Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգո Երիցյանը՝ Կիսելյովի հետ հանդիպման լեզվի մասին. «Այո, օրենքը խախտվել է». «Հայոց աշխարհ»

Հունիս 18,2014 12:12

Վերջին օրերին մեզանում բուռն քննարկումների թեմա է դարձել այն հանգամանքը, որ մի շարք միջոցառումներ պետական հաստատություններում անցկացվում են ռուսերեն։ Արդյոք դա օրենքի խախտում չէ՞։ Այս կապակցությամբ  զրուցեցինք Լեզվի պետական տեսչության պետ ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԻ հետ։

-Ընդհանրապես հրապարակային միջոցառումները ՀՀ-ում, համաձայն մեր օրենսդրության, պետք է ընթանան հայոց լեզվով եւ համաժամանակյա թարգմանությամբ այն լեզուներով, որոնք տվյալ պահին անհրաժեշտ են: Դա արվում է, որպեսզի ելույթների բովանդակությունը հասու լինի բոլոր ներկաներին: Ի դեպ, ոչ միայն Հայաստանի, այլեւ գրեթե բոլոր քաղաքակիրթ երկրների օրենսդրությունը այդպես է սահմանել:

Ես ողջունում եմ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հայտարարությունը, որում ասվում է` խորհրդարանում ցանկացած նման միջոցառման ժամանակ պետք է անպայման լինի հայերեն համաժամանակյա թարգմանություն: Միայն փոքր, ոչ հրապարակային բանակցային քննարկումները կարող են փոխընդունելի լեզվով տեղի ունենալ:

-Այսինքն` օրինակ, Դմիտրի Կիսելյովի մասնակցությամբ միջոցառման դեպքում ե՛ւ խորհրդարանը, ե՛ւ հեռուստաընկերությունը խախտե՞լ են օրենքը:

-Սկզբունքորեն՝ այո, օրենքը խախտվել է: Անկեղծորեն պիտի ասեմ, որ լեզվի տեսչությունն իր պատմության ընթացքում այդպիսի խախտում երբեւէ չէր արձանագրել:
Կարծում եմ, որ ապագայում կազմակերպիչները նման միջազգային ժողովներ, կոնֆերանսներ եւ այլ միջոցառումներ անցկացնելիս պետք է անպայման մտածեն համաժամանակյա թարգմանության մասին: Եթե նույնիսկ մեկ մարդու հասանելի չէ իր ազգային լեզուն, դա արդեն իսկ նրա իրավունքների կոպտագույն խախտում է:

-Նման խախտումների դեպքում ի՞նչ քայլերի եք դիմում:

-Մենք մի քանի անգամ տարբեր միջազգային ֆորումների, կոնֆերանսների ժամանակ նման խախտում ենք նկատել, զգուշացրել, եւ դա, կարելի է ասել, ընդամենը «ի գիտություն է ընդունվել»: Մենք չենք սեւեռել մեր ուշադրությունը այդ հարցին` մտածելով, որ համաժամանակյա թարգմանությունների համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ. պետք համապատասխան տեխնիկա, բարձրակարգ թարգմանիչ ունենան:

Այս նույն միտումը, որն օրենքի խախտում է, առկա է նաեւ եթերում. ե՛ւ վավերագրական, ե՛ւ գեղարվեստական կինոնկարներ, ե՛ւ որոշ հաղորդաշարեր եթեր են տրվում ոչ հայերենով: Հեռուստատեսությանն այս պարագայում փրկում է այն իրողությունը, որ «Վարչական իրավախախտումների մասին» ու «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքներով արձանագրված է, որ այս իրողությունը օրենքի խախտում է, բայց պատժամիջոցներ չեն սահմանել: Ունենք օրենսդրական նախաձեռնությունների առաջարկություններ, որոնք, հուսով եմ, առաջիկայում կընդունվեն եւ կկարողանան այս բացը ծածկել:

Ռուսլան ԹԱԹՈՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30