Լրահոս
Օրվա լրահոսը

Մի՞թե «Լեզվի մասին» օրենքը պահանջում է, որ ուղղակի ներկա լինի թարգմանիչը

Հունիս 18,2014 17:59

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պատասխանելով հարցին, թե ինչու ԱԺ հայ-ռուսական խորհրդարանական բարեկամության ակումբում, երբ հյուրընկալվել էր «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովը՝ քննարկման ժամանակ չապահովվեց հայերեն թարգմանություն, ասել է. «Բոլոր նրանց համար, ովքեր իրենց համարում են հայոց լեզվի «ամենա-ամենա-ամենա» պաշտպաններ, ասեմ, որ խորհրդարանում «Լեզվի մասին» օրենքի պահանջները մշտապես կատարվում են, թարգմանչի ներկայությունը հանդիպումներին պարտադիր է թե՛ հայ-ռուսական միջխորհրդարանական նիստերի, թե՛ այլ հանդիպումների ժամանակ, եւ այդ հանդիպման սկզբում եւս այդ մասին հայտարարել եմ: Իսկ եթե ինչ-որ մեկը ցանկանում է իրեն ազգային արժեքների ջատագով հորջորջել՝ ընդամենը թարգմանչի ներկայությունն ապահովելու մակարդակում, ասեմ՝ ե՛ւ նախորդ, ե՛ւ այս, ե՛ւ հաջորդ նիստերին եղել ու լինելու է, որովհետեւ օրենքն է պահանջում: Ճշտեմ, որ ո՛չ այս հանդիպմանը, ո՛չ էլ նախորդներին թարգմանչի ծառայություններին չեն դիմել, արտահայտվել են՝ ինչպես իրենց հարմար է եղել: Այդ հարթակում շահագրգիռ ու դինամիկ բանավեճեր են ծավալվում, եւ երբ բոլորը միմյանց հասկանում են, թարգմանչին դիմելը դառնում է ժամանակի կորուստ, ուստի ոչ թե լեզվի մասին օրենքն է «չարանենգորեն» խախտվում, այլ ընդամենը մարդիկ հաղորդակցվում են ազատ ու անկաշկանդ: Հայոց լեզուն պետք է պահպանել ոչ թե օրենքի պահանջից ելնելով, այլ սիրելով ու չաղավաղելով»:

Սա օրենքի ինչ որ նոր մեկնաբանություն է: «Լեզվի մասին» օրենքի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները» (հոդված 1) եւ «Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն հայերենն է, եթե դա չի հակասում տվյալ միջազգային ատյանում ընդունված կարգին» (հոդված 3):

Հիմա՝ կամ Հայաստանի Ազգային ժողովն արդեն միջազգային ատյան է, կամ էլ Ազգային ժողովի փոխնախագահը եւ այլ պատգամավորները բնավ մեր երկիրը չէ, որ ներկայացնում են: Իսկ միգուցե օրենքում թաքուն ներմուծվել ու մինչ այսօր չի հրապարակվել ինչ որ ա՞յլ պահանջ, թե բավական է, որ միայն թարգմանիչը ներկա լինի տվյալ քննարկմանը՝ դե հետո կամ կդիմեն իր ծառայությանը կամ չեն դիմի՝ սա այլ հարց է: Օրենքի նման աղավաղո՞ւմ՝ այն էլ հենց օրենսդիրի՞ կողմից:

… 1988-ին, երբ Հայաստանը փորձում էր պոկվել Խորհրդային միությունից՝ մենք, որ ուսանող էինք, ռոմանտիկ ու հեղափոխական, հուսով էինք, թե անկախ պետության պայմաններում կխոչընդոտվի ռուսաֆիկացման անշեղ ընթացքը: Հայաստանի Հանրապետության հռչակումից անցել է 20 տարուց ավելի, իսկ մենք շարունակում ենք պայքարել, որ հայ պաշտոնյաները հրապարակային ելույթներ ունենան հայերեն, որ հայ մանուկները իրենց կրթությունը նախ հայերեն ստանան՝ հետո զարգացնեն օտար լեզուների իմացությունը, որ ռուսերենը չդառնա երկրորդ պետական լեզու…

Ու մարդիկ, որոնք պնդում են, թե երբ իրենք մասնակցել են «Լեզվի մասին» օրենքի մշակմանը՝ լրագրողները չգիտես որտեղ էին՝ պետական լեզուն հարգելու կոչերին ի պատասխան ՝ նետում են. «Գնացեք լեզվի մասին օրենքն ուրիշ տեղ պաշտպանեք»:

Կամ էլ՝ ինչպես վերոնշյալ օրինակում է, հակադարձում են, թե «Հայոց լեզուն պետք է պահպանել ոչ թե օրենքի պահանջից ելնելով, այլ սիրելով ու չաղավաղելով»: Սա այն դեպքն է, երբ ուզում ես ասել՝ կարող եք եւ չսիրել, կամ նույնիսկ կարող եք աղավաղել, բայց գոնե կատարեք օրենքի պահանջները պետական լեզվի մասին:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30