18 հունիսի 2014, Երևան: Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակն ունի հետևյալ բովանդակությունը. «Դեռևս սույն թվականի մարտի 10-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ պարոն Արեյանը պահանջեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավարից կարգի բերել Օղակաձև զբոսայգին իր ողջ ծավալով և պատասխանատվության ենթարկել բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր վարձակալած տարածքներում չեն կատարում իրենց պարտավորությունները:
Ավելացնեմ, որ այս հարցով մարտի 12-ին դիմել եմ ՁԵզ և մարտի 18-ի Ձեր պատասխանից ուղղակի մեջբերում եմ. «Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին առաջարկվել է, որպեսզի իրականացվեն համապատասխան միջոցառումներ՝ նշված տարածքում վարձակալի կողմից կանաչապատման և բարեկարգման աշխատանքներ իրականացնելու համար կամ լուծելու տարածքի վարձակալության պայմանագիրը»:
Այսօր՝ հունիսի 18-ին, Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում՝ Վարդանանց փողոց հ.15/4 հասցեում գտնվող կիսակառույցի շրջակայում, ոչինչ չի փոխվել, չնայած` կառուցապատող «Մանկական զվարճալիքների կենտրոն» և «Լենա Թովմասյան» ՍՊ ընկերություններին 16.07.2013թ. տրվել է հ.01/18-34029-674 շինարարության նոր թույլտվություն, սակայն շինարարական աշխատանքները կառուցապատողի կողմից դեռևս չեն վերսկսկվել: Եվ չնայած գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ ոռոգման պատասխանատուները զեկուցում են, որ Երևանը 100%-ով ապահովված է ոռոգման ջրով` այդ տարածքը անջուր է, անխնամ և բարդիների պուրակի ծառերը համարյա չորացել են: Ավելացնեմ, որ չորացող բարդիների տակ, նախկին «Նիկ» սրճարանի տարածքում, ինչ-որ ծածկեր են հայտնվել, որտեղ գործում է դեռևս անհայտ սրճարան:
Ի դեպ, նույն վիճակում է Վարդանանց 32 հասցեի կիսակառույցը, որին կից մայթը արդեն փլվել է այդ կիսակառույցի պատճառով, և ոչ մի աշխատանք այնտեղ չի կատարվում, չնայած` տրվել է շինարարության թույլտվություն:
Կարդացեք նաև
Ոչ միայն Օղակաձև այգու, այլև Կենտրոնի մաքրությունը անչափ զիջում է Երևանի մյուս վարչական շրջաններին, նշանակում է` Կենտրոնի վարչական շրջանի ղեկավարն իսկապես իր տեղում չէ ու պատահական չէ, որ գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ ամենից շատ բանավոր նկատողությունների ինքն է արժանանում, սակայն դեռևս իր տեղում է: Հետաքրքիր է, ինչո՞ւ:
Խնդրում եմ ասել, թե ինչ է լինելու Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում՝ Վարդանանց փողոց հ.15/4 հասցեում գտնվող կիսակառույցի ճակատագիրը, եթե 1 տարի առաջ տրված թույլտվության համաձայն շինարարական աշխատանքները կառուցապատողի կողմից դեռևս չեն վերսկսկվել: Ինչո՞ւ չի լուծարվում տարածքի վարձակալության պայմանագիրը, որպեսզի գոնե Երևանի կանաչապատման գրասենյակը տիրություն անի այդ տարածքին:
Կից ներկայացնում եմ 17.06.2014թվականին արված տարածքի լուսանկարները»:
Երեւան քաղաքի ավագանի
«Բարեւ Երեւան» խմբակցություն