Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու հարցը պետք չէ կապել Ղարաբաղի հետ, հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հունիսի 18-ին Ադրբեջանում իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «Հաքքին.ազ»-ը:
«Այս ամսվա վերջում Հայաստանը կմիանա միությանը: Ղարաբաղի հարցը միջազգային իրավունքի այլ սուբյեկտ է, – ասել է Լավրովը, – ինչպես գիտեք, հայկական կողմը հայտնել է, որ Հայաստանը ԵվրԱզԷս-ին կմիանա այն տարածքով, որով միացել է այլ կազմակերպությունների, այդ թվում՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը: ԵվրԱզԷս-ի անդամակցությունը և Ղարաբաղի խնդիրը բոլորովին տարբեր հարցեր են: Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կշարունակի աջակցել այդ հակամարտության կարգավորման խաղաղ լուծման բանալին գտնելուն»:
Լավրովը նշել է, որ Ռուսաստանը Ադրբեջանին միությանը միանալու հատուկ հրավեր չի ուղարկել, բայց ավելացրել է, որ ուրախ կլինեին, եթե իրենց «համագործակցությունը բազմազան ուղղություններով զարգանար, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում»:
Գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև Իրաքի, Սիրիայի, Աֆղանստանի և Ուկրաինայի խնդիրները.
Կարդացեք նաև
«Այսօր Իրաքում գլուխ է բարձրացնում ահաբեկչությունը, որը սպառնալիք է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Ռուսաստանի համար: Մենք համաձայնության ենք եկել միասին պայքարել այդ խնդրի դեմ», – հայտնել է Լավրովը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ