ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում ադրբեջանական պատվիրակության ղեկավարի կազմակերպած ընդունելությանը հայկական պատվիրակության բոյկոտը մնացել է աննկատ:
Բաքվում գտնվող հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը Aravot.am-ին պատմեց, որ ոչ ադրբեջանցիների, ոչ էլ վեհաժողովի մասնակից այլ պետությունների ներկայացուցիչների կողմից արձագանք չի եղել. «Մնացել է աննկատ: Որեւէ հարցադրում չի եղել նրանց պատվիրակության անդամների կամ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի մյուս պետությունների մասնակիցների կողմից»:
Հիշեցնենք, որ հայկական պատվիրակության անդամները բոյկոտել էին ադրբեջանական պատվիրակության ղեկավարի կազմակերպած ընդունելությունը՝ հաշվի առնելով պատվիրակության ղեկավարի անպատշաճ պահվածքը եւ ադրբեջանական լրատվամիջոցների սուտ լուրերի տարածումը, իբրեւ թե նախորդ օրը Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի հրավիրած ընդունելությանը Ղարաբաղի կենացի ժամանակ հայկական պատվիրակության անդամները բաժակ են բարձրացրել` համաձայնելով, թե Ղարաբաղը Ադրբեջանինն է:
Պարոն Նահապետյանի խոսքով, այսօր սեմինարի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության, Աֆղանստանը 2014 թվականից հետո եւ նմանատիպ թեմաներ, ադրբեջանական պատվիրակները շարունակել են ագրեսիվ պահվածք ցուցաբերել, վիրավորական արտահայտություններ հնչեցնելով հայ մասնակիցների հասցեին, խեղաթյուրել են պատմական փաստերը.
Կարդացեք նաև
«Իրանի թեմայի շուրջ նրանք շեշտադրում էին, որ Հայաստանը Իրանի հետ ունի լավ հարաբերություններ եւ փորձում էին սեպ խրել, բայց հարցը մենակ Իրանի թեմայի շուրջ չէր: Վրաստանի թեմայի շուրջ քննարկման ժամանակ ադրբեջանական պատվիրակը փորձեց Ջավախքի խնդիրը վկայակոչել, ցույց տալ, թե հայ-վրացական հարաբերություններում դա կարող է խնդիր լինել: Նախիջեւանի հետ կապված ներկայացնում էին, որ Հայաստանը տնտեսական շրջափակում է իրականացնում, այսօր հերքվեց դա եւ ներկայացվեց, որ Նախիջեւանը սահմաններ ունի ե’ւ Իրանի, ե’ւ Թուրքիայի հետ: Բազմաթիվ օրինակներ կան, թե ինչպես էին ադրբեջանական պատվիրակները փորձում խեղաթյուրել պատմական հարցերը»:
Պարոն Նահապետյանի խոսքով, կառուցողական երկխոսության մթնոլորտը սեմինարի ընթացքում բացակայում էր. «Ադրբեջանական պատվիրակները իրենց գործողություններով, պրովոկացիոն հարցադրումներով շեղում էին մասնակիցների ուշադրությունը: Ես նկատեցի, որ վեհաժողովի` այլ պետությունների մասնակիցները դժգոհություն էին հայտնում նաեւ մասնավոր զրույցներում, որ ադրբեջանական պատվիրակության մոտեցումը վայել չէ նման ձեւաչափով քննարկումներին: Առանձնազրույցների ժամանակ նույնիսկ հայացքով հասկացնում էին, որ մենք ավելի կառուցողական եւ ճիշտ մոտեցում ենք ցուցաբերում: Ինչքան էլ փորձում էինք ադրբեջանցիներին բերել երկխոսության կառուցողական դաշտ, պարզ է, որ նրանք չէին կարող նման երկխոսության մեջ մտնել, որովհետեւ պարզ երեւում էր, որ Ադրբեջանի պառլամենտականներն ազատ խոսելու հնարավորությունների առումով խիստ սահմանափակված են»: