Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Սա այլ բան չէ, քան ոտնձգություն՝ ԱԺ-ի նկատմամբ»

Հունիս 18,2014 12:56

«Մենք նստաշրջանը նոր ենք ավարտել, լարված ռեժիմով աշխատել ենք: Հիմա կառավարությունը ոչ միայն արտահերթ նստաշրջան է հրավիրում, այլ քննարկման է ներկայացնում բազմաթիվ հարցեր, կոնցեպտուալ օրենքներ, որոնք շրջանառության մեջ չեն եղել մինչեւ հիմա: Եվ սա արվում է մի կառավարության կողմից, որի ղեկավարը այն մարդն էր, որ մշտապես խոսում էր ԱԺ-ի դերի բարձրացման մասին: Այս նստաշրջանի հագեցումը շրջանառության մեջ չեղած օրենքներով՝ այլ բան չէ, քան ոտնձգություն ԱԺ-ի նկատմամբ եւ փորձ՝ վերածել ԱԺ-ն օրենքների շտամպովկայի մի մարմնի: Կոչ եմ անում միջոցներ ձեռնարկեք»,- այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսպես ընդդիմացավ, երբ Գալուստ Սահակյանը ներկայացրեց կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանի հագեցած օրակարգը:
Կառավարությունն առաջարկում է արտահերթ նստաշրջանն անցկացնել հատուկ ընթացակարգով:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքերով՝ «Իրավական ակտերի» մասին օրենքի համաձայն, պետք է նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ կազմակերպվեր, եւ քննարկումների ժամկետը չի կարող 15 օրից պակաս լինել: Մինչդեռ կառավարությունն առաջարկում է բազմաթիվ նախագծեր, որոնց վերաբերյալ ոչ միայն 15 օրվա ռեժիմը չի պահպանվել, այլեւ ընդհանրապես հրապարակված չեն: Արծվիկ Մինասյանը նույնպես առաջարկեց Գալուստ Սահակյանին դիմել կառավարությանը եւ փոփոխության ենթարկել օրակարգը:

Գալուստ Սահակյանն ի պատասխան հորդորեց հիշել, որ սա արտահերթ նիստ է. «ԱԺ Կանոնակարգ օրենքն ունի համապատասխան մեկնություններ՝ արտահերթի վերաբերյալ: Մենք գարնանային նստաշրջանը ավելի շատ քաղաքականացված անցկացրեցինք, օրենսդրական բարեփոխումները հետ են մնացել: Մենք չենք կարող 15 օր քննարկում անել, նոր մտցնել օրակարգ»:

ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանի դիտարկմամբ՝ «Անկախ նրանից՝ արտահերթ է նիստը, թե ինչ է , ունենք օրենքներ: Օրենքի առաջին կատարողը պիտի լինի օրենսդիր մարմինը: Օրակարգում հարցեր ունենք, որոնք ունեն հանրային մեծ հնչեղություն: Սա խախտում է օրենքի եւ ընդհանրապես անթույլատրելի է: Մենք տարիներ շարունակ դժգոհել ենք այս աշխատաոճի դեմ»:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ դժգոհեց, որ կառավարության ներկայացրած նախագծերը հանձնաժողովներում քննարկումներ չեն անցել. «Մենք ծանոթանայինք հանձնաժողովներում, այստեղ էլ դեմ չէինք լինի արտահերթ քննարկել: Մասնագիտական քննարկում չի եղել: Կամա-ակամա ԱԺ-ին դարձնում են դակող մարմին»:

Դժգոհողներին միացան նաեւ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ու ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Արամ Մանուկյանի խոսքերով «Մեզնից ոչ մեկը չի կարդացել այդ օրենքները, նաեւ դուք, որովհետեւ ֆիզիկապես չէինք կարող կարդալ: Կարող էիք ուղարկել մեր մասնագետներին, նայեինք: Մենք բացարձակ ծանոթ չենք, կարող ենք անորակ, բռակ օրենք սեղմել: Լավ օրենքը պետք է գոնե տայինք էքսպերտիզայի: Դիմեք կառավարությանը, որ այս օրենքների մի մասը հետ տանի»:
Տիկին Բիշարյանը համաձայնեց. «Խնդիրը առկախված մնում է տարիներ շարունակ, երբ կառավարությունը հրավիրում է արտահերթ նիստեր եւ բերում նախագծեր, որոնցից մենք տեղյակ չենք եւ լուրջ քննարկման կարիք ունեն դրանք: Հերթականությունը նույնիսկ սահմանելիս հաշվի չեն առել, որ գոնե թեթեւ նախագծերից սկսեինք»:

Արտահերթ նիստը հատուկ ընթացակարգով անցկացման հարցը դրվեց քվեարկության եւ ընդունվեց՝ 67 կողմ, 26 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30