Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավախախտ վարորդների տուգանքները վերանայվում են. ղեկին հեռախոսով խոսելու համար ավելի շատ են տուգանվելու (Տեսանյութ)

Հունիս 18,2014 15:10

ԱԺ-ում այսօր քննարկվում է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար տուգանքների վերանայման հարցը: Այդ առնչությամբ կառավարությունն առաջարկում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարել:

Հիշեցենք, որ օրերս վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ խորհրդակցություն էր եղել եւ քննարկվել այդ հարցը , ստեղծվել էր աշխատանքային խումբ:

ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը ներկայացրեց, թե ինչ է առաջարկվում այդ փոփոխությամբ:

Ներկայումս, եթե վարորդը խախտում է կանգառի կամ կայանման կանոնները, մեքենան տեղափոխվում է տուգանային հրապարակ, նախատեսվում է 40 հազար դրամ տուգանք: Հիմա առաջարկվում է տուգանքն իջեցնել, դարձնել 20 հազար դրամ՝ հաշվի առնելով միջազգային պրակտիկան:

Առաջարկվում է նաեւ, որ եթե մեքենան կայանում է կանգառ կատարելու համար երթեւեկելի մասի կետին ոչ զուգահեռ, այսինքն՝ թարս, տուգանքը 10 հազար դրամի փոխարեն կիրառել 5000 դրամ: Մեքենան հետիոտնային անցման վրա կանգնեցնելու համար նախատեսվող 20 հազար դրամ տուգանքն առաջարկվում է դարձնել 15 հազար դրամ, եթե դա կապված չէ մեքենայի տեխնիկական վիճակի կամ վարորդի առողջական վիճակի հետ:

Ինչ վերաբերում է արագությունը գերազանցելու հետ կապված տուգանքներին, առաջարկվում է, որպեսզի այսուհետեւ վարորդները 1-10 կմ/ժ արագությամբ գերազանցելու դեպքում յուրաքանչյուր 1 կմ/ժ-ի համար 1000 դրամ տուգանք վճարեն: Օրինակ, եթե տվյալ մայրուղիում առավելագույն արագությունը 60 կմ/ժ է, բայց վարորդը 70 կմ/ժ արագությամբ է երթեւեկում, առաջ 10 հազար դրամ տուգանք էր վճարում, այսօր առաջարկվում է վճարել 1000 դրամ:

11-20 կմ/ժ արագությամբ գերազանցելու դեպքում նախատեսվում է յուրաքանչյուր կմ/ժ- համար գերազանցող թիվը բազմապատկել 1500 դրամի չափով: Ասենք, եթե այսօր վարորդը 81 կմ/ժ արագությամբ երթեւեկելու դեպքում պատժվում էր 30 հազար դրամ, ապա նախագծով՝ 16.500 դրամ է տուգանվելու: Այն բոլոր խախտումները, որոնք էապես վտանգ են ներկայացնում, էական են գերազանցում նախատեսված արագությունները, նախատեսվում է անհամաչափ բարձր տուգանքներ: Օրինակ՝ եթե մայրուղու վրա նախատեսվում է 80 կմ/ժ արագություն, մեքենան գերազանցում է 170-180 կմ/ժ եւ դրանից ավելի արագություն են ցույց տալիս, նախատեսվում է ամենաբարձրը 500 հազար դրամ, եւ ամենաքիչը 100 հազար դրամ:

Պարոն Օսիկյանը նշեց, որ մարզերի կտրվածքով արագաչափերի ներդրումը ավտոպատահարներից մահերի թիվը նվազեցրել է. «20 մահվան դեպք է պակասել: Դա ձեռքբերում է: Անգամ մեկ մարդու կյանքը պետք է բոլորիս համար գնահատելի լինի: Կառավարության մոտեցումն այն է, որ այն բոլոր իրավախախտ վարորդները, որոնք էապես գերազանցում են նախատեսված արագության չափերը, վտանգ են հանդիսանում ոչ միայն իր, ուղեւորների, այլեւ այլոց կյանքի համար, ավելի խիստ պատժվեն»:

Առանց վարորդական վկայականի երթեւեկելու համար 5000 դրամի փոխարեն տուգանքը լինելու է 3000 դրամ, բայց դա այն դեպքում, երբ վարորդն ունի վկայական, բայց ինչ-ինչ պատճառներով իր մոտ չէ: Իսկ երբ մեքենան վարողը չունի վկայական, տուգանքը առաջարկվում է բարձրացնել եւ 5000-ից 10 հազար դրամ դարձնել: Իսկ եթե տաքսի ծառայությունների ղեկավարներն են վարորդների ընդունել աշխատանքի, որոնք չունեն վարորդական իրավունքի վկայական, պետք է խոշոր տուգանքի ենթարկվեն՝ 50-75 հազար դրամ:

Մեքենան վարելիս հեռախոսով խոսող վարորդներին 3000 դրամի փոխարեն առաջարկվում է տուգանել 5000 դրամ: «Մենք գտնում ենք, որ նմանատիպ խախտումները շատ մեծ վտանգ են ներկայացնում ոչ միայն իրենց, իրենց հետ եղած ուղեւորների, այլ նաեւ մյուս վարորդների եւ հետիոտների համար»,- ասաց պարոն Օսիկյանը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հորդորեց, որ խստացում լինի, երբ վայ-վարորդները մեքենաներից իրեր են դուրս նետում, մայրուղին վերածում աղբանոցի: Նա նաեւ դժգոհեց, որ երբ արագությունը սահմանափակող նշաններ են լինում, հետո չի նշվում, թե քանի՞ կմ-ից է այդ սահմանափակումը վերանում. «Այսօր Թալին-Երեւան ամբողջ հատվածում անընդհատ 30-50 սահմանափակում է դրված եւ չի երեւում, թե երբ է դուրս գալիս սահմանափակումից: Երեւանում հատկապես դպրոցների մոտ սահմանափակումներ կան: Այդ դեպքում էլ գրված է 40 ու չի նշված՝ մինչեւ որտե՞ղ է ավարտվում այդ սահմանափակումը: Տպավորություն է, որ ամբողջ քաղաքում պետք է 40 արագությամբ երթեւեկեն»:

Պարոն Օսիկյանը խոստացավ այդ առանձին դեպքերը քննարկել:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30