«Չեմ կարծում, որ Հայաստանը տեղյակ էր, որ նամակ ընթերցվելու է: Եթե մի պահ անգամ հավատամ, որ նամակի գոյության մասին մենք տեղյակ էինք, այնուամենայնիվ Սերժ Սարգսյանի անակնկալի եկած տեսքը և մայիսի 31-ի իր գնահատականը, թե Նազարբաևի հայտարարությունը տհաճ էր, լավագույնս վկայում է այն մասին, որ ՀՀ-ն չէր սպասում նման քայլի»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը:
Նա կարծում է, որ այն պնդումները, թե Աստանայի դեպքերին մենք սպասում էինք, ավելի շատ ներքին լսարանին են ուղղված: Այնուհետև պարոն Սաֆարյանը կանգ առավ Սերժ Սարգսյանի պատասխանում հնչեցված ուղերձների վրա. «Մեսիջներից մեկն այն է, որ ԼՂՀ-ն անկախ պետություն է, մյուսը, որ ԼՂ հակամարտության կարգավորումը Մաքսային միություն չի տեղափոխվելու: Սա Ռուսաստանին ուղղված մեսիջ էր»:
Ըստ Ստեփան Սաֆարյանի` ՌԴ-ին պետք է «մահանա փնտրել, թե ՀՀ-ն ինքն է իր անդամակցության համար խոչընդոտներ ի հայտ բերել. «ՀՀ անդամակցությունը կասեցվել է Ռուսաստանի կողմից, և փորձ է արվում ձեռքի հետ ՀՀ-ին մեղադրել, թե ինքն է մեղավոր այդ հարցերը առաջ քաշելու մեջ: Իրականում Ռուսաստանի համար կարևոր է Կովկասի խնդիրը, այժմ ՌԴ-ն առաջին հերթին էներգետիկ խնդիրներ է լուծում: Հայաստանը հիմա դռան մոտ հերթ կանգնած է, նրան չեն ընդունում Մաքսային միություն, քանի որ Ադրբեջանին կանչելու խնդիր կա»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը հակադարձեց. «Ես ՀՀ նախագահին չվստահելու որևէ բան չունեմ. եթե ասում է, որ տեղյակ է եղել, ուրեմն տեղյակ է եղել: Եթե ասում է, որ տհաճ է եղել, ուրեմն տհաճ է եղել: ՌԴ-ն շահագրգռված է մեր անդամակցությամբ: Պաշտոնապես հնչեցվեց, որ ընդամենը երեք-չորս տեխնիկական հարց է մնում, դրանից հետո կանդամակցենք: Եվրասիական տնտեսական միությանը Ադրբեջանի անդամակցությունը ի՞նչ կապ ունի այստեղ»:
Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ Ադրբեջանին թույլ չեն էլ տա մտնել Եվրասիական միություն:
Կարդացեք նաև
Aravot.am-ի hարցին` այնուամենայնիվ ՀՀ-ն մինչև հուլիսի 1-ը կստորագրի՞ Մաքսային միությանը միանալու փաստաթուղթ, Լևոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Մինչև հուլիսի մեկը կամ տասնհինգը մենք ցանկանում ենք ստորագրել պայմանագիրը, որն ուժի մեջ է մտնելու 2015-ի հունվարի մեկից»:
Ստեփան Սաֆարյանը պնդեց. «Մոռացեք հունիսի 15-ի ամսաթիվը: Դա եղել է Հայաստանի առաջարկը, որը մերժվել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի կողմի, որն ընդունել է որոշում մինչև հուլիսի 1-ը պատրաստել Եվրասիական տնտեսական միությանը`ՀՀ-ի միանալու պայմանագրի որոշման նախագիծը: Իսկ Տրոյկայի նիստ տեղի է ունենալու հոկտեմբերին` Մինսկում և դեկտեմբերին` Մոսկվայում: Մեր պայմանագիրը դեռ պիտի վավերացվի երեք պառլամենտներում, ուստի Հայաստանը ո՞նց կհասցնի, դեռ պարզ չէ առևտրային բլոկի հարցերի ճակատագիրը»:
Լևոն Մարտիրոսյանն ի պատասխան նշեց, թե, միևնույն է, պայմանագիրը պիտի ուժի մեջ մտնի հունվարի 1-ից. «Մի քանի տեխնիկական խնդիրներ կան. շուտով ՀՀ-ի կողմից կստորագրվի այդ պայմանագիրը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Բա~ ~…