Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը «Ուրբաթ» մամուլի ակումբում այսօր հայտարարեց, որ քննարկել ու որոշում են ընդունել, որ, այնուամենայնիվ, Հայաստանի նոր վարչապետի ու կառավարության հետ պիտի աշխատեն: Այնուհետև հավելեց. «Հաշվի առնելով լարված, կաթվածահար վիճակը՝ մենք հասկացանք, որ եթե սփյուռքահայությունը պասիվ մնա, շատ բաներ կկորցնենք, արդյունաբերությունից շատ բան հնարավորր չի լինի փրկել»:
Այս շարքում պարոն Գրիգորյանը շեշտեց «Նաիրիտի» հարցը ու մանրամասնեց. «Առաջին հերթին խոսքը «Նաիրիտի» մասին է, որն աշխարհում հինգ կաուչուկ արտադրող ընկերություններից մեկն է: Այսօր «Նաիրիտը» մի վիճակում է, որ մաքսիմում մեկ տարվա ընթացքում, եթե չվերանորոգվի, անդառնալի կլինի կորուստը` առաջին հերթին մարդկային ռեսուրսների ծերացման առումով: Բայց «Նաիրիտը» կուտակել է պարտքեր, որ անհնար է մարել: Այդ պարտքերը կուտակվել են Տիգրան Սարգսյանի գործունեության օրոք: Ավելի քան երեք հարյուր միլիոն դոլարի պարտքն ո՞վ է փակելու և ո՞վ կարող է մտնել այս ռիսկի տակ ու գործարկել: Մեզ հաջողվել է Երևան հրավիրել մի խումբ, ովքեր պատրաստ են այդ ռիսկը վերցնել: Եթե կարողացանք կառավարության հետ լեզու գտնել, ապա մի քանի ամիս անց…մի քանի հազար աշխատատեղեր ստեղծելու հեռանկարով»:
Այս հարցերով ֆորումը նամակ է գրել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին և սպասում է պատասխանի:
Պարոն Գրիգորյանը տեղեկացրեց, որ Սլովակիայի մի քանի ընկերություններ մեկ ամիս առաջ 8-9 հոգանոց պատվիրակությամբ այցելել են Հայաստան, Արցախ: Որոշում է կայացվել, որ Արցախում սկսում են ներդրումային ծրագիր` Արցախի ՀԷԿ-երի հետ կապված: Այդ խմբի անդամներից մի քանիսը ոգևորվել են «Նաիրիտի» ծրագրով: Աշոտ Գրիգորյանի փոխանցմամբ՝ նրանք կսկսեն այդ ծրագիրը, եթե լուծվի պարտքերի հարցը:
Այնուհետև կրկին անդրադառնալով Տիգրան Սարգսյանի օրոք կատարվածին՝ պարոն Գրիգորյանը վրդովվեց. «Այն գումարները, որ «Նաիրիրտը» ստացել է որպես վարկ, դրա մեկ տասներորդով մենք այսօր կվերականգնենք «Նաիրիտը»: Ինչո՞ւ երկրորդ հոսքագիծը շան մսի գնով վաճառվեց Չինաստանին, որտեղ դեսպանը նրա եղբայրն էր: Կողոպուտ ավելի լավ նախկին վարչապետը կաներ, եթե աշխատեցներ «Նաիրիտը», անհասկանալի է մնում, ինչո՞ւ է վաճառվել «Նաիրիտը»: Իշխանությունների համար ամենալավ «Նաիրիտը» մեռած «Նաիրիտն է»:
Խոսելով ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի մասին՝ պարոն Գրիգորյանը նշեց, թե դեմ չէ Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցելուն ու շարունակեց. «Ես դեմ եմ ոչ մեր կամքով, մեզ պարտադրված վիճակում այնտեղ հայտնվելուն, որտեղ մենք չորրորդական, հինգերորդական դիրք ենք գրավելու: Մենք Արցախի իշխանություններին նամակ ենք հղել կոչով, որ Արցախը դառնա Հայաստանի մաս: Մեզ նորից հանրաքվե պետք չէ, մեզ Ղրիմի օրինակ էլ պետք չէ, ուղղակի պետք է դիմել ԱԺ, օրենք ընդունել` Արցախը Հայաստանի մաս դարձնելու համար: Սրանով մի քանի խոշոր հարցեր կլուծվեն: Կարծում եմ՝ մեր արտաքին գերատեսչությունները պարտավոր են այս հարցը քննարկել»:
Հարցին՝ վտանգավոր չէ՞ Արցախը ՀՀ-ին միացնելը, Աշոտ Գրիգորյանն ասաց. «Մենք Արցախը չենք միացնում մեզ, որպեսզի մեզ ագրեսոր չասեն: Իսկ հիմա մեզ ագրեսոր չե՞ն ասում: Բայց այսօր, երբ մենք ամեն ինչ կորցրել ենք, էլ ինչի՞ց ենք վախենում: Ադրբեջանը առավելագույնը տեղական հարձակումներ կարող է կազմակերպել, բայց ոչ լայնամասշտաբ: Նա պատերազմի իմիտացիա կանի, բայց ոչ ոք նրան չի թողնի պատերազմել»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ