոշ դեպքերում տուգանքները համաչափ չեն: Կառավարությունը ներկայացրեց օրենքի նախագիծ: Ինչ վերաբերում է սոցիալ-տնտեսական վիճակին, եթե կապենք սոցիալական վիճակի հետ, պիտի անտեսենք ճանապարհային երթեւեկության անվտանգությունը»:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանի (լուսանկարում) դիտարկմամբ՝ 80-90 արագությունը նորմալ է, նույնիսկ «ժիգուլիներն» են իրենց այդ արագության տակ նորմալ պահում, գուցե գործակիցը պահենք 1000 դրամ, մինչեւ 100 արագություն: Արթուր Օսիկյանը չհամաձայնեց՝ նշելով, որ ինչքան բարձր է արագությունը, այնքան արգելակելն ավելի դժվար է, հետեւաբար, այնքան մեքենան ավելի մեծ վտանգ է ներկայացնում իրենից. «Մենք այստեղ անհատական մեղմ մոտեցում ենք ցույց տվել, երբ նվազ վտանգավորության աստիճանի խախտումներ են լինում:

Ներկայացված տարբերակը տրամաբանության մեջ տեղավորվում է՝ նաեւ Ճանապարհային երթեւեկության անվտանգության տեսանկյունից»:
Ստեփան Մարգարյանը նաեւ առաջարկեց նշանների հարցը լուծել, նոր տուգանք կիրառել. «Որովհետեւ եթե մարդուն տուգանեն նրա համար, որ նշանը լավ չի երեւում, անուշադիր եղավ, չնկատեց՝ լավ չի: Մի քանի տեղ դրեք, կարող է մի տեղ չնկատեն»:
Պարոն Մարգարյանը բողոքեց նաեւ ձայնային ազդանշանների խնդրից. «Նույնիսկ պետավտոտեսչության մեքենաները անհասկանալի ձայն են հանում, վարորդները դրանից շփոթվում են եւ կարող է վթարի բուն դառնան: Եթե սիրենա ունեն, ինչի՞ համար է պետք այդ ազդանշանները»:

Արթուր Օսիկյանն ասաց, որ կապված ստանդարտներին չհամապատասխանող ձայնային ազդանշանների համար ավելի խիստ պատիժ են նախատեսում. «Ինչ վերաբերում է սարսափեցնող ձայներին, ավտոտեսչության մեքենաների ձայները պետք է սթափեցնող լինեն: Եթե այդպես չլինեն, դժվար կլինի կարգուկանոն սահմանելը»: Ստեփան Մարգարյանը հակադարձեց. «Խոսքը արտակարգ իրավիճակների մասին չէ: Մենք տեսնում ենք կենցաղային մակարդակում, որ ինքը կամ ուշանում է կամ հավես չունի խցանման մեջ լինելու, անում է դա, խոսքը դրա մասին է: Ինձ դա անհանգստացնում է: Ինձ կարող է մի բան լինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30